Հա

Ազգային

02/07/2017

Մեր բոլորի սեփականութիւնը

պէտք է արձանագրել, որ պատմութեան առաջ մեղք գործած կը լինենք եթէ մայիս քսանութ, Սարդարապատ ու Բաշ Ապարան, Արամ Մանուկեան, Դրօ, Նժդեհ, Իսահակեան ու Ահարոնեան, Վարուժան ու Բակունց անունները համարենք մէկ կուսակցութեան սեփականութիւնը: Բոլոր այդ արժէքները պատկանում են հայ ժողովրդին: Բայց փաստենք նաեւ, որ Դաշնակցութիւն կուսակցութիւնը այս բոլորի առանցքում եղել է այն գործիքը, որն ապահովել է ազգի եւ պետականութեան վերածնութեան հնարաւորութիւնը: Համաձայն Նժդեհի հետեւեալ բանաձեւման. «Կուսակցութեանս հետ, բայց ազգիս համար»:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Առաջին Հանրապետութեան ստեղծման 100-ամեակի կապակցութեամբ ստեղծւած պետական յանձնաժողովը կազմում է 2018-թւականին իրականացւելիք միջոցառումների ծրագիրը: Ողջունելի է, որ յանձանժողովն ստեղծւել է յոբելեանական տարւանից գրեթէ մէկ տարի առաջ եւ դատելով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան որոշումներից` արդէն իսկ ինչ-ինչ նախաձեռնութիւններ հաստատւում եւ նոյնիսկ գործադրման ընթացք են ստանում:

Այդ նախաձեռնութիւնների հարցում քաղաքապետարանի եւ պետական յանձնաժողովի գործունէութիւնը որքանով է փոխկապակցւած այս դէպքում էական չէ, աւելի կարեւոր է, որ ընդհանուր ծրագրի շրջանակում, տարբեր գերատեսչութիւններ, պետական ու ոչ պետական հաստատութիւններ իրենց իրաւասութիւնների եւ հնարաւորութիւնների շրջանակում որոշակի մասնակցութիւն ունենան ընդհանուր այս գործում: Առհասարակ կարեւոր է, որ ծրագրւելիք միջոցառումները կրեն համաժողովրդական բնոյթ, երկրում ստեղծւի համապատասխան մթնոլորտ, որը կը պահպանւի ողջ տարւայ ընթացքում:

Այլապէս հնարաւոր է իրականացնել բազմաթիւ ու բազմաժանր միջոցառումներ, որոնց կը մասնակցեն սահմանափակ թւով մարդիկ եւ դրանք չեն դառնայ ընդհանուրի սեփականութիւնը: Այնինչ խօսքը աշխարհի բոլոր հայերին ուղղակիօրէն վերաբերող մեծագոյն տօնի մասին է եւ այս առիթը պէտք է օգտագործել ոչ միայն նորագոյն պատմութեան դժւարին երկունքն ու ազգափրկիչ ծնունդը խորքով բացայայտելու ու հանրայնացնելու համար, այլեւ առիթն օգտագործել անկախութեան ու պետականութեան գաղափարը մեր արեան ու գիտակցութեան մէջ ամրապնդելու համար:

Խորհրդային ժամանակաշրջանի առանձնայատկութիւններից մէկն այն էր, որ ապրելով սեփական երկրում մենք ատում էինք պետական կացութաձեւը, կոմունիստական իշխանութիւնը, վարչական ու գաղափարական համակարգը, իրականութիւնից հեռու բայց պարտարդրւող կեղծ ճշմարտութիւնները եւ փաստօրէն սեփական երկրում մենք ապրում էինք որպէս այդ մեծ տան խորթ զաւակներ: Խորհրդային-կոմունիստական համակարգը դարձաւ պատմութիւն, բայց շատ մտայնութիւններ շարունակեցին գոյատեւել մեր գլուխներում:

Յիշենք, որ Եգիպտոսից իր ժողովրդին դուրս բերած Մովսէսը մինչ նրան հայրենիք բերելը ետեւն արած քառասուն տարի թափառեց, որպէսզի այդ ընթացքում կեանքից հեռանայ որպէս ստրուկ ապրած սերունդը: Մի՞թէ մեզ էլ է քառասուն տարի անհրաժեշտ, որպէսզի տարբերենք երկիրն ու իշխանութիւնը եւ իշխանաւորներին չսիրելով չասենք թէ. «Էս երկիրը երկիր չի»: Մի՞թէ քառասուն տարի է անհրաժեշտ հասկանալու համար, որ թէկուզ թոյլ, թէկուզ կախումներ ունեցող անկախութիւնը գերադասելի է ուժեղ պետութիւնից որտեղ դու կամազուրկ ենթակայ ես եւ ոչ տէր: Մի՞թէ դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար, թէ որն է իրական եւ որն է կեղծւած պատմութիւնը, որ չի կարող լինել այնպէս, որ ազգիդ ընտրանին ու մահապարտները յանկարծ դառնան երկիր ծախող, իսկ սւիններով հայրենիքդ նւաճողը դառնայ ազատարար:

