Հա

Ազգային

30/08/2017 - 11:50

Արամ Համբարեան. «Մադրիդեան սկզբունքները արդար գործարք չեն առաջարկում. բոլոր պահանջներն ուղղւած են Հայաստանին»

Ներկայացնում ենք «Առաջին լրատւական»-ի զրոյցմ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի հետ:

«alikonline.ir» - Ներկայացնում ենք «Առաջին լրատւական»-ի զրոյցմ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի հետ:

 

- Պարոն Համբարեան, իմ առաջին հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի վերջին յայտարարուեան մասին է: Ի՞նչ էք կարծում՝ ինչո՞ւ նա որոշեց նման յայտարարութեամբ հանդէս գալ իր պաշտօնը լքելուց առաջ: Հակամարտութեան կարգաւորման 6 կէտերը վերաշարադրելով՝ նա ուզում էր ճնշո՞ւմ գործադրել հակամարտող կողմերի վրայ, ուղե՞րձ յղել Մոսկւային, թէ՞ հրահրել ինչ-որ բանավէճ կամ քննարկում հիմնախնդրի լուծման հարցի շուրջ:

- Մինչ օրս պարզ չէ, թէ ինչու այդ յայտարարութիւնն արւեց միայն ամերիկացիների եւ ոչ ռուսների, ֆրանսիացիների կողմից կամ չարւեց համատեղ յայտարարութիւն Մինսկի խմբի կողմից: Սա կարող է լինել Թրամփի վարչակազմի առաջին փորձը՝ յստակեցնելու իր քաղաքականութիւնը Ղարաբաղեան խնդրի առնչութեամբ: Մենք տեսել ենք, որ Թրամփի վարչակազմը փորձում է համագործակցութեան ոլորտներ փնտրել Ռուսաստանի հետ, եւ եկէք խոստովանենք, որ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացը շատ քիչ ոլորտներից է, որտեղ երկար տարիներ շարունակւում է ակտիւ համագործակցութիւնը Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ: Այնուամենայնիւ, Հոգլանդի յայտարարութեան պատճառներն ամբողջութեամբ պարզ չեն: Կարդալով ներկայացւած կէտերը՝ տեսնում ենք, որ նոր բան այնտեղ գրեթէ չկայ, փոքր-ինչ փոփոխւած են Մադրիդեան սկզբունքները, բայց հիմնական գաղափարները նոյնն են, եւ դա լաւ չէ, որովհետեւ մենք կարծում էինք, որ Թրամփի վարչակազմը նոր մօտեցում կը ցուցաբերի Արցախի հարցին, նրանք կուսումնասիրեն անցեալը եւ կը տեսնեն, որ Մադրիդեան սկզբունքները որեւէ արդիւնք չեն կարող տալ: Մադրիդը չի ապացուցել, որ կարող է դառնալ պլատֆորմ խաղաղութեան հաստատման համար: Սա ձախողւած փորձ է, եւ, ցաւօք սրտի, Թրամփը փորձում է հետեւել հնացած եւ ձախողւած գաղափարներին՝ նոր գաղափարներ առաջարկելու փոխարէն: Սա շատ ցաւալի է, որովհետեւ ի տարբերութիւն Ռուսաստանի՝ Միացեալ Նահանգները լրջօրէն շահագրգռւած է, որպէսզի այս հիմնախնդիրը հանգուցալուծւի, եւ տարածաշրջանում կայունութիւն լինի:

 

- Նկատի ունէք Միացեալ Նահանգներն ընդհանրապէ՞ս, թէ՞ Թրամփի վարչակազմը մասնաւորապէս:

- Ոչ, ոչ, խօսքը ոչ թէ Թրամփի, այլ ընդհանրապէս ամերիկեան կառավարութեան եւ ամերիկեան ազգային շահի մասին է: Եւրասիայի տարածաշրջանում կոնֆլիկտների լուծումը, ներառեալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, բխում է Միացեալ Նահանգների ազգային շահերից: Նրանք կուզենան, որ այս խնդիրը լուծւի: Թէ ինչպէս կը լուծւի՝ արդէն երկրորդական հարց է: Ուստի դժբախտութիւն է, որ ամերիկեան կողմը ներկայացնում է մի ծրագիր, որը չի կարող լուծում ապահովել: Միւս անյաջողութիւնն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահը՝ դեսպան Շոֆէրը, իր պաշտօնավարման առաջին իսկ օրւանից ծանրաբեռնւած, կաշկանդւած է լինելու Հոգլանդի ներկայացրած փաստաթղթի պատճառով: Նրանք պէտք է հնարաւորութիւն տային նոր համանախագահին ազատօրէն գործելու, հանդիպելու կողմերի հետ եւ քննարկելու, թէ ինչն է ձախողւել, ինչն է աշխատում: Ես չգիտեմ, թէ ինչու Հոգլանդը դա արեց, բայց կարող եմ ասել, որ դա անարդար քայլ էր նոր համանախագահի հանդէպ, որովհետեւ նոր համանախագահը ստիպւած է հէնց այս հանգրւանից սկսել իր աշխատանքը:

 

- Երբ ամերիկացի դիւանագէտը նման քայլ է անում՝ հրապարակելով, վերաշարադրելով կարգաւորման նոյն ծրագիրը, որը զգալիօրէն կորցրել է իր արդիականութիւնը եւ շատ առումներով անընդունելի է կողմերի եւ մասնաւորապէս Հայաստանի հանրութեան համար, կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա ցոյց է տալիս ամերիկեան դիւանագիտութեան սահմանափակ հնարաւորութիւնները տւեալ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում:

- Սա ոչ թէ սահմանափակումն է ցոյց տալիս, այլ ամերիկեան դիւանագիտութեան ձախողումը: Սա ցոյց է տալիս ստեղծագործականութեան եւ նոր հնարաւորութիւններ փնտրելու ձգտման բացակայութիւնը, իսկ խաղաղութեան հասնելու հնարաւորութիւններ կան այս տարածաշրջանում: Ամերիկացիները չեն փնտրում այդ հնարաւորութիւնները, այլ կրկին շրջանառութեան մէջ են դնում վատ գաղափարները: Մենք կարող ենք գտնել այն ճանապարհը, որը տանում է խաղաղութեան, պարզապէս ներկայացւած ծրագիրն այդ ճանապարհը չէ: Եթէ նայէք պետքարտուղարութեան ներկայացրած 6 կէտերին, կը տեսնէք, որ դրանք հիմնականում վերաբերում են հայկական կողմի պարտաւորութիւններին, որ հայկական կողմը պէտք է սա անի, սա անի, սա անի: Որտե՞ղ են պահանջները Ադրբեջանի նկատմամբ: Պահանջներն ու պարտաւորութիւնները խիստ անհաւասար եւ անհամարժէք են այս փաստաթղթում այն իմաստով, թէ կոնկրետ ի՞նչ քայլեր պիտի կատարւեն հակամարտութեան կարգաւորման համար եւ աւելի կարեւոր հարց՝ ե՞րբ պիտի կատարւեն: Խօսքը մասնաւորապէս Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մասին է, որի ժամկէտն անորոշ է: Մադրիդեան սկզբունքների ամենաթոյլ կողմը ժամկէտների բացակայութիւնն է: Երբ ես թխւածքաբլիթ եմ տալիս իմ երեխաներին եւ ուզում եմ, որ նրանք արդար կերպով բաժանեն այդ թխւածքաբլիթը, նրանցից մէկին ասում եմ՝ դու կիսիր, իսկ միւսին ասում եմ՝ դու որոշիր, թէ որ կտորն ես ուզում վերցնել: Այս մեթոդով ես ստիպում եմ նրանց արդար գործարք կնքել: Այն երեխան, որը պէտք է կիսի թխւածքաբլիթը, կը կիսի այն հաւասարապէս, որովհետեւ գիտի՝ եթէ հաւասար չկիսի, միւս երեխան կարող է վերցնել աւելի մեծ բաժինը: Բայց Մադրիդեան սկզբունքները նման արդար գործարք չեն առաջարկում, բոլոր հարցումներն ու պահանջները ուղղւած են Հայաստանին՝ յանձնէք հողերը, յանձնէք անվտանգութիւնը, հրաժարւէք անկախութիւնից եւ ընդունէք միջանկեալ կարգավիճակ, իսկ Ադրբեջանից պահանջում են այն, ինչ նա պէտք է անի ոչ թէ այսօր, այլ վաղը. կարգավիճակը՝ վաղը, անվտանգութեան հարցերը՝ վաղը, եւ այսպէս շարունակ: Սա շատ անարդար ծրագիր է:

 

- Մադրիդեան սկզբունքները, կարելի է ասել, ընդունւել են այն աշխարհակարգի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի յարաբերութիւնների այն համակարգի պայմաններում, որն այսօր զգալիօրէն խարխլւած է: Դրանից յետոյ միջազգային իրադրութիւնը էապէս փոխւել է, սրւել է իրավիճակը հակամարտութեան գօտում, տեղի է ունեցել ապրիլեան պատերազմը, որը լուրջ հետեւութիւնների տեղիք է տալիս: Չէ՞ք կարծում, որ այսօր անհրաժեշտ են հակամարտութեան կարգաւորման այլ բանաձեւեր եւ սկզբունքներ:

- Այո, ես համաձայն եմ: Կրկին Մադրիդեան սկզբունքների գլխաւոր խնդիրը ժամկէտների հարցն է: Հայերից պահանջում են տարածքային զիջումներ անել այսօր, որպէսզի Ադրբեջանը հետագայում ճանաչի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց թէ երբ կը սահմանւի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ յայտնի չէ: Մի անգամ Ալիեւը յայտարարել է, որ դա կը լինի միգուցէ 100 տարի անց: Հետեւաբար երբ առաջարկւում է գործարք, ըստ որի՝ կողմերից մէկը զիջումներ պիտի անի այսօր՝ վաղը կատարւելիք խոստումների դիմաց, ապա դրա համար անհրաժեշտ է վստահութիւն: Այդ վստահութիւնը կողմերի միջեւ չկայ, իսկ ապրիլից յետոյ անվստահութեան անդունդն աւելի խորացաւ, եւ Մադրիդեան սկզբունքները գնալով կորցնում են իրենց կենսունակութիւնը, դառնում են աւելի ոչ իրատեսական եւ անարդիւնաւէտ, ուստի կարծում եմ, որ հարկաւոր է վերանայում, հարկաւոր են նոր մօտեցումներ:

 

- Հնարաւո՞ր է արդեօք կանխել ռազմական բախումները, եթէ կարգաւորման աւելի լաւ ծրագիր առաջարկւի, թէ՞ նախ անհրաժեշտ է կայունացնել վիճակը շփման գծում, ամրապնդել հրադադարի ռեժիմը:

- Ես միանշանակ կարծում եմ, որ աւելի ճիշտ է երկրորդ տարբերակը: Ապրիլից յետոյ կողմերը աւելի են կոշտացրել իրենց դիրքորոշումները: Ադրբեջանն ասում է՝ «չկան բանակցութիւններ՝ չկայ խաղաղութիւն», այսինքն՝ քանի դեռ հայերը զիջումներ չեն արել, կը լինեն յարձակումներ, բռնութիւն եւ նոր զոհեր: Հայկական կողմն ասում է՝ «չկայ խաղաղութիւն՝ չկան բանակցութիւններ», այսինքն՝ ինչպէ՞ս կարող ենք երկխօսել, երբ ամէն օր ձեր զինւորները սպանում են մեր զինւորներին, խաղաղ բնակիչներին, խոշտանգում, գլխատում են հայերին: Սա արտացոլում է այն անվստահութիւնը, որը կայ կողմերի միջեւ, եւ Մադրիդն ամենեւին չի լուծում այս խնդիրը: Հետեւաբար կարծում եմ, որ այսօր բանակցային կողմերն աւելի շատ պէտք է կենտրոնանան ոչ թէ երկարաժամկէտ կարգաւորման, այլ հրադադարի ամրապնդման հարցերի վրայ: Տեղի ունեցող ցանկացած յարձակում կարող է վերածւել պատերազմի: Նախորդ տարւայ ապրիլի իրադարձութիւնները կարող էին վերաճել աւելի լայնածաւալ պատերազմի: Բարեբախտաբար դա տեղի չունեցաւ, բայց վաղը կամ յաջորդ շաբաթ, յաջորդ ամիս կարող է նոր յարձակում լինել, եւ մենք չգիտենք, թէ դա ինչ հետեւանքներ կունենայ: Իմ կարծիքով՝ Մինսկի խմբի գլխաւոր առաջնահերթութիւնը պէտք է լինի հրադադարի ամրապնդումը:

Միացեալ Նահանգների կառավարութիւնը աջակցում է «Ռոյս-Էնգէլ» ծրագրի կենսագործմանը, որն ասում է՝ միջադէպերի հետաքննութեան մեխանիզմներ շփման գծում, աւելի շատ դիտորդներ եւ դիպուկահարների հեռացում առաջին գծից: Սա շատ լաւ ծրագիր է: Երբ Ռոյսը եւ Էնգէլը առաջարկեցին այս ծրագիրը, Կոնգրեսի շուրջ 100 անդամներ իրենց ստորագրութիւնը դրեցին այս առաջարկութիւնների տակ, այնուհետեւ Միացեալ Նահանգների պետքարտուղարութիւնը յայտարարեց, որ աջակցում է այս ծրագրի իրագործմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը յայտարարեց, որ կողմ է այս գաղափարին: Հայաստանը եւ Արցախը յայտարարեցին, որ, իհարկէ, մենք կողմ ենք այդ ծրագրին, եւ միայն Ադրբեջանն է մերժում այն: Որպէս Ադրբեջանի մերժման հետեւանք՝ տեսնում ենք երկու հանգամանք: Առաջինն այն է, որ այս ծրագիրն այդպէս էլ կեանքի չկոչւեց: Երկրորդը՝ աշխարհը տեսաւ, որ միայն Ադրբեջանն է, որը չի ուզում, որպէսզի միջազգային հանրութիւնը տեսնի, թէ ով է սկսում յարձակումները շփման գծում: Միակ դրական կողմն այն է, որ մենք տեսնում ենք, թէ ով է արգելափակում հաշւետւողականութեան, պատասխանատւութեան այս ծրագրի իրագործումը: Այսպիսին է իրավիճակը: Մինսկի խմբի, Վորլիքի, Հոգլանդի, Շոֆէրի եւ միւսների գլխաւոր խնդիրը խաղաղութիւնը պահպանելն է, որովհետեւ եթէ չկայ խաղաղութիւն շփման գծում, չի լինի խաղաղութիւն նաեւ բանակցութիւնների սեղանին:

 

- Համաձա՞յն էք, որ բաւարար միջազգային ճնշում չի գործադրւում կողմերի եւ յատկապէս Ադրբեջանի նկատմամբ, որպէսզի չլինեն նոր միջադէպեր:

- Այո, այո: Մադրիդեան սկզբունքներն ինչ-որ առումով նոյնիսկ շեղում են ուշադրութիւնը խաղաղութիւնը պահպանելու անհետաձգելի խնդրից, եւ միջազգային հանրութիւնը թոյլ է տւել Ադրբեջանին չափից աւելին:

 

Շարունակելի

Յարակից լուրեր

  • Մեզ մտահոգում է, որ կողմերին զէնք վաճառելու քաղաքականութիւնից կը շահի Ադրբեջանը
    Մեզ մտահոգում է, որ կողմերին զէնք վաճառելու քաղաքականութիւնից կը շահի Ադրբեջանը

    Միացեալ Նահանգներում նոյեմբերի 6-ին տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնները, որոնք սովորաբար անցկացւում են նախագահի ընտրութիւնից երկու տարի անց։ Այս ընտրութիւններին պիտի վերընտրւէին ամերիկեան խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 100 անդամներից 35-ը ստորին՝ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 39 նահանգապետներ, ինչպէս նաեւ նահանգների օրէնսդրական ժողովների 6073 անդամներ, դատաւորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ: 

  • ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը պահանջում է Բաքւին օգնութիւն չտրամադրելու 907-րդ բանաձեւի պարտադիր կիրառումը
    ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը պահանջում է Բաքւին օգնութիւն չտրամադրելու 907-րդ բանաձեւի պարտադիր կիրառումը

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ Բաքւի թափ առնող ռազմատենչութիւնը պահանջում է ուժեղացնել 907-րդ բանաձեւը, մասնաւորապէս՝ ադրբեջանական բանակին ցանկացած ռազմական կամ երկակի նշանակութիւն ունեցող ապրանքների վաճառքը կանխելու տեսանկիւնից:

  • Միլսն իր ժամկէտն աւարտում է անշրջահայեաց յայտարարութիւններով
    Միլսն իր ժամկէտն աւարտում է անշրջահայեաց յայտարարութիւններով

    ԱՄՆ դեսպանը Հայաստանում իր ժամկէտն աւարտում է անշրջահայեաց յայտարարութիուններով: Այս մասին ասել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը` անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` «EVN Report»-ի հետ հարցազրոյցում արւած յայտարարութեանը:

  • Մենենտեզ Ատրպէյճանի սպառնալիքները զսպելու գծով երաշխիք կ՛ապահովէ դեսպանի թեկնածուէն
    Մենենտեզ Ատրպէյճանի սպառնալիքները զսպելու գծով երաշխիք կ՛ապահովէ դեսպանի թեկնածուէն

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ հինգշաբթի, 4 հոկտեմբերին, Ծերակոյտի Արտաքին յարաբերութեանց յանձնախումբին մէջ տեղի ունեցաւ Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպանի թեկնածու նշանակուած Ըրլ Լիցընպըրկըրի առաջին հարցաքննութիւնը, որուն ընթացքին ծերակուտական Պապ Մենենտեզ կրցաւ երաշխիքներ ապահովել թեկնածուէն, թէ իր կարելին պիտի ընէ զսպելու համար Հայաստանի եւ Արցախի դէմ Ատրպէյճանի կողմէ կատարուող ռազմատենչ եւ սպառնական յայտարարութիւններն ու առնուող քայլերը։

  • Ալիեւի վարչակազմ. «Փաշինեան-Ալիեւ զրոյցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնութեամբ»
    Ալիեւի վարչակազմ. «Փաշինեան-Ալիեւ զրոյցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնութեամբ»

    Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցութիւնների եւ շփումների, որոնք կը ծառայեն ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականութեան բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիեւը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։