Հա

Ազգային

Չորեքշաբթի, 19 Յուլիսի 2017 15:20

ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմնի համատեղ նիստի յայտարարութիւնը

Հայաստանում հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի լիագումար նիստից յետոյ, յուլիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնւած նիստ, որին մասնակցել են Դաշնակցութեան մարզային կոմիտէների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորներ, ինչպէս նաեւ Հայաստանի գործադիր իշխանութեան Դաշնակցութեան բարձրաստիճան պաշտօնեաներ: Ընդունւել է համատեղ յայտարարութիւն, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - Հայաստանում հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի լիագումար նիստից յետոյ, յուլիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնւած նիստ, որին մասնակցել են Դաշնակցութեան մարզային կոմիտէների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորներ, ինչպէս նաեւ Հայաստանի գործադիր իշխանութեան Դաշնակցութեան բարձրաստիճան պաշտօնեաներ: Ընդունւել է համատեղ յայտարարութիւն, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Քննելով ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը, երկրի ռազմավարական զարգացման առաջնահերթութիւնները եւ այդ ուղղութիւններով կուսակցութեան կատարած աշխատանքներն ու անելիքները, ինչպէս նաեւ հաւատարիմ մեր նախընտրական խոստմանը, այն է` պարբերաբար հանդէս գալ կատարւած եւ առաջիկայ աշխատանքների հանրային հաշւէտւութեամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը կատարում է հետեւեալ հաստատումները.

- Հայաստանի Հանրապետութիունը թեւակոխել է զարգացման որակապէս նոր փուլ: Սահմանադրութեան բարեփոխումներից բխող օրէնսդրական եւ պետական կառավարման համակարգի փոփոխութիւնները նոր հնարաւորութիւններ են բացում պետութեան ու հասարակութեան զարգացման, ժամանակակից ժողովրդավարական պետութեան կառուցման համար:

- Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է դիմակայել արտաքին քաղաքական մարտահրաւէրներ, որոնք ստիպում են անցում կատարել առաջանցիկ զարգացման քաղաքականութեան: Առաջնահերթ է դառնում մեր երկրի զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը եւ դրանից բխող ծրագրերի իրագործումը:

- Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութեան հիմնախնդիրը շարունակում է հիմնական օրակարգ մնալ եւ էապէս պայմանաւորում է թէ առկայ իրավիճակը, թէ զարգացման ռազմավարական ծրագրերի առաջնահերթութիւնները:

- Խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ձեւաւորւած ՀՀ կառավարութեան ներկայացրած գործունէութեան ծրագիրը բխում է Քաղաքական կոալիցիայի յուշագրով ամրագրւած սկզբունքներից ու առաջնահերթութիւններից եւ ներառում է ՀՅԴ քաղաքական ուղեգծի սկզբունքային հաստատումները:

Մասնաւորապէս.

- կարեւորւում է սահմանադրական բարեփոխումներով սկսւած համակարգային եւ որակական փոփոխութիւնները խորացնելու եւ անշրջելի դարձնելու անհրաժեշտութիւնը,

- առաջնահերթ է համարւում հասարակութեան մէջ պետութեան եւ ապագայի հանդէպ վստահութեան ու լաւատեսութեան հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանութեան ձեւաւորումը,

- կատարւում են համապատասխան անհրաժեշտ քայլերն` ամբողջացնելու մարդու արժանապատւութեան անխախտելիութեան ու իրաւունքի գերակայութեան սկզբունքների լիարժէք իրացումը երաշխաւորող մարդու իրաւունքների ու ազատութիւնների ապահովման համակարգը,

- լուրջ քայլեր են իրականացւում ապահովելու իշխանութեան բոլոր մարմինների թափանցիկ, հաշւետու եւ արդիւնաւէտ աշխատանքը՝ ձեւաւորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական յարաբերութիւններ,

