Հա

Ազգային

20/04/2017

Ինչու են Ֆրանսիայի նախագահի պաշտօնի թեկնածուները Հայաստանին «վերադարձնում» Արցախը

Բանն այն է, որ թէ՛ Լը Պէնի եւ թէ՛ Ֆիոնի այս յայտարարութիւնների նպատակը բաւականին կազմակերպւած, ազգային ընդգծւած դիմագիծ ունեցող հայկական համայնքի համակրանքը շահելն է: Թեկնածուների միջեւ մրցակցութիւնն այնքան սուր է, իսկ ընտրութիւնների արդիւնքներն` այնքան անկանխատեսելի, որ նրանցից իւրաքանչիւրը կենաց-մահու կռիւ է տալիս իւրաքանչիւր քւէի համար:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

Ֆրանսիայի նախագահի պաշտօնի թեկնածու Մարին Լը Պէնը «Nouvelles d'Armenie»-ին տւած հարցազրոյցում ասել է, թէ Արցախեան հիմնահարցի լաւագոյն լուծումը կը լինէր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այնպիսի համաձայնութեան ձեռքբերումը, որով ԼՂ-ն կը վերամիաւորւէր Հայաստանի հետ: Նա նաեւ յիշեցրել է, որ սխալ էր ԽՍՀՄ փլուզումից յետոյ ներքին վարչական սահմանները մեխանիկօրէն, առանց վերաիմաստաւորման պետական սահմանների վերածելը:

Աւելի վաղ Փարիզում լոյս տեսնող հայկական նոյն` «Nouvelles d’Armenie» ամսագրին տւած հարցազրոյցում նոյնատիպ պնդումներ էր արել Ֆրանսիայի նախագահի մէկ այլ թեկնածու՝ «Հանրապետական» կուսակցութիւնը ներկայացնող, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը: Խօսելով անցած տարւայ ապրիլեան քառօրեայ մարտերից յետոյ ստեղծւած իրավիճակի մասին` նա ասել էր, թէ խնդիրը ստեղծւել է Ստալինի 1921 թ. որոշմամբ, որով Արցախը կամայականօրէն անջատւել է Հայաստանից` յօգուտ Ադրբեջանի: Ակնյայտ է՝ Ֆիոնը եւս ակնարկում է Արցախի հայկականութեան մասին:

Փաստօրէն, Ֆրանսիայի նախագահական ընտրութիւնների 4 առաջատար թեկնածուներից երկուսը ԼՂ հարցում լիակատար միակողմանի, պրոհայկական դիրքորոշումներ են յայտնում: Որքան էլ այս երեւոյթը ոգեւորող է, այնուամենայնիւ, նման յայտարարութււններին որոշակի վերապահումով պէտք է մօտենալ: Երկու թեկնածուներն էլ այս միտքն արտայայտել են հայկական ամսագրին տւած հարցազրոյցում: Այսինքն` դա ոչ թէ ԼՂ հարցը քաղաքական բանավէճի առարկայ դարձնելու` նրանց նախաձեռնութիւնն է, այլ ընդամենը հայկական ամսագրի կողմից ԼՂ հարցում թեկնածուների դիրքորոշումների ճշգրտում: Չի բացառւում, որ եթէ «Nouvelles d’Armenie»-ն առիթ ունենար միւս թեկնածուների հետ եւս հարցազրոյցներ ունենալ, նրանք եւս մեծ հաճոյքով նման յայտարարութիւններ կանէին:

Բանն այն է, որ թէ՛ Լը Պէնի եւ թէ՛ Ֆիոնի այս յայտարարութիւնների նպատակը բաւականին կազմակերպւած, ազգային ընդգծւած դիմագիծ ունեցող հայկական համայնքի համակրանքը շահելն է: Թեկնածուների միջեւ մրցակցութիւնն այնքան սուր է, իսկ ընտրութիւնների արդիւնքներն` այնքան անկանխատեսելի, որ նրանցից իւրաքանչիւրը կենաց-մահու կռիւ է տալիս իւրաքանչիւր քւէի համար: Եւ ազգութեամբ հայ ընտրողների վստահութիւնը շահելու համար նրանք պատրաստ են անել այնպիսի՝ միջազգային հանրութեան ընկալումների տեսանկիւնից ծայրայեղ յայտարարութիւններ, որոնք Արցախեան կարգաւորման գործընթացի հետ բացարձակապէս ոչ մի կապ չունեն եւ ընդամենը շոշափում են կոնֆլիկտին ու ներկայիս իրավիճակին հանգեցրած պատմական անարդարութիւնների խնդիրը: Երկու թեկնածուներն էլ ընդամենը խաղում են ֆրանսահայ ընտրողների ազգային նուրբ նեարդալարերի վրայ:

Նախկինում նախընտրական շրջաններում թեկնածուները շահարկում էին Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու` հայկական սպասելիքները: Սակայն երբ նախ Նիկոլա Սարկոզին, ապա նաեւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը չկատարեցին նման օրէնքի վերջնական ընդունման նախընտրական խոստումները, մեծ հիասթափութիւն պատճառելով Ֆրանսիայի հայկական շրջանակներին, ակնյայտ դարձաւ, որ անիմաստ ու նոյնիսկ վնասակար է լինելու կրկին նախընտրական մոտիւներով նոյն «ձայնասկաւառակ»-ը պտտեցնելը: Դա պարզ դարձաւ այն արձագանգներից, որոնք հետեւեցին վերջերս գործող նախագահ Օլանդի կողմից Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու օրինագիծ շրջանառութեան մէջ դնելու մասին կրկին տրւած խոստումներին: Դրա փոխարէն ԼՂ հիմնահարցը, որը հայկական իրականութեան համար նոյնչափ ու գուցէ աւելի մտահոգիչ է, դեռ թարմ է եւ կարելի է հանգիստ հունցել:

Այդ յայտարարութիւնները ոչ մի գործնական նշանակութիւն չունեն եւ չեն կարող ունենալ: Խնդիրն այն է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկիր է, որը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ մշակել ու բանակցային սեղանին է դրել կարգաւորման հիմնարար սկզբունքների փաթեթ` հիմնւած ոչ թէ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները «վերաիմաստաւորւած» փոփոխելու եւ Արցախը Հայաստանին միացնելու, այլ նախկին ԼՂԻՄ-ին հարակից եւ հայկական ուժերի վերահսկողութեան տակ գտնւող տարածքները յանձնելու դիմաց Արցախին միջանկեալ կարգավիճակ շնորհելու տրամաբանութեան վրայ: Սա, ինչպէս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այնպէս էլ Ֆրանսիայի պետական քաղաքականութիւնն է, որը չի կարող որեւէ փոփոխութեան ենթարկւել` անկախ նրանից, թէ թեկնածուներից որը կը դառնայ նախագահ: Որովհետեւ ցանկացած փոփոխութիւն հանգեցնելու է կա՛մ կարգաւորման գործընթացի դադարեցման, կա՛մ ՄԽ-ի ձեւաչափի փոփոխութեան ու դրանից Ֆրանսիայի դուրսմղման: Հետեւաբար` ինչպէս Հայոց Ցեղասպանութեան ժխտման քրէականացման խոստումները մնացին օդում, այնպէս էլ՝ Արցախը Հայաստանի մաս լինելու, որն առանց այդ էլ որեւէ խոստում չի պարունակում:

Բայց Մարին Լը Պէնի եւ Ֆրանսուա Ֆիոնի յայտարարութիւնները կարեւոր են մէկ այլ` ոչ քաղաքական, աւելի շատ քարոզչական-հոգեբանական տեսանկիւնից: Նրանք զարգացնում են Արցախի հայաստանապատկանութեան գաղափարը: Սա մի կողմից նշանակում է, որ այդ ընկալումներն ամրապնդւած են Ֆրանսիայի քաղաքական էլիտայում, միւս կողմից` նման պնդումներով նրանք նպաստում են Արցախեան հիմնահարցի բուն էութեանը, պատճառներին միջազգային հանրութեան ուշադրութեան սեւեռմանը եւ յստակ համոզմունքների ձեւաւորմանը: Հանգամանք, որը չափազանց կարեւոր է՝ Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու մօտեցումը միջազգային ընկալումներում բացառելի համարելու առումով: Այս տեսանկիւնից Ֆիոնը, Լը Պէնը, կարելի է ասել, «ծառայութիւն» են մատուցում Հայաստանին եւ հայ ժողովրդին՝ միաժամանակ նպաստելով Ադրբեջանում հիստերիայի նոր ալիքի առաջացմանը:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»
    Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»

    ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանը երէկ մեկնել է Արցախի Հանրապետութիւն, հանդիպում է ունեցել նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Մասիս Մայիլեանը, քննարկւել են արտաքին քաղաքականութեան եւ այդ ոլորտում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: 

  • ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ
    ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ

    Արցախ Ռուց Ինվեսթմընց` ԱՌԻ ընկերակցութեան հրաւէրով, երեքշաբթի Լիբանան ժամանեց Արցախէն ժամանած պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմեն Արցախի Հանրապետութեան տնտեսութեան եւ արտադրական ենթակառուցուածքներու նախարար Լեւոն Գրիգորեան, նախարարի խորհրդական Տիգրան Նաճարեան, Մարտակերտի եւ Կովսականի քաղաքապետներ Միշա Գիւրճեան ու Ռազմիկ Մարգարեան եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Վահագն Տատայեան:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Նոր էջ, նոր մօտեցումներ
    «Ապառաժ»-ի խմբագրական. Նոր էջ, նոր մօտեցումներ

    Խորհրդանշական էր, երբ մայիսի 9-ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր առաջին մամլոյ ասուլիսն անցկացրեց Արցախում: Բնականաբար, Արցախում անցկացւած ասուլիսի առանցքային թեման եղաւ Արցախը, Արցախի նկատմամբ Հայաստանի նոր վարչապետի մօտեցումներն ու միջազգային ասպարէզում Արցախի հարցը ներկայացնելու քաղաքականութիւնը: 

  • Հայ ժողովուրդը որեւէ մեկի հանդէպ ատելութեան պատճառ չունի
    Հայ ժողովուրդը որեւէ մեկի հանդէպ ատելութեան պատճառ չունի

    «Իրատես»-ի հիւրը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր, պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան հարցերի յանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Յովհաննիսեանն է:

  • Հայաստանի ու Արցախի համար նոր հեռանկարներ են բացւում
    Հայաստանի ու Արցախի համար նոր հեռանկարներ են բացւում

    Արցախում ապրող ամէն մի քաղաքացի սրտի տրոփով սպասում է, որ Հայաստանում միշտ այսպիսի դրական տեղաշարժեր լինեն, ՀՀ-ում տեղի ունեցող ամէն մի դրական զարգացում այս կամ այն ձեւով անդրադառնում է նաեւ Արցախի անվտանգութեան հարցերի լուծմանը: «Առաջին լրատւական»- ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։