Ինչ որ մէկը կարող է չափազանցւած համարել այս դիտարկումները, բայց արդեօ՞ք մտահոգութիւնը հիմնաւոր չէ, եթէ մենք այսօր էլ աւելի շատ հաւատում ենք խորհրդային պատմաշինութեանը, քան մեր գործիչների վկայութիւններին, եթէ մենք շարունակում ենք որպէս կուռքեր պահպանել բոլշեւիզմի մանկուրտ հերոսների յուշարձանները եւ քննարկման առարկայ դարձնել արդեօ՞ք նպատակայարմար է պատմութեան ասպարէզից հեռացած մի ժողովրդի պետականութեան վերականգնումը խորհրդանշող հերոսի յուշարձան դնել-չդնելու հարցը համեմատել Լենինի արձանից հրաժարւելու փաստի հետ:

Մենք Հայոց պետականութեան վերականգնման ամենամեայ տօնին հեռուստատեսութեամբ ցուցադրում ենք այդ պետութեան ծնունդը եւ նրա գործիչներին վարկաբեկող ֆիլմեր, անկախ պետութեան կառավարութեան շէնքը այլանդակում եւ վերածում ենք պիցցայի պանդոկի, մերժում ենք պատմական իրադարձութիւնների հետ կապել այդ ժամանակաշրջանը կերտած, ըստ էութեան միակ գործուն քաղաքական ուժին եւ եթէ անդրադառնում ենք ինչ-ինչ իրադարձութիւնների եւ գործիչների, ապա խուսափելով դրանք կերտող եւ դրանք ներկայացնող նոյն ուժի անունը տալ:

Հնարաւոր սխալ տպաւորութիւնը ցրելու համար պէտք է արձանագրել, որ պատմութեան առաջ մեղք գործած կը լինենք եթէ մայիս քսանութ, Սարդարապատ ու Բաշ Ապարան, Արամ Մանուկեան, Դրօ, Նժդեհ, Իսահակեան ու Ահարոնեան, Վարուժան ու Բակունց անունները համարենք մէկ կուսակցութեան սեփականութիւնը: Բոլոր այդ արժէքները պատկանում են հայ ժողովրդին: Բայց փաստենք նաեւ, որ Դաշնակցութիւն կուսակցութիւնը այս բոլորի առանցքում եղել է այն գործիքը, որն ապահովել է ազգի եւ պետականութեան վերածնութեան հնարաւորութիւնը: Համաձայն Նժդեհի հետեւեալ բանաձեւման. «Կուսակցութեանս հետ, բայց ազգիս համար»:

Վերը բերւած օրինակները փաստարկելու համար են, որ մեր անկախ պետականութիւնը մեր միս ու արիւնը չի դարձել դրա համար էլ շատ հանգիստ, տեղի ու անտեղի հեգնում ենք թէ. «Ինչ անկախ Հայաստան, Պուտինն է երկիրը ղեկավարում»: Յետոյ կարող է պարզւել, որ ամերկացիք են ղեկավարում կամ եւրոպացիք՝ անգամ Ադրբեջանն է թելադրում իր կամքը, միայն ոչ անկախ ու ինքնուրոյն Հայաստան, որի անկախութեան միակ երաշխաւորը մենք ենք ու սահման պահող հայորդիները: Եւ երբ յոյսը կապում ենք կամ պատասխանատւութիւնը գցում ենք ուրիշի ուսերին տեղի է ունենում մեր ներքին դասալքութիւնը: Մեզ լուրջ վերափոխութիւն եւ ճշմարտութիւնների վերարժեւորում է անհրաժեշտ եւ հէնց այս նպատակին կարող է ծառայել 900-ամեայ անէութիւնից յետոյ անկախ պետականութեան վերակերտման իրողութեան իմաստաւորումն ու փառաբանումը, հայկական աշխարհագրութեան սահմաններում, յոբելեանական ողջ տարւայ ընթացքում:

1917 թւականին, երբ խորհրդայնացած Ռուսաստանը հեռացաւ Անդրկովկասից նրա ետեւից փլուզւեցին պետական կառոյցները: Մեր հարեւանները, բացի Իրանից, ձգտում էին մէջ-մէջ անել դանդաղ մեռնող պատմական Հայաստանի վերջին հողակտորը: Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը նոյն թւականի դեկտեմբերին հայոց պետականութիւն վերստեղծելու համար քաոսի երկիր ուղեւորեց ամենաճիշտ մարդուն: Այդ ամենաճիշտ ընտրւած մարդու թիկունքին կանգնեց ամենախելահեղ եւ հայապաշտ զինւորականը: Հետագայ 6 ամիսների ընթացքում նրանք միասնաբար ստեղծեցին անկախ պետականութեան շէնքը, մաքրեցին երկիրը ներքին թշնամուց, բարոյալքւած զանգւածներից կերտեցին մարտունակ, ազգային ազատագրութեան գաղափարով սնւած ժողովուրդ եւ մայիսի վերջին պատմութեան անդունդից դուրս բերեցին ու Արարատի շուքի տակ շունչ հաղորդեցին հայոց պետութեանը: Կեանքները պատերազմների մէջ մաշած արհեստավարժ զինւորականները չէին հաւատում դիմակայութեան հնարաւորութեանը եւ խորհուրդ էին տալիս քաշւել դէպի երկրի բարձրադիր շրջաններ, հայդուկային կռիւներ տանելու համար, իսկ Արամը պնդեց, որ այդ դէպքում հայկական վերջին հողակտորը կարժանանայ Արեւմտահայաստանի ճակատագրին՝ Երեւանի մատոյցներում պէտք է կռւենք ու յաղթենք՝ մեզ գետին տապալած դարաւոր ոսոխին:

Հիմա որոշ մարդիկ ասում են ինչո՞ւ Հանրապետութեան մուտքի մօտ դնենք Արամի Մանուկեանի արձանը: Բա եթէ Արամ Մանուկեանն է լաւագոյնս խորհրդանշում Հանրապետութեան ծնունդն ու գոյութիւնը որտե՞ղ դնել նրա արձանը, եթէ ոչ հէնց Հանրապետութեան հրապարակում եւ եթէ առհասարակ համաձայն էք, որ վերջապէս այս երկիրն ունենայ իր հիմնադիր գործչին պատշաճ յուշարձանը: Դեռ հերթը չի էլ հասել Արամի գործակից այն գործչի փառաբանմանը ում անունը ցանկացած ազգի ներկայացուցիչ հպարտութեամբ կը յաւէրժացնէր, եթէ իհարկէ ունենար իր Դրօն:

Ինչ վերաբերում է Հանրապետութեան հրապարակի պարագային, ապա պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ երբ էլ որոշւի այն ամբողջացնել պէտք է ամբողջանայ Հանրապետութիւնը, պետականակերտման պայքարը եւ յաղթանակը արտայայտող խորհրդանիշերով: Այլապէս եւս մէկ անգամ կը յայտնւենք այն անհեթեթեթ իրավիճակում, երբ Նժդեհի անւան հրապարակում կանգնեցւած է նրա իսկ հակառակորդ բոլշեւիկեան գործչի արձանը: Ի դէպ, իր հերթին Նժդեհի արձանը կանգենցւած է բոլորովին այլ վայրում, այն էլ՝ թարս դիրքով: Այսինքն թիկունքով պուրակին, որին մաս է կազմում, եւ գերիշխող փողոցին: Բայց սա արդէն այլ խօսակցութեան նիւթ է:

Տարւելով ազատ մտքի ընթացքով մի փոքր էլ երկարացնեմ խօսքս: Ինչքան գործիչների արձաններ կան Հայաստանում, ինչքան հերոսների անուններ կան դասագրքերում, եկեք մտաբերենք դրանցից մի քանիսին ու մեզ հարց տանք.«իսկ ի՞նչ է արել հայ ժողովրդի համար»: Անուններ կան, որոնք բոլորիս գլխի մէջ ապրում են վաղուց, բայց չվախենալով բարձրաձայն մտածել խորհենք օրինակ որ.«աշխարհում չկայ այդպիսի մի գիւղ, որը տւել է 2 մարշալ, 11 գեներալ, Խորհրդային Միութեան 7 հերոս, աւելի քան 50 գնդապետ»։ Այս հերոսները, որ ազտագրեցին ԽՍՀՄ-ն ու Եւրոպան, գրաւեցին Բեռլինը, ոչնչացրին Հունգարիայի անկախութեան շարժումը, մատը-մատին խփեցի՞ն արդեօք, որ իրենց հարազատ գիւղը այսօր չպատկանէր քոչւոր նւաճողներին:

