Հա

Ազգային

Չորեքշաբթի, 03 Մայիսի 2017 14:50

«Ժխտման ճարտարապետները». Ջուլիան Ասանժը, Ջան Էւանսն ու այլք նոր ֆիլմով պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

Ամերիկեան հեռուստաաստղեր Մոնթէլ Վիլեամզի եւ Դին Քէյնի նախաձեռնութեամբ նկարահանւել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պահանջող փաստավաւերագրական ֆիլմ: Ֆիլմը կոչւում է «Ժխտման ճարտարապետները. ժխտւող ցեղասպանութիւնը շարունակւող ցեղասպանութիւն է»:

«alikonline.ir» - Ամերիկեան հեռուստաաստղեր Մոնթէլ Վիլեամզի եւ Դին Քէյնի նախաձեռնութեամբ նկարահանւել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պահանջող փաստավաւերագրական ֆիլմ: Ֆիլմը կոչւում է «Ժխտման ճարտարապետները. ժխտւող ցեղասպանութիւնը շարունակւող ցեղասպանութիւն է»: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն աւարտւած են, այն կը ցուցադրւի սահմանափակ թատրոններում 2017 թւականի հոկտեմբերից:

Ֆիլմում խօսում են յայտնի դէմքեր, ինչպէս «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ԱՄՆ նախկին դեսպան Ջան Էւանսը, ամերիկացի յայտնի իրաւապաշտպան, «Genocide Watch» կազմակերպութեան հիմնադիր Գրեգորի Ստանտոնը, ԱՄՆ Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի աշխատակից, լրագրող Սիբէլ Էդմոնդսը, բրիտանացի յայտնի իրաւաբան Ջէոֆրի Ռոբերտսոնը, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան վերապրածներ:

Փաստավաւերագրական ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանութեան, Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման, 1988-ին Ադրբեջանում հայերի դէմ իրականացւած կոտորածների, 2016 թւականի ապրիլին Ադրբեջանի կողմից հայկական գիւղերի վրայ իրականացրած յարձակումների, անգամ Թալիշի աւերման, ինչպէս նաեւ ցեղասպանութեան փաստի նկատմամբ Միացեալ Նահանգների ժխտողական դիրքորոշման մասին:

«Կան շատ փաստեր, որոնք ապացոյցում են, որ կատարւածը Ցեղասպանութիւն էր: Հզօր տէրութիւնները, ինչպիսին է Միացեալ Նահանգները, չեն ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը: Թուրքիան ողջ աշխարհով ագրեսիւ լաբբիստական գործունէութիւն է իրականացնում` համոզւելու, որ չկան յիշատակումներ Հայոց Ցեղասպանութեան մասին»,- ֆիլմում պատմում է Ջուլիան Ասանժը:

«Հայերի դեմ կիրառւել են ոչնչացման ամենադաժան միջոցները»,- պատմում է յայտնի իրաւաբան Ջէոֆրի Ռոբերտսոնը:

«Քանի որ Թուրքիային թոյլ տրւեց հերքել իրենց կողմից գործւած Ցեղասպանութեան յանցագործութիւնը, միւս երկրները կարծեցին, որ իրենք եւս կարող են իրականացնել զանգւածային սպանութիւններ եւ անպատիժ մնալ: Թուրքերի համար Ցեղասպանութիւնը երբեք տեղի չի ունեցել, սակայն հայերի համար այն երբեք չի աւարտւել: Մենք պէտք է հիմա ամբողջութեամբ ճանաչենք Հայոց Ցեղասպանութիւնը եւ միւս բոլոր ցեղասպանութիւնները, քանի որ ժխտւող ցեղասպանութիւնը շարունակւող ցեղասպանութիւն է»,- նշում է ֆիլմի պրոդիւսեր, յայտնի դերասան Դին Քէյնը:

Ֆիլմի հեղինակները կոչ են անում բոլորին համացանցում հնարաւորինս շատ կիսւել ֆիլմով` նպաստելով դրա մասին իրազեկւածութեան բարձրացմանը: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։