Հա

Ազգային

Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 14:50

Վիգէն Բաղումեան. «Հայաստան-Սփիւռք խորհրդաժողովը պէտք է հրաժարւի ընկալեալ արարողութեան կոչերով ու ճառերով յագեցած ձեւաչափից»

Հայաստան-Սփիւռք Համահայկական խորհրդաժողովները խթանում են հայրենասիրական տրամադրութիւնների ու փոխադարձ ճանաչողութեան բարձրացմանը եւ յատկապէս միեւնոյն ազգին պատկանելու եւ մեր ընդհանրական հիմնահարցերը միասնական ուժերով լուծելու ըմբռնումի ձեւաւորմանը: Այնուամենայնիւ, շօշափելի արդիւնքներ քաղելու համար անհրաժեշտ է նախաձեռնութեան հեղինակները մասնակիցներին ներկայացնեն որոշակի ծրագրերի առաջարկ՝ համատեղ իրագործելու հեռանկարով:

«Ալիք»-ի հարցազրոյցը՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ

 

- Պարոն Բաղումեան, օրերս Երեւանում կայացաւ ՀՅԴ Բիւրոյի հերթական լիագումար նիստը, որին էլ յաջորդեց ՀՅԴ Բիւրոյի ու Հայաստանի ՀՅԴ Գերագոյն մարմնի համատեղ յայտարարութիւնը:

Որ՞ խնդիրները կը նախընտրէիք առանձնացնել, որպէս հիմնահարցեր՝ Հայկական իրականութեան համատեքստում:

- Կարծում եմ ամէն ինչ հանգամանօրէն ասւած է վերոնշեալ յայտարարութեան մէջ:

Կրկնութեան գնով ասեմ, որ այն խտացւած միտքը, որի իրագործման ի խնդիր ՀՅԴ-ն մասնակցել է քաղաքական կոալիցիային՝ անվտանգութիւն-արդարութիւն-զարգացում ռազմավարական հասկացութիւններն են: Եթէ այս եռեակից պակասի որեւէ մէկը ու դրանց առաջընթացը միասնական ու համաչափ չլինի, ապա միւս երկուսն էլ երկար ճանապարհ չեն կարող կտրել եւ դատապարտւած են ձախողման:

Երեւի մեր ընկերվարական գաղափարախօսութիւնից մեկնելով, եւ այն, որ թերեւս երկրում մենք քչերից ենք, որ համոզումներով առաւել հակւած ենք արդարութեան սկզբունքներին (այդ թւում սոցիալական), մեզ բնականից բաժին է ընկնում սեւեռել ուշադրութիւնը՝ արդարութեան վրայ: Հասնել ժողովրդական համեստ խաւերի բարեկեցիկ կեանքի ապահովմանը՝ պայքարելով անարդարութիւնների ու կոռուպցիայի դէմ, իհարկէ, չմոռանալով միւս երկու առաջնահերթութիւնները՝ անվտանգութիւնն ու զարգացումը:

 

- Թւում է, թէ տարածաշրջանում ու մասնաւորապէս Սիրիայում ճգնաժամային իրավիճակը փոխարինւում է մասամբ խաղաղ իրավիճակով: Դա կարելի է մնայուն հանգամանք համարել, թէ՞ շրջանում ճգնաժամային թիրախներ են փոփոխւում...: Իսկ այս համատեքստում որո՞նք են Հայաստանի ու հայութեան առաջնահերթութիւնները:

- Ձեր մատնանշումը ճիշտ է: Եթէ մի կողմից Սիրիայում եւ Իրաքում տերորիստական խմբաւորումները, յատկապէս ԴԱԷՇ-ը, ակնյայտ նահանջի մէջ են ու թերեւս մօտալուտ է նրանց ամբողջական պարտութիւնը, ապա միւս կողմից մտահոգիչ չափերի է հասել ու շարունակում է խորանալ շրջանային ու միջազգային ուժերի միջեւ հակամարտութիւնները: Ռուսաստան-Ամերիկա, Իրան-Սաուդական Արաբիա, Իրան-ԱՄՆ, Թուրքիա-Եւրոմիութիւն, Պարսից ծոցի արաբական երկրներ յարաբերութիւնները վերջին ամիսներին սրւել եւ բացայայտ թշնամական բնոյթ են ստացել: Դեռ աւելին, դրանք ոչ թէ գնալով մեղմանում, այլ աւելի բորբոքւելու միտում են դրսեւորում:

Սրանց կողքին գլուխ է բարձրացնում քրդական հարցը՝ Իրաքեան Քուրդստանում անկախութեան հանրաքւէի արտայայտութեամբ: Մի երեւոյթ, որը զայրոյթ է առաջացրել Թուրքիայի, Իրանի ու Իրաքի կենտրոնական իշխանութիւնների մօտ: Դժւար է հաւատալ, որ Քուրդստանի ղեկավարութիւնը նման քայլի կարող է գնալ առանց ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ այլ հզօր ուժերի չյայտարարած քաջալերանքի ու չբացայայտւած նեցուկի:

Այսպիսի տարածաշրջանային բարդութիւնների պայմաններում եւ ապակայունացնող բազմաթիւ ազդակների առկայութեամբ, անյետաձգելի է, որ համահայկական ճիգերը ուղղւած լինեն Արցախեան հիմնահարցի լուծմանը, ՀՀ պետականութեան հզօրացմանն ու անվտանգութեան պահպանմանը եւ լինեն առաւել դիպուկ, համադրւած եւ անկեղծ՝ զերծ ներքին պառակտիչ ցնցումներից: Սրա գրաւականը, ինչ խօսք, երկրում սոցիալական արդարութեան եւ ժողովրդավարութեան գործընթացի անմիջական կիրառումն է:

 

- Ինչպէս սպասելի էր՝ Թրամփեան իշխանութիւնների քաղաքականութեան շրջագծում աւելիով են թանձրանում հակաիրան խմորումները, որոնք զգալիօրէն մեղմացած էին Օբամայական իշխանութիւնների օրօք: Ըստ Ձեզ, մինչեւ ո՞ւր է գնալու արդէն իր անկանխատեսելի հակումներով յայտնի Թրամփը:

- Ցաւօք, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը ամբողջովին պայմանաւորւած չէ նոյնիսկ ԱՄՆ-ի ազգային շահերով: Այնտեղ, մի կողմից զգալի դեր են խաղում նախագահ Թրամփի հակա-Օբամա տրամադրութիւնները, որոնք ընդհանրապէս արտացոլւում են հանրապետական ու դեմոկրատական կուսակցութիւնների միջեւ ծաւալւող անվերջանալի թունոտ վէճերով, իսկ միւս կողմից՝ գործում են Իսրայէլի վարչախմբի հակաիրանական ճնշումները: Ուստի, ԱՄՆ-ն առիթը բաց չի թողնում Իրանի նկատմամբ թշնամական սպառնալիքները կեանքում իրագործելու համար:

Առայժմ, կանխատեսելի ապագայի համար դրական միտումներ չեն երեւում: Թէեւ, հաշւի առնելով այն փաստը, որ միւս գլխաւոր ուժերը, ինչպիսին են՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Եւրոպան համաձայն չեն հակաիրանական քայլերին, բայցեւայնպէս, քաղաքական ճակատում որակական փոփոխութիւններ չեն ակնկալւում: Նոյնը չի կարելի ասել ռազմական ասպարէզում: Պատմութիւնը յուշում է, որ պատերազմները միշտ չէ, որ նախածրագրւած են լինում, այլ երբեմն չնախատեսւած ու դիպւածով: Ինչքան էլ անհաւանական, բայց երկու կողմերի զինւած ուժերի յաճախակի դիմակայութիւնները Պարսից ծոցում կարող են անցանկալի իրադարձութիւնների նախադէպ հանդիսանալ:

 

- Պրն. Բաղումեան. շուտով կայանալու է Հայաստան-Սփիւռք 6-րդ Համահայկական խորհրդաժողովը, որին ինչպէս միշտ՝ աշխոյժ մասնակցութիւն են ունենում ՀՅԴ-ի թէ՛ հայրենական, եւ թէ՛ սփիւռքեան կառոյցները: Որո՞նք են, ըստ Ձեզ՝ նման ձեւաչափով խորհրդաժողովների արդիւնաւէտութեան ցուցանիշերը:

- Հայաստան-Սփիւռք Համահայկական խորհրդաժողովները խթանում են հայրենասիրական տրամադրութիւնների ու փոխադարձ ճանաչողութեան բարձրացմանը եւ յատկապէս միեւնոյն ազգին պատկանելու եւ մեր ընդհանրական հիմնահարցերը միասնական ուժերով լուծելու ըմբռնումի ձեւաւորմանը: Այնուամենայնիւ, շօշափելի արդիւնքներ քաղելու համար անհրաժեշտ է նախաձեռնութեան հեղինակները մասնակիցներին ներկայացնեն որոշակի ծրագրերի առաջարկ՝ համատեղ իրագործելու հեռանկարով: Պէտք է այդ առաջարկները խորհրդաժողովի քննարկման բովից անցնելով՝ վերածւեն կիրառելի ծրագրերի եւ կեանքի կոչւեն հետաքրքրւող շրջանակների կողմից:

Խորհրդաժողովը պէտք է հրաժարւի ընկալեալ արարողութեան կոչերով ու ճառերով յագեցած ձեւաչափից: Այլեւս միմեանց համոզելու հարցեր չմնացին: Պէտք է գնալ լուրջ նախագծերի կիրառման ճամբով՝ հեռու ընդհանրական, սկզբունքային մակարդակի զրոյցներից ու բանավէճերից:

Միայն այդ ժամանակ մենք կարող ենք յաւակնել, որ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում որակական թռիչք է արձանագրւում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։