Հա

Ազգային

Հինգշաբթի, 15 Յունիսի 2017 10:30

Ինչո՞ւ է Թուրքիան խուճապի մատնւել

Թէեւ իրաքեան քրդերի հանրաքւէին բացասաբար են վերաբերւում նաեւ ԱՄՆ-ն, Իրանը, Գերմանիան, սակայն Թուրքիայի անհանգստութիւնը, որը վերջին երեք օրերին արտայայտւել է իշխաբնութեան ամենաբարձր բոլոր մակարդակներով, աւելի շատ յիշեցնում է խուճապայնութիւն: Դա ունի օբիեկտիւ պատճառներ:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը սխալ է համարել սեպտեմբերի 25-ին Իրաքեան Քուրդիստանի անկախացման հանրաքւէ անցկացնելու որոշումը։ Էրդողանը յայտարարել է, թէ  իրենք հանդէս են գալիս Իրաքի տարածքային ամբողջականութեան օգտին եւ հանրաքւէի անցկացումը որակել է սպառնալիք միացեալ Իրաքի համար: Պաշտօնական Անկարան աւելի մտահոգ է Իրաքի տարածքային ամբողջականութեան պահպանման հարցում, քան նոյնիսկ Իրաքն ինքը: Թէեւ իրաքեան քրդերի հանրաքւէին բացասաբար են վերաբերւում նաեւ ԱՄՆ-ն, Իրանը, Գերմանիան, սակայն Թուրքիայի անհանգստութիւնը, որը վերջին երեք օրերին արտայայտւել է իշխաբնութեան ամենաբարձր բոլոր մակարդակներով, աւելի շատ յիշեցնում է խուճապայնութիւն: Դա ունի օբիեկտիւ պատճառներ:

Քրդական պետականութեան կազամաւորումը նրա սահմանների անմիջական հարեւանութեամբ լրջագոյն սպառնալիք է Թուրքիայի անվտանգութեանն ու տարածքային ամբողջականութեանը, որովհետեւ այն կարող է անջատողականութեան լուրջ խթան դառնալ Թուրքիայի քրդերի համար: Սեփական երկրում քրդական էթնոսին պատերազմ յայտարարած թուրքական իշխանութիւնները պարզապէս կարող են յայտնւել հարաւ-արեւելեան շրջաններում, որոնք պատմական Հայաստանի տարածքներն են, կորցնելու կամ առնւազն այնտեղ վերահսկողութիւնն ու կառավարումն աստիճանաբար կորցնելու վտանգի առջեւ:

Իրաքում Քրդական պետութեան ստեղծումը, որը, անկախ ժամկէտներից, այլեւս թւում է անփուսափելի, կարող էր Թուրքիայի համար լինել փրկօղակ, այն իմաստով, որ դա պատրւակ կը դարձնէր իր ներսում քրդական անջատողականութիւնը ճնշելու կամ դէպի Քուրդիստան այդ տարրի արտագաղթը խթանելու համար, եթէ  չլինէր մի կարեւոր գործօն:

Խնդիրն այն է, որ չնայած ԱՄՆ-ն պաշտօնապէս դէմ է հանդէս գալիս Քուրդիստանի անկախացման հանրաքւէին, սակայն հակաահաբեկչական պայքարի քողածածկոյթի ներքոյ ակտիւ սպառազինմամբ եւ ֆինանսաւորմամբ նպաստում է Մերձաւոր Արեւելքում քրդական գործօնի ուժեղացմանը եւ կոնսոլիդացմանը: Գլոբալ իմաստով Քուրդիստանի ստեղծումը հանդիսանում է ԱՄՆ-ի՝ Մերձաւոր Արեւելքի նոր քարտէզագրման քաղաքականութեան գործիքներից մէկը:

Չնայած Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են հանդէս գալ ստրատեգիական գործընկերների կարգավիճակում, սակայն նրանց միջեւ վստահութեան լրջագոյն դեֆիցիտ է առաջացրել Թուրքիան տարածաշրջանային գերտերութիւն դարձնելու, Վաշինգտոնից լիարժէք անկախ պետութիւն դարձնելու, Ռուսաստանի հետ տնտեսակա-քաղաքական եւ ռազմավարական կապերն ամրապնդելու Թայիբ Էրդողանի քաղաքականութիւնը: 

Այդ ճգնաժամը հրապարակաւ ցուցադրեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սաուդական Արաբիայում մուսուլմանական երկրների համաժողով անցկացնելու եւ Թուրքիայի բարեկամ Կատարի դէմ արաբական երկրների կողմից սկսւած արշաւին բացայայտ աջակցութիւն յայտնելով: Անկարայում հրաշալի հասկանում են, որ այս միտումներն ի վերջոյ կարող են հանգեցնել հէնց քրդական գործօնի միջոցով Թուրքիայի մասնատումը նոր Մերձաւոր Արեւելքի վերաձեւման ամերիկեան ռազմավարութեան մաս դարձնելուն:

Միւս կողմից Իրաքեան Քուրդիստանի ստեղծումը էականօրէն թուլացնելու է Թուրքիայի Անկարայի ազդեցութիւնը Իրաքում եւ հսկայական պատնէշ է գոյացնելու Էրդողանի ծաւալապաշտական, նէոօսմանականութեան պլանների առջեւ: 2015 թ. Թուրքիան, խախտելով Իրաքի սահմանների անձենմխելիութիւնը եւ առանց Բաղդադի համաձայնութեան, զօրախումբ մտցրեց Իրաք, որը տեղակայւեց Հիւսիսային Իրաքի Նայնաւա նահանգի Բաշիքա շրջանում՝ իսլամիստական ծայրայեղական խմբաւորումների դէմ պայքարում տեղական ժողովրդական ուժերին նախապատրաստելու պատրւակով:

Այդ զօրախումբը փաստացի կարելի է համարել Թուրքիայի ապօրինի ռազմաբազան Իրաքում, որով Անկարան լուծեց Իրաքում ռազմական ներկայութիւն ապահովելու եւ այն քաղաքական գործիք դարձնելու խնդիրը: Իրաքյան Քուրդիստանի ստեղծումը կը ստիպի լրջագոյն վերանայումներ կատարել այս քաղաքականութիւնում, եթէ Անկարան չի ցանկանում Սիրիայի, Թուրքիայի քրդերից բացի խնդիրներ ունենալ նաեւ Իրաքեան քրդերի հետ, որոնց հանդէպ վերաբերմունքը եղել է յարաբերականօրէն բարիդրացիական:

Իրաքեան քրդերի դէ իւրէ անկախութեան ձեռբերումն Անկարայի համար խնդրահարոյց է նաեւ ԼՂ հիմնահարցի համատեքստում, քանի որ այն ամրապնդելու է ազգերի ինքնորոշման սկզբունքի առաջնահերթութիւնը եւ լրացուցիչ լեգիտիմութիւն է հաղորդելու արդէն ձեռք բերած անկախութիւնը միջազգայնօրէն ճանաչելի դարձնելու արցախահայութեան պահանջին:

Այս գործօններով պայմանաւորւած՝ Անկարան կը փորձի քաղաքական գործիքակազմով ամէն ինչ անել Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէին խանգարելու համար, թէեւ իրաւական առումով դրան որեւէ կերպ ազդելու լծակ չունի: Այս հիմնահարցը կը նպաստի նրան, որ Թուրքիան կը փորձի ժամանակաւորապէս դադարեցնել Իրաքի եւ յատկապէս Իրանի հետ իր դիրքային հակամարտութիւնը: Քրդական հարցի շրջանակում Թեհրանը եւ Անկարան վերածւում են ժամանակաւոր գործընկերների: Խնդիրն այն է, որ ամենեւին չի բացառւում՝ Իրաքում քրդական պետութեան ստեղծումը եւս Իրանի դէմ եւ Իրանի շուրջ ապակայունութեան օղակ ստեղծելու նոր նախաձեռնութիւն է: Չպէտք է մոռանալ, որ Իրանի՝ հիմնականում հէնց Թուրքիայի եւ Իրաքի սահմանակից 5 նահանգներում կոմպակտ բնակւում է տարբեր տւեալներով 5-ից 10 մլն. քուրդ: Յամենայն դէպս իսկապէս տարօրինակ է, որ Քուրդիստանի ղեկավարութիւնը յանկարծակի հէնց Իրանի ու Թուրքիայի համար այս աննպաստ ռեգիոնալ-քաղաքական իրադրութեան պայմաններում որոշեց անցկացնել հանրաքւէն՝ օգտւելով առաջին հերթին դրան խանգարելու Բաղդադի անկարողութեան գործօնից:

Ինչեւէ, այս գործընթացն ուղղակիօրէն առնչւելու է նաեւ Հայաստանի շահերին: Անհրաժեշտ է չափազանց լուրջ ու խորքային վերլուծութեան ենթարկել դրա բացասական եւ հնարաւոր դրական հետեւանքները, որովհետեւ ամէն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

Զուտ արտաքուստ տպաւորութիւնն այնպիսին է, որ քրդական պետութեան ստեղծումը ի յայտ է բերում տարածաշրջանային նոր խաղացող, որը սահմանափակում է Թուրքիայի դերակատարութիւնը եւ խթանում ներքին տրոհման պրոցեսն այս երկրում: Բացի դրանից Քուրդիստանի անկախացումը միանշանակ ծառայում է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Սակայն միւս կողմից Իրանի շուրջ օղակի սեղմումը, Իրանին նոր հնարաւոր հակամարտութեան մէջ ներքաշման ռիսկը եւ յատկապէս Իրան-Թուրքիա համագործակցութեան առարկայացումը բացարձակապէս չեն բխում Հայաստանի շահերից, որքան էլ վերջիններս երկարաժամկէտ բնոյթ չունեն:

«yerkir.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։