Հա

Ազգային

Երեքշաբթի, 11 Յուլիսի 2017 14:30

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի ղեկավարի հարցազրոյցը. «Եւրոպացի գործիչների այցը Արցախ շարունակւելու է»

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը կը շարունակի տեղեկացնել Եւրոխորհրդարանի եւ Եւրոպական երկիրների խորհրդարանների պատգամաւորներին սահմանի վրայ Ադրբեջանի կողմից յարձակումների եւ զինադադարի խախտումների մասին: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը: 

«alikonline.ir» - ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը կը շարունակի տեղեկացնել Եւրոխորհրդարանի եւ Եւրոպական երկիրների խորհրդարանների պատգամաւորներին սահմանի վրայ Ադրբեջանի կողմից յարձակումների եւ զինադադարի խախտումների մասին: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը: Նրա խօսքով՝ պէտք չէ բացառել 2016-ի ապրիլեան վայրագ յարձակումների նման նոր գործողութիւնների հաւանականութիւնը, սակայն պէտք է ամէն ինչ անել, որ դրանք չկրկնւեն:

 

- Պարոն Կարապետեան, 2017 թւականի առաջին կիսամեակն աւարտւում է: Ասացէք խնդրեմ, 2017 թւականի առաջին վեց ամիսները Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի աշխատանքներում ինչո՞վ առանձնացան: Ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնէք:

- 2017 թւականին կարեւոր նախաձեռնութիւններ եղան, փետրւարին Արցախի նոր Սահմանադրութեան նախագծի հանրաքւէին 8 միջազգային դիտորդներից բաղկացած պատւիրակութեան ուղարկւեց: Նրանք հետեւեցին քւէարկութեան ընթացքին` այցելելով 48 ընտրատեղամասեր: Հանրաքւէի աւարտին դիտորդները հրապարակեցին իրենց զեկոյցը` նշելով, որ քւէարկութիւնը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այս զեկոյցը մեր գրասենեակը ուղարկեց Եւրոպական, միջազգային կազմակերպութիւններին եւ պատկան մարմիններին։ Սա երկրորդ նման առաքելութիւնն է, որ մեր գրասենեակն իրականացնում է։ Նպատակն է ցոյց տալ Արցախի ժողովրդավարութեան ձգտումն ու պետականաշինութեան գործընթացը, թէկուզ չճանաչւած իրականութեան մէջ։

Մայիսի 1-ին Հայ Դատի գրասենեակը կազմակերպեց Բերիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տէր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանի եւ Հալէպի հայ համայնքի ներկայացուցիչ Կարօ Իւզբաշեանի այցը Բրիւսէլ: Այս առթիւ տեղի ունեցաւ օժանդակութեան եւ դրամահաւաքի երեկոյ` սիրիահայ համայնքի վերակառուցման համար: Հայ համայնքի հետ հանդիպումից բացի, Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը մասնակցեց մեր կազմակերպած քաղաքական հանդիպումներին Բելգիայի դաշնային եւ շրջանային խորհրդարանների ներկայացուցիչների, Եւրոխորհրդարանի անդամների, յատկապէս ԵՄ-ի մարդասիրական օժանդակութեան եւ ճգնաժամի կառավարման յանձնակատար պրն. Խրիսթոս Սթիլիանիտիսի եւ մի շարք Եւրոպական լրատւամիջոցների հետ՝ նպատակ ունենալով իրազեկել սիրիահայերի խնդիրների մասին:

Մայիսին ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի եւ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ Եւրոպայի տարածքում գործող Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը, որտեղ արծարծւեցին Հայ Դատի Եւրոպայում առնչւող բոլոր խնդիրներն ու մեր առաջիկայ աշխատանքի ուղղութիւնները:

Գրասենեակի հիմնադրման 15 ամեակի առթիւ էլ Բրիւսէլում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որտեղ ներկայ էին Եւրոպական միութեան, միջազգային կազմակերպութիւնների, Բելգիայի մօտ 120 քաղաքական գործիչներ, ներկայացուցիչներ: Այստեղ կը ցանկանամ անդրադառնալ նաեւ գրասենեակում աշխատակազմի փոփոխութեանը։ Յարութ Շիրինեանը փոխարինեց Պետօ Դեմիրճեանին, ով շուրջ 7 տարի գրասենեակի հաղորդակցութեան ու հասարակութեան հետ կապերի պատասխանատուն էր։ Բնականաբար այս բոլորին զուգահեռ Հայ Դատի յանձնախումբն ունի իր առօրեայ եւ մշտական գործունէութիւնը քաղաքական, պահանջատիրական եւ այլ ոլորտներում:

 

- Հայ Դատի գրասենեակը, ինչպէս նախորդ, այնպէս էլ այս տարի շարունակել է Եւրոպայից պատգամաւորների, հասարակական խմբերի այցելութիւն կազմակերպել դէպի Արցախ: Արդեօ՞ք նման այցելութիւնները շարունակւելու են:

- Այո, այս այցելութիւնները շարունակւում են եւ պիտի շարունակւեն, որովհետեւ Արցախը մեր ներկայ գործունէութեան ամենակարեւոր առաքելութիւններից մէկն է: Տակաւին մի քանի օր առաջ կազմակերպեցինք Բելգիայի պատգամաւորների այցը դէպի Հայաստան եւ Արցախ: Նրանք տեսակցութիւններ ունեցան պետական բարձրագոյն ներկայացուցիչների հետ: Այս այցը 2017-ին արդէն 3-րդն էր: Վերջին երկու տարիներին միայն Բելգիայից 22 պատգամաւորներ այցելեցին մեր զոյգ Հանրապետութիւններ։

 

- Ձեր ուսումնասիրութիւններն ի՞նչ են ցոյց տալիս, նման այցելութիւնների գլխաւոր արդիւնքները որո՞նք են:

- Ինչպէս տեղեակ էք, Արցախի Հանրապետութեան աշխարհաքաղաքական իրավիճակը եւ թուրք-ադրբեջանական շրջափակումը Արցախը պահում է մեկուսացման մէջ: Այս մեկուսացումը միայն քաղաքական չէ, այլեւ՝ տնտեսական եւ ընկերային: Ուստի եւրոպացի եւ օտար քաղաքական անձնաւորութիւններին ու լրագրողներին առիթ պէտք է տրւի այցելելու Արցախ, լինելով ականատեսը տեղում զարգացման առաջընթացին, հանդիպելու պետական եւ կառավարական կառոյցների ղեկավարների հետ, ծանօթանալու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան վերջին տեղեկութիւններին: Գրասենեակն այս գործն է, որ կատարում է եւ առաջիկայ ամիսներին նոր պատւիրակութիւններ պիտի ուղղւեն դէպի մեր զոյգ Հանրապետութիւնները:

Այս պատւիրակութիւնների դրական արդիւնքները կարող ենք տեսնել Եւրոպայում հետագայում տարւող գործունէութեան ընթացքում: Լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանման գործընթացին վերաբերող, լինի մեր կազմակերպած տարբեր միջոցառումներին մասնակցութիւն ապահովելով, ինչպէս օրինակ, 2016-ի նոյեմբերին Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի կազմակերպած «Արցախ - Լեռնային Ղարաբաղ թաքնւած գանձ» խորագրով ցուցահանդէսին ներկայ եղան 200 հրաւիրեալներ, մեծ թւով քաղաքական դէմքեր: Ցուցահանդէսին նպատակն էր Արցախի զբօսաշրջութեան հնարաւորութիւնը ներկայացնել Եւրոպական հանրութեան, ինչպէս նաեւ տնտեսական ներդրումների կարողութիւնը:

Արդիւնքների իմաստով, պէտք է ասել, որ այս պատւիրակութիւնները կը հեշտացնեն յարաբերութիւններն ինչպէս Արցախի Հանրապետութեան նախագահի կամ արտաքին գործերի նախարարի կամ Ազգային ժողովի նախագահի այցերը Բրիւսէլ: Չմոռանանք նաեւ, որ բոլոր մեր կազմակերպած պատւիրակութիւններում ընդգրկւած անձինք բնականաբար պիտի գտնւեն Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում, որի թիւը որքան աճի, այնքան լաւ մեզ համար:

 

