Հա

Ազգային

Շաբաթ, 17 Յունիսի 2017 12:30

«Ապառաժ»-ի խմբագրական. Ելնելով պետութեան գոյութեան փաստից

Արցախեան հարցում Արցախի արտաքին քաղաքականութեան հիմնական ելակէտը բանակցութիւններին մասնակցելու կռւանն է: Բայց նախքան բանակցութիւններին մասնակցելը պէտք է վարել քաղաքականութիւն, քաղաքական բեմահարթակում ճշտել երկրի տեղը եւ յանձնառու լինել համապատասխան դերը կրելու մէջ:

Վերջին երկու շաբաթւայ ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակութիւն ունեցող իրադարձութիւնները բաւականին արագ զարգացումներ արձանագրեցին: Կարծես թէ նախօրօք ծրագրւած սցենարով Կատարը յայտնւեց արաբական աշխարհի խորթ եղբօր դերում: Հիմնական մեղադրանքը թէեւ միջազգային ահաբեկչութեանը նիւթական միջոցներ յատկացնելն էր, սակայն խորքում Թրամփի` տարածաշրջան այցելութեան շեմին Սաուդական Արաբիայի եւ ԱՄՆ-ի հասցէին հնչեցւած իրանամէտ յայտարարութիւնն էր:

Միւս կարեւորագոյն իրադարձութիւնը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնն էր:

Վերը նշւած իրադարձութիւնները չեն կարող իրենց ազդեցութիւնը չունենալ մեր երկրին շատ մօտ գտնւող սիրիական, ինչպէս նաեւ Թուրքիայի հեղհեղուկ իրավիճակի վրայ:

Միեւնոյն ժամանակ` հայկական ուժերը, իսկ միւս կողմից ադրբեջանա-թուրքական համատեղ ուժերը վերջին ամսում անց են կացնում զինավարժութիւններ Արցախի եւ Հայաստանի սահմաններին կից: Վերջին հաշւով` մթնոլորտում զգացւում է վառոդի հոտը:

Նոյն համայնապատկերի վրայ չենք կարող անտեսել միջազգային ճգնաժամային խմբի շուրջ մէկ ամիս առաջ հրապարակւած զեկոյցը, որտեղ բաւականին իրատեսական վերլուծութիւններին որպէս եզրակացութիւն կանխատեսում էր արցախեան նոր պատերազմի հաւանականութիւնը:

Թւարկւած իրողութիւններն ուղղակի կամ անուղղակի պատճառ են դառնում երկրների նոր դիրքաւորումների կամ նախկին դիրքերի ամրապնդմանը: Եթէ Կատարի հարցի վերաբերեալ շրջակայ երկրների դիրքորոշումները փոփոխութեան են ենթարկւում, բնականաբար դա ազդում է Սիրիայում այս կամ այն երկրի հովանաւորութիւնը վայելող խմբաւորման եւ այդ խմբաւորումների փոխյարաբերութիւնների վրայ, նույնն է` Թուրքիայում եւ Թուրքիայի սահմաններին Հիւսիսային Իրաքում եւ Սիրիայի հիւսիս-արեւելքում գոյութիւն ունեցող քրդական խմբաւորումների պարագայում:

Երկրների դիրքորոշումներն արտայայտւում են գործնական քայլերով, միջազգային ամբիոններից հնչող յայտարարութիւններով և քաղաքական կեցւածքի դրսեւորմամբ: Այսպիսով, իւրաքանչիւր երկիր փորձում է իր ներգործութեան բաժինն ապահովել աշխարհաքաղաքական այս թոհուբոհում, ունենալ իր խօսքն ու դերակատարութիւնը եւ, վերջին հաշւով, իր երկրի շահերին ու հիմնականում անվտանգութեանը ծառայեցնել միջազգային յարաբերութիւնների բեմահարթակը:

Բնական է, որ իրադարձութիւններին մօտ գտնւելը պատճառ է դառնում աւելի ակտիւ արտաքին քաղաքականութեան:

Հէնց այստեղ էլ հարց է ծագում. որտե՞ղ ենք մենք եւ որտե՞ղ է մեր արտաքին քաղաքականութիւնը:

Արցախեան հարցում Արցախի արտաքին քաղաքականութեան հիմնական ելակէտը բանակցութիւններին մասնակցելու կռւանն է: Բայց նախքան բանակցութիւններին մասնակցելը պէտք է վարել քաղաքականութիւն, քաղաքական բեմահարթակում ճշտել երկրի տեղը եւ յանձնառու լինել համապատասխան դերը կրելու մէջ: Թող դա լինի բազմաւեկտոր, կոմպլիմենտար, արեւելամէտ կամ արեւմտամէտ, սակայն դրա անհրաժեշտութիւնը բխում է ոչ թէ ցանկութիւնից ու քմահաճոքից, այլ պետութեան գոյութեան փաստից:

«Ապառաժ»
16 յունիս, 2017թ․

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։