Հա

Ազգային

Շաբաթ, 15 Յուլիսի 2017 11:10

Սոցինտերնի խորհրդի ժողովում ՀՅԴ-ն կասեցրել է Ադրբեջանի հակահայ քարոզչութիւնը

Յուլիսի 11-12-ին Նիւ Եօրքում կայացել Սոցինտերնի խորհրդի ժողովը, որին որպէս կազմակերպութեան լիիրաւ անդամ մասնակցել է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութիւնը:

«alikonline.ir» - Յուլիսի 11-12-ին Նիւ Եօրքում կայացել Սոցինտերնի խորհրդի ժողովը, որին որպէս կազմակերպութեան լիիրաւ անդամ մասնակցել է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութիւնը: Տեղեկացնում է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնական կայքը:

Հայաստանը ներկայացնող ՀՅԴ պատւիրակութիւնը գլխաւորել է ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատրեանը, իսկ պատուիրակութեանը մաս են կազմել Վահագն Գարագաշեանը (Կանադա), Սանդրա Վարդանեանը (ԱՄՆ), Մարալ Չոլոյեան (ԱՄՆ), Սեւակ Պելեան (Կանադա), Յակոբ Յակոբեան (Կանադա) եւ Նարէ Քիւփէլեանը (ԱՄՆ)։

Խորհրդի առաջին նիստում ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը, որն իր խօսքում յատուկ անդրադարձել է զինւած բախումների արդիւնքում ստեղծւած փախստականների համատարած ճգնաժամին, աշխարհը պատուհասած միջազգային ահաբեկչութեանն ու կլիմայական փոփոխութեան ճգնաժամին եւ երիտասարդութեան դիմագրաւած մարտահրաւէրներին, շեշտելով յատկապէս համատարած գործազրկութեան հիմնահարցին լուծումներ գտնելու հրամայականին։ Նա շեշտել է նաեւ, որ միջազգային հանրութեանն անհրաժեշտ է ձեռնարկել առաւել գործնական քայլեր՝ զիւնած առճակատումները կանխարգելու նպատակով:

Սոցինտերնի խորհրդի ժողովն անդրադարձել է օրակարգային հետեւեալ երեք թեմաներին.

ա. Խաղաղութեան հասնելու նպատակով ամրագրել բազմակողմ համագործակցութիւնը.

բ. Անհրաժեշտ փոփոխութիւնների շրջանակում վերահաստատել կազմակերպութեան արժէքներն ու քաղաքականութիւնը.

գ. Պաշտպանել ժողովրդավարութիւնն բոլոր այն վայրերու, որտեղ գտնւում է սպառնալիքի ներքոյ.

Սոցինտերնի ընդհանուր քարտուղար Լուիս Այալա յատուկ անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին եւ թուրքական իշխանութիւնների գործադրած բռնաճնշումներին: Ելոյթ է ունեցել Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ներկայացուցիչ Ումութ Օրանը, որը յայտնել է, թէ ներկայ դրութեամբ թուրքական իշխանութիւնների գործադրած բռնաճնշումների արդիւնքում երկրում բանտարկւած է 50 հազար քաղաքացի, 164 լրագրող, 200 լրատւամիջոց եւ 12 խորհրդարանի անդամ։ նա հաստատել է նաեւ, որ Թուրքիայում այսօր ոտնահարւած են մարդու հիմնարար իրաւունքները, խօսքի ազատութիւնն ու ժողովրդավարութիւնը։ Ումութ Օրանը շնորհակալութիւն է յայտնել Սոցինտերնի մեծ ընտանիքի ցուցաբերած զօրակցութեան համար։

Ադրբեջանի «Ընկերվար-ժողովրդավար» կուսակցութեան ներկայացուցիչ Արազ Ալիզադէն իր ելոյթում յայտարարել է, որ Ղարաբաղի հայերը ռուսների անմիջական օժանդակութեամբ գրաւել են Ադրբեջանի տարածքի 20%-ը։ Նա ՀՀ-ի ներկայ ու նախկին նախագահներին որակել է որպէս Ղարաբաղի «մաֆիա» եւ նշել է, որ 2016-ի ապրիլին Բաքուն հայկական կողմի յարձակումը սանձելու նպատակով է դիմել ռազմական գործողութիւնների: Ըստ Ալիզադէի՝ անցնող քառասուն օրերի ընթացքում հայկական կողմը 30 երեխայի է սպանել։ Ալիզադէն նաեւ կոչ է արել վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբակի միջնորդական առաքելութեանը եւ Ղարաբաղի հարցը յանձնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին։