- Պարոն Կարապետեան ինչպէ՞ս կը մեկնաբանէք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դէպքերը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկւում Հայ Դատի գրասենեակի կողմից Ադրբեջանի սադրիչ քաղաքականութեան իսկութիւնը միջազգային հանրութեանը տեղ հասցնելու համար:

- Պատմութեան մեջ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն օգտագործում է իր բնակչութիւնը որպէս մարդկային վահան: Բնականաբար դժբախտ երեւոյթ է անմեղ երեխայի զոհ դառնալը, սակայն այս երեխան Ադրբեջանի կառավարութեան եւ Ալիեւի անմարդկային վերաբերմունքի զոհն է: Ալիեւի անմարդկային նոյն վերաբերմունքին ականատես եղանք ապրիլեան պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանի բանակի կողմից իրականացւած ոճիրների հետեւանքով Թալիշ գիւղի 90-ամեայ հայ քաղաքացիների մարմինների խեղւեցին եւ հայ զինւորները ԴԱԷՇ-ի ոճով գլխատւեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են ուղղել դադարեցնելու զինւորական գործողութիւնները եւ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, սակայն այս մէկը անբաւարար է: ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտականութիւնն է նաեւ մատնանշել զինադադարը խախտող կողմը եւ դատապարտել այն:

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան հրապարակումից անմիջապէս յետոյ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը տեղեկացրեց Եւրոխորհրդարանի պատգամաւորներին սահմանի վրայ Ադրբեջանի կողմից այս վերջին խախտումների ճշգրիտ բնոյթի մասին: Եւ արդէն որոշ անդամներ հրապարակային ձեւով դատապարտել են Ադրբեջանի այս քաղաքականութիւնը:

 

- Պարոն Կարապետեան, տեսնում ենք, որ ապրիլեան պատերազմից յետոյ Ադրբեջանը շարունակում է սահմանին սադրիչ գործողութիւններ իրականացնել, մենք ունեցանք զոհեր: Ըստ ձեզ, ո՞րը պէտք է լինի հայկական կողմի անելիքը:

- Նախ եւ առաջ կը ցանկանամ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակի անունից ցաւակցութիւններ յայտնել իրենց պարտականութիւնը կատարելիս զոհւած հայ զինւորների ընտանիքներին: Յստակ է, որ Ադրբեջանի իշխանութիւնները փորձում են միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել երկրի ներքին խնդիրներից եւ մարդու իրաւունքների ու ժողովրդավարութեան խախտումներից դէպի Արցախի հակամարտութիւն: Սակայն հայկական կողմը պէտք է շարունակի ճնշում բանեցնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագհների վրայ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի բանակցութիւններում ձեռք բերւած համաձայնութիւնների գործադրման իմաստով: Միջազգային հանրութիւնը պէտք է այլեւս ընդունի, թէ ով է յարձակւող կողմը: Հարկաւոր է նաեւ ՀՀ - Արցախ - Սփիւռք երրորդութիւնը համադրւած կերպով աշխատել միջազգային հանրութեանը ներկայացնելու Արցախի հարցի իսկական պատկերը:

 

- Այս համատեքստում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայ Դատի գրասենեակը:

- Հայ Դատի գրասենեակը պիտի շարունակի տեղեկացնել Եւրոխորհրդարանի եւ Եւրոպական երկիրների խորհրդարանների պատգամաւորներին սահմանի վրայ Ադրբեջանի կողմից յարձակումների եւ զինադադարի խախտումների մասին: Պէտք չէ բացառել 2016-ի ապրիլեան վայրագ յարձակումների նման նոր գործողութիւնների հաւանականութիւնը, սակայն պէտք է ամէն ինչ անել, որ դրանք չկրկնւեն: Այս պատճառով է, որ Հայ Դատի գրասենեակը կազմակերպեց Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի՝ Ռուբէն Մելիքեանի այցը Բելգիա, ինչպէս նաեւ նրա կողմից հրապարակած 2 զեկոյցները տարածելը ԵՄ-ի շրջանակներում:

Այս գործի մէջ իր մեծ դերակատարութիւնն ունի նաեւ քաղաքական պատւիրակութիւնների առաքելութիւնը դէպի Արցախ, բարձրացնելու համար Եւրոպայի տարածքում Արցախի բարեկամների թիւը, արդարութեան եւ ժողովրդավարութեան հաւատացող մարդկանց թիւը եւ նւազեցնելու Ադրբեջանի խաւիարային դիւանագիտութեան ազդեցութիւնը:

 

- Ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկի միջազգային հանրութիւնը Ադրբեջանին զսպելու համար:

-Նախ՝ յիշեցնեմ, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն իր նախավերջին յայտարարութեան մէջ դատապարտեց Ադրբեջանին՝ որպէս զինադադարը խախտող կողմ: Միայն այս ուղղութեամբ է, որ իրականութիւնը բացայայտւում է: Նաեւ պէտք է նշել, որ վերջերս, յատկապէս ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առեւանգումից յետոյ, Եւրոխորհրդարանը բանաձեւով խստօրէն դատապարտեց Ադրբեջանի իշխանութիւնների կողմից մարդու իրաւունքների եւ խօսքի ազատութեան խախտումները: Կարող ենք նաեւ աւելացնել մարտին «Freedom Files Analytical Center» միջազգային կազմակերպութեան կողմից հրապարակւած տեղեկագիրը, որ մանրամասնօրէն ի յայտ կը բերի բոլոր Եւրոպացի քաղաքական գործիչների անունները, որոնք կաշառք են ստացել Ադրբեջանի իշխանութեան կողմից:

 

- Պարոն Կարապետեան, Բաքւում միջազգային խոշոր մրցաշարը` «Ֆորմուլա 1»-ի անցկացումն արդեօ՞ք չի դիտարկւում Ադրբեջանին թեւ տալու գործընթացի համատեքստում:

- Բնականաբար այսպիսի երեւոյթը շատ մտահոգիչ է: Գիտենք, որ Ադրբեջանը փորձում է իր պատկերը բարելաւել՝ մուտք գործելով միջազգային հարթակ, մարզական ոլորտի միջոցով, որ պէտք է ունենայ խաղաղութեան եւ զւարճանքի պատգամ, ինչը Ադրբեջանի դէպքում ծիծաղելի է։

Մեզ նաեւ մտահոգում է Ադրբեջանի մասնակցութիւնը ֆուտբոլի Եւրօ 2020-ը հիւրընկալելու գործընթացին: Սակայն այս բոլորը քաղաքական որեւէ նպաստ չի բերի, մանաւանդ Արցախի հարցով, այլ կձգտեն Ալիեւի համբաւը բարելաւել ներքին իմաստով:

 

- 2017 թւականի երկրորդ կէսին Հայ Դատի գրասենեակն ինչ ծրագրեր ունի, արդեօ՞ք նախանշւած միջոցառումներ կան: Կամ միգուցէ այլ երկրներում Հայ Դատի գրասենեակների բացման նախաձեռնութիւններ կան:

-Մեր առջեւ ունենք բաւական կարեւոր եւ աշխոյժ աշխատանքի շրջան: Ինչպէս նշեցի պատւիրակութիւններ պիտի շարունակեն այցելել Արցախ: Յաջորդը տեղի կունենայ սեպտեմբերին: Հոկտեմբերի 16-ի եւ 17-ին տեղի կունենայ Եւրոպահայութեան 4-րդ համագումարը Եւրոխորհրդարանի ներսում, սպասւում է մեծ թւով քաղաքական եւ քաղաքացիական անձանց մասնակցութիւն, ինչպէս նաեւ Եւրոպահայ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, արծարծելու համար հայութեան առջեւ պարզւած մարտահրաւէրները եւ դրանք յաղթահարելու ձեւերը:

Իսկ նոյեմբերին, ինչպէս արդեն տեղեակ էք, հաւանաբար կը ստորագրւի ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, որին մօտիկից կը հետեւենք եւ կը բերենք մեր օժանդակութիւնը:

Ինչ վերաբերում է այլ Եւրոպական երկրներում Հայ Դատի յանձնախմբերի կազմութեանը, ապա ասեմ, որ մենք այդ գործընթացի մէջ ենք, եւ յուսով ենք, որ մեր յանձնախմբերի թիւը մինչեւ 2017 թւականի աւարտը կաւելանայ:

Հարցազրոյցը՝ ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։