Թող որ նրանց ու նրանց գործերի մասին ուսուցանւի սերունդներին, իսկ քանի՞ հայ է տեղեակ, որ Նիկոլ Դուման անունով հայրենակից է ունեցել ով 1905-1906 թւականներին ցեղասպանութիւնից փրկեց արեւելահայութռանը եւ կովկասահայութռանը:

Ժամանակը չէ՞ վերադասաւորում կատարելու պատմութեան կաճառում եւ բոլորին դասդասել ըստ «հասակի»:

Անկախ պետականութեան հարիւրամյակի նշումը լաւ առիթ է այս գործընթացի համար, լաւ առիթ է մենք մեզ ներարկելու, որ մեր ամենակարեւոր հարստութիւնը մեր պետականութիւնն է ու մեր ոտքերի տակ գտնւող հողը ու ոչ թէ երազանքների օտար երկինքները:

Լաւ առիթ չէ՞ մտակաղապար ձուլելու այն գիտակցումից, որ մեր միակ բարեկամը մենք ենք, մնացածի հետ ունենք շահերի համընկնում, ինչն առհասարակ յաւէրժ չի լինում:

Կուզէի, որ սկսած դպրոցներից, քարոզչամիջոցերից բոլորս մտածէինք այն շահի մասին, որ կարելի է կորզել համաժողովրդական տօնի վերածելով մեր ինքնութեան յաղթանակի 100-ամեակը, որը երբեք հատւածական սեփականութիւն չէ, այլ պատկանում է բոլոր այն հայերին, ովքեր իրենց տէր կը զգան այդ սեփականութեանը:

 «Դրօշակ»

Յարակից լուրեր

  • Արամ Մանուկեանի յուշակոթողը եւ այլ ազգային պարտամուրհակներ
    Արամ Մանուկեանի յուշակոթողը եւ այլ ազգային պարտամուրհակներ

    Նախորդ Վարչապետի շտապ հրաժարականէն ետք հարց տուինք, թէ ի՞նչ էր աշխատանքային կարգավիճակը Արամ Մանուկեանի յուշակոթողին եւ մեզի ըսուեցաւ, որ Ժողովրդային Շարժման ցոյցերու ալիքին մէջ աշխատանքները կասած էին եւ արձանի տեղադրումը յետաձգուած՝ Յունիսի երկրորդ կէսին։

  • Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում
    Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում

    Ներկայացւած խորագրի ներքոյ կարելի է թերեւս պատմաքաղաքական լուրջ ուսումնասիրութիւններ կատարել, սկսելով Հայաստանի պառլամենտարիզմի ակունքներից: Յիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակմանը յաջորդող օրերին, դեռեւս Թիֆլիսում, վարչապետ նշանակւած Յովհաննէս Քաջազնունին յանձնարարութիւն ունէր ձեւաւորելու կոալիցիոն կառավարութիւն:

  • Սիւնիքում մեծ շուքով բացւել է Արամի կիսանդրին
    Սիւնիքում մեծ շուքով բացւել է Արամի կիսանդրին

    ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, երէկ՝ մայիսի 29-ին ՀՀ Սիւնիքի մարզի Դաւիթ Բէկ գիւղում մեծ շուքով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր այրերից մէկի՝ Արամ Մանուկեանի կիսանդրու բացման արարողութիւնը: 

  • Ինչ տօն ենք տօնում
    Ինչ տօն ենք տօնում

    Ակնյայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ յստակ չէ, թէ ինչին է նւիրւած 100-ամեակի տօնը, որ համազգային շուքով տօնում ենք այս տարի: Միթէ՞ այդպիսի տպաւորութիւն չի ստացել ցանկացած մարդ ներկայ գտնւելով (եթէ յաջողւել է ներկայ գտնւել) Սարդարապատի տօնակատարութեանը: Ինքս առիթ ունեցայ տանը լինելու եւ հեռուստացոյց միացնելու, երբ հարիւրամեակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր անգլերէն երգ երգել եւ հասկանալով, որ այստեղ էլ բան չեմ կորցրել փոխեցի ալիքը:

  • Արամը ներկայացնում է այդ 30 տարւայ ողջ պայքարը. Դաշնակցականներն այցելել են Արամ Մանուկեանի գերեզմանին
    Արամը ներկայացնում է այդ 30 տարւայ ողջ պայքարը. Դաշնակցականներն այցելել են Արամ Մանուկեանի գերեզմանին

    Երէկ մայիսի 28-ին` Առաջին Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւնների շրջանակում Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմին էին այցելել դաշնակցականները: Այնտեղ էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանը, Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը, եւ այլոք:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։