Պատասխան ելոյթում ՀՅԴ պատւիրակութեան ղեկավար Յակոբ Տէր-Խաչատրեանն առաջին հերթին ցաւ է յայտնել ադրբեջանցի ներկայացուցչի ապատեղեկատւական, անարգալի ու զգացական զեղումներով կատարած անընդունելի ելոյթի համար: նա յայտնել է, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան այդ իսկ երկրի միջոցով 1994-ին ստորագրած հրադադարի հաստատման մասին համաձայնագրի կոպիտ խախտումն էր, որը նպատակ ունէր բռնկեցնել Արցախի ու Հայաստանի սահմանները՝ նոր պատերազմ սանձազերծելով: Ատրեջանական նախայարձակ բանակը ոչ միայն խախտեց պատերազմական միջազգային օրէնքը, այլ խողխողումի ենթարկեց սահմանամերձ խաղաղ հայ բնակիչներին, որոնց մէջ կային տարեցներ եւ երեխաներ: Այդ վայրագութիւնները վերյիշեցնում էին Սումգայիթում, Բաքւում եւ Կիրովաբատում հայերի դէմ գործադրւած սպանդները, որոնց միջոցով Բաքուն բնաջնջեց Ատրբեջանի տարածքում բնակւող հայութեան կարեւոր տոկոսը ու մնացեալին քլ աքսորեց իր երկրից դուրս: Յակոբ Տէր-Խաչատրեանը շեշտել է, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, այլ Ստալինի իշխանութեան օրերին, խորհրդային իշխանութիւնների կամայական որոշումով բռնակցւել էր Խորհրդային Ադրբեջանին:

Յակոբ Տէր-Խաչատրեանը նաեւ յայտնել է, որ հայ ժողովուրդը լաւ գիտէ պատերազմի արհաւիրքը, որովհետեւ անցեալ դարում ապրել է ցեղասպանութեան դառը փորձութիւնը, որը ծրագրւած ու գործադրւած էր Թուրքիաի պետութեան կողմից իր իսկ քաղաքացիների նկատմամբ 1915-1923-ի ընթացքում: Ուստի, բնական է, որ Ղարաբաղի հայութիւնը, որ ճաշակել էր ադրբեջանական հալածանքն ու սպանդը, եւ տեսել է, թէ Ադրբեջանի պետական բարձրագոյն ներկայացուցիչներն ինչպէս են հերոսացնում հայասպան ոճրագործներին, բացառէր Ադրբեջանի որեւէ ենթակայութիւն: Ղարաբաղի ժողովուրդի համար երբեք ընդունելի չէ ազատ ինքնորոշման իր միջազգայնօրէն ամրագրւած իրաւունքի ոտնահարումը:

Յակոբ Տէր-Խաչատրեանը կոչ է ուղղել Ադրբեջանի «Ընկերվար-ժողովրդավար» կուսակցութեան պատւիրակութեան, ապատեղեկատւթիւն եւ ատելութիւն սերմանելու փոխարէն իր պետութիւնը մղի, որպէսզի հետամուտ լինի ԼՂ հիմնահարցը Մինսկի խմբի շրջանակում եւ քաղաքակիրթ երկխօսութեան ճամբով լուծմանը։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է բացառել պատերազմը, եւ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման համար իրագործել հետեւեալ կէտերը.-

ա. 1994-ի հրադադարի ամրագրում եւ Վիէննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնութիւնների յարգում.

բ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումնեի կասեցում եւ շփման գծի երկայնութեամբ հետախուզական սարքերի տեղադրում, որպէսզի անառարկելիօրէն ճշտւին խախտումների աղբիւրն ու նախաձեռնող կողմը.

գ. Ադրբեջանական մերժողական քաղաքականութեան դադարեցում: Բացառապէս խաղաղ ճանապարհով հարցի լուծման ադրբեջանական կողմի յանձնառութեան ամրագրում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուրջ բանակցութիւնների վերսկսում.

Դ. Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իր իսկ քաղաքացիներին որպէս կենդանի վահան օգտագործելու քաղաքականութեան դատապարտում, եւ այդ բարբարոս վերաբերմունքին վերջ դնելու անհրաժեշտութիւն:

Երկօրեայ այս ժողովի ընթացքում ՀՅԴ պատուիրակութիւնը, օրակարգի քննարկումներին մասնակցութեանն առընթեր, հանդիպումներ ունեցաւ Լատին Ամերիկայի, Արեւմտեան Եւրոպայի, Ռուսաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի, Թուրքիայի, Արաբական աշխարհի, Կիպրոսի, Կոսովոյի, Իսրայէլի, քրդական կազմակերպութիւնների եւ Սոցինտերնի կանաց կազմակերպութեան պատւիրակութիւնների հետ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։