Հա

Ազգային

18/05/2017 - 10:10

Շուշին դարձնենք նաեւ զարգացման խորհրդանիշ

Արցախեան յաղթանակի խորհրդանիշ Շուշիի ազատագրման առիթով արդէն 25 տարի տօնակատարութիւններն ու խրախճանքները մի կողմ թողնելով` մի պահ յաղթանակի բերկրանքն ապրելուց յետոյ պէտք է մտածել նաեւ յաղթանակը իրականութեան վերածելու մասին, յաղթանակով զարգացումն ապահովելու եւ յաղթանակից նոր յաղթանակենր կերտելու մասին:

Մայիսի 9-ին ազգովի տօնեցինք Շուշիի ազատագրման 25-ամեակը: Շուշիի ազատագրումն Արցախեան ազատամարտի յաղթանակի եւ արցախցու յաղթական նպատակասլացութեան խորհրդանիշն է համարւում: Թէեւ նախքան Շուշիի ազատագրումը եւ նրանից յետոյ ունեցել ենք այլ յաղթանակներ եւ ճաշակել պարտութիւններ եւս, սակայն Շուշին այլ բան է:

Յաղթանակը՝ յաղթանակ, բայց Շուշիի ազատագրման մէջ պէտք է որոնել յաղթանակով արձանագրւած հոգեկան նւաճումը, այն, որ դրդապատճառ է հանդիսանում զարգացման եւ նոր նւաճումների: Իւրաքանչիւր ժողովրդի պատմութեան մէջ լինում են պահեր, որոնք կերտում են ոչ միայն տւեալ ժողովրդի ճակատագիրը առարկայօրէն, այլ նաեւ ներշնչանքի աղբիւր են հանդիսանում հետագայ զարգացման համար:

Հարիւր տարուց աւելի քիչ ժամանակահատւածի տարբերութեամբ մեր ժողովրդի պատմութեան մէջ տեղի է ունեցել ներշնչանքի երկու իրադարձութիւն: Առաջինը` 1918 թւականի մայիսի 26-ին Սարդարապատում, իսկ երկրորդը՝ 1992 թւականի մայիսի 9-ին Շուշիում:

Արցախեան յաղթանակի խորհրդանիշ Շուշիի ազատագրման առիթով արդէն 25 տարի տօնակատարութիւններն ու խրախճանքները մի կողմ թողնելով` մի պահ յաղթանակի բերկրանքն ապրելուց յետոյ պէտք է մտածել նաեւ յաղթանակը իրականութեան վերածելու մասին, յաղթանակով զարգացումն ապահովելու եւ յաղթանակից նոր յաղթանակենր կերտելու մասին:

Շուշիի ազատագրումը տեղի ունեցաւ Արցախյան ուժերի միջոցով` առանց յոյս դնելու սրա-նրա օգնութեան, սրա-նրա խոստման կամ մատակարարւող զէնքի վրայ: Պէտք է մարէր Արցախի մայրաքաղաքի վրայ տեղացող կրակի հիմնական կէտը: Մենք մեր առաջ դրեցինք խնդիր եւ լուծեցինք այն: Սա Շուշիի ազատագրման հիմնական պատգամն է` երբ վճռական տրամադրութեամբ ենք մղւում որեւէ գործի, երբ յաղթանակն այլընտրանք չի ունենում, խնդրի լուծումն անշրջելի է:

Այսօր մեր Հանրապետութիւնը կանգնած է հազար ու մի չլուծւած հարցերի դէմ հանդիման: Այդ չլուծւած խնդիրները նախ եւ առաջ մեր վճռականութեանն են կարոտ, իսկ յետոյ Հայաստանի եւ համահայկական միջոցների: Այլ խօսքով՝ եթէ մենք չունենանք մեր մէջ երկիրը զարգացնելու շահագրգռւածութիւնն ու նախանձախնդրութիւնը, այլ մարդ չի կարող մեր փոխարէն անել դա:

25 տարի է անցել այն օրից, երբ ազատագրւեց Շուշին: Իսկ Արցախի զարգացման հիմնական պատկերը երեւում է հէնց Շուշիում: Ինչքան էլ առիթներ լինեն մեր պատմութիւնով պարծենալու, Շուշիի պատմութիւնը որպէս հայկական մշակութային կենտրոն ներկայացնելու իրականութիւնը մնում է այսօրւայ Շուշին:

Այսօրւայ Շուշին, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Թէեւ վերջին տարիներին ջանքեր են գործադրւել Շուշին բարեկարգելու, բազմաբնակարան շէնքեր վերակառուցելու եւ մինչեւ իսկ պետական օղակներ եւ ուսումնական հաստատութիւններ տեղափոխելու Շուշի, սակայն քաղաքը դեռեւս պատերազմական գօտի է յիշեցնում:

Ահա այստեղ է, որ պէտք է համախմբենք համայն հայութեան ջանքերը: Ահա այստեղ է, որ մեր 25 տարիների յաղթանակի խորհրդանիշը պէտք է մեկընդմիշտ վերակառուցենք եւ դարձնենք ոչ միայն յաղթանակի, այլ զարգացման խորհրդանիշ:

«Ապառաժ»-ի խմբագրական,
16 մայիս 2017 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։