- նոր թափ է հաղորդւում հակակոռուպցիոն պայքարին, հակակոռուպցիոն քաղաքականութիւնը ակտիւացնելու եւ ինստիտուցիոնալ դարձնելու հիմք է ստեղծւած,

- ամբողջացւում է է «Ազգ-բանակոն» հայեցակարգը՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրայ հիմնւած ռազմարդիւնաբերական համալիրի ձեւաւորմանը,

- աստիճանաբար ձեւաւորւում է կայուն զարգացում ապահովող սոցիալ-շուկայական տնտեսական համակարգ, վերանայւում է իրականացւող սոցիալական քաղաքականութիւնը, որակապէս նոր մակարդակի է բարձրացւել տարբեր ոլորտներում պետութիւն- մասնաւոր հատւած համագործակցութիւնը, աճել են արտահանման տեմպերը, փորձ է արւում ներմուծւող ապրանքների մի մասը փոխարինել տեղական արտադրութեամբ, ստւերի դէմ արդիւնաւէտ պայքարի արդիւնքում աւելացել են բիւջէի հաւաքագրումները, էապէս բարելաււել են հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքը, թեթեւ արդիւնաբերութեան, արդիւնաւէտ գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան խթանման մեխանիզմներ են ստեղծւում, կան նոր եւ լուրջ ներդրումների ծրագրաւորումներ՝ այդ թւում մարզերի մակարդակում,

- էականօրէն փոխւել է ՀՀ կառավարութեան աշխատանքի որակը, հանրութեան մէջ ձեւաւորւում են վիճակի փոփոխութեան դրական սպասումներ, որոնք կարող են առարկայանալ հետեւողական եւ սկզբունքային աշխատանքով,

- կառավարութիւնը երկրի զարգացման իր տեսլականը պատկերում է՝ ըստ էութեան որդեգրելով Հ. Յ. Դաշնակցութեան կողմից բազմիցս յիշատակւած «Զարգանալ` չզիջելով» դժւարին, սակայն արժանապատիւ սկզբունքը: Կառավարութեան այս ծրագիրը կառուցւած է այն գաղափարախօսութեան վրայ, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգութեան լրջագոյն սպառնալիքների եւ մարտահրաւէրների, երկիրը պարտաւոր է եւ կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը: Կառավարութիւնը փաստացի ստանձնում է հէնց այսպիսի յանձնառութիւն եւ յայտ է ներկայացնում ապացուցել, առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու, երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակութիւնը,

- լուրջ նախադրեալներ են ստեղծւել Հայաստան-Սփիւռք համատեղ ներուժի արդիւնաւէտ օգտագործման իրական մեխանիզմներ ստեղծելու առումով,

- կառավարութիւնը, քաջ գիտակցելով երկրի դէպի ծով ելք չունենալու, շրջափակման մէջ լինելու ծանրագոյն պայմանները, յանձնառութիւն է ստանձնում երաշխաւորել Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգութիւնը, անհրաժեշտ թափ հաղորդել մեր երկրի զարգացմանը՝ ձեւաւորելով դրա համար բաւարար արտաքին եւ ներքին ռեսուրս:

Քննելով կատարւած աշխատանքների արդիւնքնեըը՝ ՀՅԴ Բիւրոյի եւ Գերագոյն մարմնի համատեղ նիստն արձանագրում է, որ Քաղաքական Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցութիւնը դրական արդիւնքներ է արձանագրել եւ կարեւոր նշանակութիւն ունի երկրում համակարգային եւ խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու համար:

Անդրադառնալով առաջիկայ անելիքներին՝ ՀՅԴ Բիւրոյի եւ Գերագոյն մարմնի համատեղ նիստն արձանագրում է.

