Հա

Ազգային

Կիրակի, 30 Յուլիսի 2017 14:30

Մարիօ Նալբանդեան. «Արցախի մասնակցութիւնը բանակցութիւններում անյետաձգելիութիւն է»

Մարիօ Նալբանդեանի համոզմամբ՝ Արցախեան հիմնահարցի լուծման հորիզոնը նշմարւելու է միայն հիմնական դերակատարների՝ Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցութիւնների վերսկսման դէպքում։

«alikonline.ir» - Այս օրերին Արցախում իր ամառային արձակուրդն է անցկացնում Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիօ Նալբանդեանը՝ զաւակների եւ թոռների հետ միասին։ Արցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական իրադարձութիւնների, Արցախեան հիմնահարցի ու տեսլականների թեմայով Մարիօ Նալբանդեանի հետ զրուցել է «Ապառաժ»-ը: 

Մարիօ Նալբանդեանի համոզմամբ՝ Արցախեան հիմնահարցի լուծման հորիզոնը նշմարւելու է միայն հիմնական դերակատարների՝ Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցութիւնների վերսկսման դէպքում։ 

«Հիմնական դերակատարների ներկայցւածութիւնը եւ մասնակցութիւնը տարբեր հակամարտութիւններում բնական է եւ Արցախը չպէտք է բացառութիւն լինի։ Բանակցութիւնները պէտք է լինեն դէմառդէմ։ Այլեւս Արցախի մասնակցութիւնը բանակցութիւններում անյետաձգելիութիւն է։ Ճիգ պէտք է թափել, քանզի բանակցային կողմ հանդիսանալը վստահաբար կը նպաստի հարցի լուծմանը»,- նշել է Մ. Նալբանդեանը։ 

Խօսելով բանակցութիւններում հայկական կողմի սկզբունքային հարցերի մասին, Սոցինտերնի փոխնախագահն առաջին հերթին առանձնացրեց Արցախի Հանրապետութեան ստատուսի հարցը, այնուհետեւ շեշտեց նաեւ անվտանգութեան երաշխիքների կարեւորոթիւնը. 

«Արցախի անվտանգութիւնը ինքնաբերաբար դառնում է Հայաստանի ավտանգութեան հարց։ Եթէ այդ երաշխիքները չլինեն, բանակցութիւնները անխուսափելիօրէն յայտնւելու են փակուղում, սակայն այսօր Ադրբեջանը պատրաստ չէ այս հարցերի մասին լուրջ խօսելու»,- շեշտել է Մ. Նալբանդեանը՝ համոզումք յայտնելով, որ պետական եւ միջազգային բարձր մակարդակների վրայ տեղի ունեցող հանդիպումները նպաստում են լարւածութեան մեղմացմանը եւ ստեղծում են նւազագոյն երկխօսութեան նախադրեալներ։ 

Հիմնահարցի լուծման համար պէտք է ստեղծւեն նաեւ որոշ նախադրեալներ, որոնք, ըստ Նալբանդեանի, այսօր դեռեւս չկան. 

«Որեւէ մի պետութիւն իրաւունք չունի խաղալու ժողովրդի ճակատագրի հետ։ Այսօր մենք տեսնում ենք, որ հայ ժողովրդի որոշ դաշնակից պետութիւնները չեն հասկանում, որ իրենց դերակատարութիւնը պէտք է լինի արդար խաղաղութիւն հաստատելու շուրջ։ Այդ գիտակցութիւնը պէտք է առաջնորդի մեր դաշնակիցներին, հակառակ դէպքում տուժելու է բանակցային գործընթացը եւ հարցի խաղաղ լուծումը»,- ընդգծել է զրուցակիցը։ 

Խօսելով Սոցինտերնի օրակարգում Արցախի շուրջ ծաւալւող քննարկումների մասին, Մարիօ Նալբանդեանը նշել է, որ արդէն մի քանի տարի է, սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների միջազգային միաւորումը կուսակցական մակարդակի վրայ փորձում է ստեղծել պայմաններ, որոնք կը նպաստեն երկխօսութեան։ 

«Սոցինտերնում Հ.Յ. Դաշնակցութիւնն ունի կարեւոր դերակատարութիւն եւ այն մի հարթակ է, որտեղ առիթ է ստեղծւում Արցախի հարցի էութիւնը եւ զարգացումները ճիշտ ձեւով ներկայացնելու։ Յստակ է, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրաւունք եւ այդ առումով յաջողել ենք կառոյցի ներսում դրական տրամադրութիւններ ստեղծել»,- նշել է Մ. Նալբանդեանը եւ կարեւորել է այդ ուղութեամբ Սոցինտերնի գլխաւոր քարտուղար Լոյի Ալայեանի դերակատարութիւնը, որը տարբեր առիթներով եղել է Երեւանում եւ Բաքւում եւ կուսակցական եւ պետական բարձր մակարդակով ներկայացրել է կազմակերպութեան մտահոգութիւնը եւ փափագը՝ դրական ներդրում ունենալու հարցի կարգաւորման գործում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։