Հա

Ազգային

16/08/2017 - 14:30

Վահան Յովհաննիսեան

Այսօր Վահան Յովհաննիսեանը կդառնար 61 տարեկան։

Վահան Էդւարդի Յովհաննիսեանը ծնւել է 1956 թւականի օգոստոսի 16-ին Երեւանում:

1973 թւականին աւարտել է Երեւանի թիւ 55 դպրոցը այնուհետեւ ընդունւել Բրիւսովի անւան լեզւաբանական ինստիտուտ: Այստեղ ուսումը կիսատ թողնելով Վահան Յովհաննիսեանը մեկնել է Մոսկւա ընդունւել եւ 1978 թւականին աւարտել է Մոսկւայի պետական մանկավարժական համալսարանը:
Աւարտելուց յետոյ աշխատանքի է նշանակւել աշխատանքի Հարաւային Սիբիրում:

Վահան Յովհաննիսեանը, սակայն գերադասել է վերադառնալ հայրենիք եւ այստեղ նախ գիւղում ուսուցիչ է աշխատել: 1980 թւականին զինծառայութիւնն աւարտելուց եւ վերջնականապէս Երեւան վերադառնալուց յետոյ հնարաւորութեւն է ընձեռւել վերջապէս աշխատանքի անցնելու սիրած մասնագիտութեամբ: Այն օրերին, սակայն համալսարանական ղեկավարները խորհրդային միութիւնից հեռացած այլախոհի որդուն թոյլ չեն տւել դասաւանդել Հայաստանի միջնադարեան պատմութիւն:

1980 թւականից Վահան Յովհաննիսեանը «Էրեբունի» թանգարանում աշխատանքի է անցել, որպէս գիտաշխատող, այնուհետեւ` դարձել է գիտահետազօտական բաժնի վարիչ, իսկ 1989 թւականից տեղափոխւել է Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտ:

Տարբեր հնագիտական արշաւախմբերի կազմում Վահան Յովհաննիսեանը պեղումների է մասնակցել Հայաստանի տարածքով մէկ. այդ պեղումների ընթացքում յայտնաբերւել են բրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժէքաւոր նիւթեր: Դրանց հիման վրայ Վահան Յովհաննիսեանը կատարել է հնագիտական լուրջ ուսումնասիրութիւններ: 1989 թւականի Վահան Յովհաննիսեանը անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:

Հայրենիքում կուսակցութեան պաշտօնական վերահաստատումից յետոյ, 1990 թւականին, ընտրւել է Դաշնակցութեան առաջին Կենտրոնական Կոմիտէի անդամ եւ գործուղւել է Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանութեան կազմակերպմանն ու իրականացմանը: 1992 թւականին Վահան Յովհաննիսեանն ընտրւել է ՀՅԴ Բիւրոյի անդամ:

Այդ տարիներին Հայաստանում շիկանում էր ներքաքաղաքական մթնոլորտը, աճում էր համաժողովրդական դժգոհութիւնը ՀՀՇական իշխանութիւնների ապաշնորհ գործունէութեան հանդէպ: Դաշնակցութեան համար առանձնապէս անհանդուրժելի էին ղարաբաղեան հարցում թոյլ տրւող սխալները: Կուսակցութեան դէմ ծաւալւեցին հալածանքներ, կասեցւեց ՀՅԴ գործունէութիւնը, մի շարք ղեկավար գործիչներ որոնց թւում եւ Վահան Յովհաննիսեանը յայտնւեցին բանտում: Գտնւելով կալանքի տակ` Վահան Յովհաննիսեանը 1997 թւականին հեռակայ կերպով ընտրւեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ:

Դատաքննութեան ընթացքում դատարանի դահլիճում հնչեցրած նրա ելոյթները շարունակութիւնն էին ազդեցիկ քաղաքական գործունէութեան:

1999 թւականից մինչ երկրային կեանքի աւարտը նա եղաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ:

1999 թւականին Վահան Յովհաննիսեանը ընտրւեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր, դարձաւ Աժ Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահը: 2003-ին եւ 2007-ին դարձեալ ընտրւել է խորհրդարանի պատգամաւոր եւ երկու անգամ էլ դարձել է Ազգային Ժողովի փոխնախագահը: Այդ պաշտօնը զբաղեցրել է մինչեւ 2008 թւականը:

Գլխաւորել է Հայաստանի ԱԺ առաջին պատւիրակութիւնը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում: Նոյն տարիներին ղեկավարել է Հայաստանի Աժ պատւիրակութիւնը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, հանդիսացել է Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական յանձնաժողովների համանախագահ:

Իրականացրել է ակտիւ քաղաքական աշխատանք, թէ որպէս պատգամաւոր եւ թէ որպէս ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ:

2008 թւականին մասնակցել է նախագահական ընտրութիւններին` որպէս ՀՅԴ թեկնածու:

2012 թ. մայիսի 6-ին կրկին ընտրւել է Ազգային ժողովի պատգամաւոր, ղեկավարել է Հայաստանի առաջին պատւիրակութիւնը Եւրանեսթ խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եւրանեսթի Բիւրոյի անդամ:

2013 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակւել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան:

Վահան Յովհաննիսեանը կեանքից հեռացաւ 2014 թւականի դեկտեմբերի 28-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։