- Մեզ համար առաջնահերթ են Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների անվտանգութիւնը, բոլոր ուղղութիւններով կայուն զարգացումը եւ երկրում սոցիալական արդարութիւնը: Մեր համոզումն է, որ այս փոխկապակցւած եւ փոխլրացնող ռազմավարական ուղղութիւնները` Անվտանգութիւն, Արդարութիւն, Զարգացում, ապահովելու են մեր երկրի ու հասարակութեան բնականոն զարգացումը, Հայաստանի ու հայութեան արժանապատիւ տեղն ու դերը ազգերի ընտանիքում:

- Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցութիւնը կարեւոր նշանակութիւն ունի համակարգային եւ խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու եւ վերոնշեալ ռազմավարական ուղղութիւններով երկրի զարգացման համար:

- Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիւանագիտութիւն իրականացնելու, սփիւռքի մեր ներուժը զօրաշարժի բերելու միջոցով բազմակողմանի քաղաքական եւ տնտեսական կապերն ամրապնդելու, դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետեւողականորեն ընդլայնելու մէջ է: Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրաւականը հայ մարդու իրաւունքների եւ ազատութիւնների երաշխաւորումն է, ներազգային համերաշխութեան ու արդարութեան ապահովումը:

Դրան հասնելու համար բարենպաստ միջավայր ձեւաւորելուն են կոչւած ծրագրային այնպիսի առաջնահերթութիւններ, ինչպիսիք են`

- սահմանել արդիւնաւէտ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարութեան նոր կառուցւածք եւ գործունէութեան կարգ,

- կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու այս փուլում, ՀՀ Սահմանադրութեանը համահունչ եւ միջազգային լաւագոյն փորձի հաշւառմամբ, ձեւաւորել համապատասխան օրէնսդրութիւն,

- հետեւողական լինել հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացման փուլում դրա թափանցիկութիւնը, վստահելիութիւնն ապահովող մեխանիզմների որդեգրման հարցում,

- դատական իշխանութեան բարեփոխումների հետ են կապւած մարդու իրաւունների պաշտպանութիւնը եւ արդարութեան հաստատումը: Դրա հիմնաքարը դրւելու է Դատական օրէնսգիրք ընդունելով եւ դրան համապատասխան Բարձրագոյն Դատական խորհուրդ ձեւաւորելով,

- շարունակել ընտրական համակարգի բարեփոխումները` նկատի ունենալով մեր հասարակութեան եւ միջազգալին դիտորդական առաքելութիւնների դիտողութիւնները, առաջարկները,

- միջազգային խորհրդարանական համակարգերի առաջադէմ փորձի տեղայնացումը՝ ապահովելով պետական կառավարման, տարածքային եւ տեղական ինքնակառավարման արդիականացումն ու արդիւնաւէտութիւնը, մասնաւորապէս կառավարութիուն-վարչապետ-նախարար սահմանադրութեամբ նախատեսւած կարգավիճակներին համապատասխան լիազօրութիւնների եւ պարտականութիւնների պատշաճ օրէնսդրական կարգաւորումը,

- խոշորացւած համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրութեան մոդելի եւ համայնքների աւագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրումը,

- հասարակութեան լայն վստահութիւնը վայելող կոռուպցիայի դէմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի հիմնումը, ինչի համար անհրաժեշտ օրէնսդրական կարգաւորումներն արդէն կատարւած են,

- բարձր որակաւորում ունեցող, մրցունակ, արժանավայել ու վստահելի մարդկային կապիտալ ձեւաւորելուն կոչւած արդար ու թափանցիկ կադրային քաղաքականութիւնը,

- Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի՝ որպէս մէկ միասնական հայութեան ամբողջացում, հայութեան ճակատագրում բոլոր հայերի մասնակցութիւնն ապահովող համապատասխան իրաւաքաղաքական միջավայրի ստեղծումը,

- «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջականացման հիմքում հակառակորդին խաղաղութեան պարտադրելու մօտեցումը որդեգրելը, Արցախի հարցում ամբողջական ներուժի համախմբմամբ քաղաքական ամբողջ դաշտի կոնսենսուսի ապահովումը:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

17 յուլիսի 2017»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։