Հա

Ազգային

Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 12:10

Հայոց Ցեղասպանութեան տարիներին նրանք փրկել էին 8000 հայ որբերի եւ տւել նրանց սէր

«Ասպարէզ» պարբերականը ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան տարիներին 8000 հայ որբի փրկած շւէյցարացի ընտանիքի պատմութիւնը:

Հարրի Պօղոսեանը պատմում է, թէ երբ բժիշկն ու իր կինը՝ Էլիզաբէթը, տեղափոխում էին որբերին Թուրքիայից Լիբանան եւ Սիրիա, բժիշկ Քուենզլէրն ասել էր, որ դա նրանց համար մեծ ուրախութիւն է, նրանց կեանքի ամենագեղեցիկ փուլերից մէկը:

«alikonline.ir» - «Ասպարէզ» պարբերականը ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան տարիներին 8000 հայ որբի փրկած շւէյցարացի ընտանիքի պատմութիւնը: Հարրի Պօղոսեանը, ում տատիկն ու պապիկը նոյնպէս անցել են Ցեղասպանութեան տարիների դժոխքի միջով, գրում է.

«Ինձ բախտ էր վիճակւել ընկերանալ նշանաւոր մի կնոջ՝ Էլիբէթ Քուենզլէր Մարշալի հետ: Նա ծնւել է 1917 թւականին Թուրքիայի Ուրֆա քաղաքում: Նա բժիշկ Ջէյքոբ Քուենզլէրի դուստրն է: Բժիշկ Քուենզլէրը ինձ յիշեցնում է Օսկար Շինդլերին, ով Հոլոկոստի ժամանակ փրկեց համարեայ 1200 հրեաների: Նա ամէն ինչ արել է Հայոց Ցեղասպանութեան ժամանակ 8000 հայ որբերին փրկելու համար Ուրֆայի, Մարդինի, Դիարբեքիրի, Հարփութի, Արաբկիրի, Մալաթիայի շրջաններում: Նա շւէյցարացի բժիշկ էր, ով հեղինակել է «Արեան եւ արցունքների հողում» գիրքը, որը Թուրքիայում իրականացրած նրա բժշկական 23-ամեայ (1899-1922 թթ.) գործունէութեան ժամանակագրութիւնն է: Նա աշխատում էր Ուրֆայի շւէյցարական հիւանդանոցում: Ուրֆայում բնակւում էին հայ քրիստոնեայ մարդիկ: Նա օգնում էր հիւանդներին եւ վիրաւորներին, ինչպէս նաեւ որբերին. նրան բնութագրող մի արտայայտութիւն կայ՝ բժիշկ առանց սահմանների»,- գրել է հեղինակը:

Հարրի Պօղոսեանը պատմում է, թէ երբ բժիշկն ու իր կինը՝ Էլիզաբէթը, տեղափոխում էին որբերին Թուրքիայից Լիբանան եւ Սիրիա, բժիշկ Քուենզլէրն ասել էր, որ դա նրանց համար մեծ ուրախութիւն է, նրանց կեանքի ամենագեղեցիկ փուլերից մէկը:

«Իմ տատիկը՝ Սանդուխտը, այդ ժամանակ նոյնպէս որբ էր: Նա 10 տարեկան էր եւ կորցրել էր ընտանիքը Ցեղասպանութեան ժամանակ: Շատ հնարաւոր է, որ նա հէնց այն որբերից էր, ում փրկել էր բժիշկ Ջէեյքոբը: Ես հանդիպեցի բժշկի դստերը՝ Էլիբեթին, եւ նրա թոռանը` Սան Դիեգոյի հայկական եկեղեցում:  2010 թւականն էր. դուստրն ինձ հրաւիրեց իր տուն: Այնքան հետաքրքիր էին այդ պատմութիւնները  նրա հօր մասին: Նա յիշեց, որ 2 տարեկան էր, երբ խաղում էր որբերի հետ իր հայրիկի միսիոներական որբանոցում: Նրանք եղբայրների եւ քոյրերի նման էին: Նա բժշկի կրտսեր զաւակն էր,  ընտանիքն ուներ մէկ որդի եւ չորս դուստր, ինչպէս նաեւ մի որդեգրւած դուստր, ով հայ էր: Նա Ռոզան էր, ում որդեգրել էին նախքան տիկին Էլիբէթի ծնւելը: Նա պատմեց, որ տնային աշխատողը հայուհի է եղել: Մի անգամ եկեղեցում երեխաներին ներկայացնում էին մարդկանց, թէ նրանցից որ մէկին կը ցանկանան որդեգրել, բոլորին վերցրել էին բացի մէկից՝ կեղտոտ, ոջլոտ, անառողջ աչքերով մի աղջնակից: Նա միայն  մի վերնաշապիկ էր կրում, եւ  աշխատակցուհին խնդրել էր, որ  նրան վերցնեն, որովհետեւ հակառակ դէպքում նա միայնակ կը յայտնւի դրսում: Նրան որդեգրեցին, մաքրեցին, եւ նա դարձաւ տիկին Էլիբէթի աւագ քոյրը՝Ռոզան»:

Բժշկի դուստրը հեղինակին պատմել է, թէ ինչպէս են ծնողները կազմակերպել եւ տեղափոխել 8000 հայ որբերին, ինչպէս են հոգացել, որ երեխաներից իւրաքանչիւրն այդ դժւարին ճանապարհին ունենայ հագուստ եւ սնունդ:

«Նրանք պէտք է շատ անցակէտերով անցնէին, իսկ քրդերը փորձում էին նրանց կանգնեցնել: Բժիշկն ունէր բոլոր 8000 որբերի անունները, մէկ առ մէկ հաշւում էր նրանց: Իսկ բժշկի կինը ամէն օր աւելի վաղ էր հասնում նախատեսւած ապաստարաններ, որպէսզի անհրաժեշտ սնունդ պատրաստի նախքան երեխաների հասնելը: Նա ամէն օր` մինչեւ Լիբանանի սահման հասնելը, այդպէս էր անում:  Լիբանանում նրանք գտան մի հին մենաստան, որը եւ վերածեցին որբանոցի: Նրանք հոգ էին տանում որբերի մասին, եթէ երեխաները վատառողջ էին: Նրանց տանում էին իրենց տուն, խնամում, ապա նորից տեղափոխում որբանոց, որը նրանց դպրոցն էր, քանի որ այնտեղ նրանք սովորում էին գրել եւ կարդալ»:

Բժիշկն ու կինը երեխաներին սովորեցրել էին տարբեր արհեստներ՝ տնային տնտեսութիւն, ասեղնագործութիւն, խոհարարութիւն, կոշկակարութիւն, գորգագործութիւն, քանի որ գիտէին՝ նրանք որբանոցում ընդմիշտ չէին մնալու:

«Քանի որ երեխաները շատ խելացի էին, նաեւ տաղանդաւոր գորգագործներ, միսիոներների ընտանիքը որոշում է հիմնել գորգերի գործարան: Ամերիկեան կազմակերպութիւններից մէկը շուտով ֆինանսաւորում է որբանոցը, ինչի շնորհիւ հնարաւոր է դառնում մի շարք ծրագրերի իրագործումը: Բժիշկն ու կինը նաեւ հարսանիքներ էին կազմակերպում, ամուսնացնում էին երեխաներին»:  

Հեղինակը ներկայացնում է իր եւ տիկին Էլիբէթի վերջին հանդիպումները եւ զրոյցները, որոնք այնքան շատ են նրան տպաւորել.

«Էլիբէթը հրաշալի կին էր, նա սիրում էր այգեգործութիւն, լող, գլուխկոտրուկներ: Նրան շատ էին դուր գալիս վարդերը, որոնք ամէն ամիս բերում էի: Մի օր ինձ առաջարկեց թէյել իր հետ, մենք նշեցինք նրա 95-ամեակը, պատրաստեցինք տորթ, նւերներ մատուցեցինք: Մենք նստած լսում էինք նրա պատմութիւնները հօր առաքելութեան մասին, պատմութիւններ, որոնք երբեք չէինք ապրել կեանքում: Երբ բժիշկը մահացաւ 1949 թւականին Լիբանանում, նա յայտնի դարձաւ որպէս հայ որբերի հայր: Նա հրաշալի մարդ էր, ով տալիս էր միւսին՝ դրա դիմաց ոչինչ չակնկալելով: Նա Թուրքիայում 20 տարի ապրել էր հայերի հետ եւ ականատես էր եղել, թէ ինչպէս են վերաբերւում նրանց. հայ տղամարդիկ, կանայք  եւ երեխաները ենթարկւում էին անասելի տանջանքների, նրանք տարհանւում էին տներից, կոտորւում, խոշտանգւում՝ առանց նոյնիսկ գիտակցելու սեփական մեղքը:  Նրանց մէջ իմ տատիկն ու պապիկն էին: Բժիշկը վտանգել է կեանքն ու փրկել հազարաւոր վիրաւորների, հիւանդների, երեխաների, տւել նրանց սէր, մարդկանց, ովքեր անչափ շատ էին տանջւել: Նա առաջ տարաւ Աստծոյ աշխատանքը ու երբեք չփորձեց մարդկանց փոխել: Նա թոյլ տւեց նրանց մնալ այնպիսին, ինչպիսին կան: Երբեք չեմ մոռանայ նրա գործած հրաշքներն ու լաւ գործերը: Նա մէկն էր միլիոնաւոր մարդկանց մէջ»:

2017 թւականի ապրիլի 16-ին՝ Սուրբ Զատկի օրը, Էլիբէթի դուստրը՝ Փոլին, զանգահարեց Հարրիին եւ յայտնեց մօր մահւան լուրը:

«Նախքան այդ դէպքը ես նրան մի քանի անգամ այցելել էի: Վերջին անգամ մի քանի րոպէ զրուցեցինք, յետոյ ես շոյեցի նրա ձեռքը, նա վերցրեց իմ ձեռքերը, համբուրեց սկզբում աջս, յետոյ ձախս: Նա երկար ժամանակ բաց չէր թողնում ձեռքերս: Հանդիպման աւարտին ես խոստացայ, որ կրկին կը հանդիպենք: Սա յատուկ պահ էր մեզ համար, քանի որ գիտէինք. այլեւս շատ հանդիպումների հնարաւորութիւն չենք ունենայ:  Հնարաւոր չէ մոռանալ նրա աննախադքպ պատմութիւնը, որը կապրի մեր սրտերում յաւերժ»: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։