Հա

Ազգային

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 12:10

ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանի խօսքը՝ Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձի առիթով միջոցառմանը, Եռաբլուրում, 2017 թ. սեպտեմբերի 2-ին

Այսօր, նշում ենք Արցախի Հանրապետութեան հռչակման 26-ամեակը, այդ պատճառով էլ՝ տօնական օր է։ Տօնական օր լինելով հանդերձ, պիտի արձանագրել, որ պատմական մէկ քայլ էր, որ թւում էր թէ չեր բխում 1988-ի փետրւարին ծայր առած՝ Արցախը Սովետական Հայաստանին վերամիաւորելու պահանջով համաժողովրդային շարժման տրամաբանութիւնից։

Սիրելի հայրենակիցներ, գաղափարի ընկերուհիներ եւ ընկերներ,

Այսօր, նշում ենք Արցախի Հանրապետութեան հռչակման 26-ամեակը, այդ պատճառով էլ՝ տօնական օր է։ Տօնական օր լինելով հանդերձ, պիտի արձանագրել, որ պատմական մէկ քայլ էր, որ թւում էր թէ չեր բխում 1988-ի փետրւարին ծայր առած՝ Արցախը Սովետական Հայաստանին վերամիաւորելու պահանջով համաժողովրդային շարժման տրամաբանութիւնից։ Ի վերջոյ, կար 1989 թւականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի՝ Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին որոշումը: Այդ բոլորով հանդերձ, սակայն, անհրաժեշտութիւն էր 1991 թւականի սեպտեմբերի 2-ի որոշումը, որովհետեւ մէկ կողմից բաւարարում էր Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանից անկախ ապրելու ձգտումը, միւս կողմից՝ այդ նպատակի իրականացումը դնում էր թէ՛ օրւան քաղաքական իրավիկիճակի փաստերի վրայ, միւս կողմից՝ այդ կամքի դրսեւորումը իրականացնում էր Սովետական Միութեան օրւան օրէնքների տարրին ու ոգուն համապատասխան։

Օգոստոսի 30-ին, Սովետական Ադրբեջանի անկախութեան մասին հռչակագրով, Ադրբեջանը իրեն հռչակում էր 1918-1920 գոյութիւն ունեցած Ադրբեջանի անկախ հանրապետութեան իրաւաժառանգորդ, հրաժարւում էր սովետական ժառանգութիւնից։ Իսկ Արցախի վրայ ադրբեջանական որեւե տիրապետութիւն, թէկուզ՝ անօրինական, եղել է բացառապէս սովետական պետական կամ կուսակցական մարմինների որոշումներով։ Իրականում՝ հրաժարւելով սովետական ժառանգութիւնից՝ Ադրբեջանը նաեւ հրաժարւում էր Լեռնային Ղարաբաղից ու Նախիջեւանից։ Անառարկելի փաստ է, որ Արցախը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանի, ո՛չ սովետական միութիւնից առաջ, ոչ էլ՝ Սովետական Միութեան փլուզումից յետոյ. ո՛չ իրաւականօրէն եւ ոչ էլ՝ փաստացի։ Ահա այս տեսանկիւնից եւս, սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը օրւան քաղաքական իրականութիւնների պայմաններից էր բխում։

Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի սեպտեմբերի 2-ի որոշումը, դեկտեմբերի 10-ին, համաժողովրդական հանրաքւէով, արժանացաւ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտայայտութեանը, նոյն սովետական օրէնքների պահանջին համաձայն։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը հաւատարիմ է մնացել Հայաստանի միւս շրջաններին հետ վերամիանալու Արցախի ժողովրդի կամքին։ Սեպտեմբերի 2-ի որոշումը «միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան [է] համարում հայ ժողովրդի միասնութեան ձգտումը»։ Իսկ դեկտեմբերի 10-ի իր ազատ կամարտայայտութեամաբ՝ հանրաքւէով, Արցախի ժողովուրդը «այո» էր պատասխանում հռչակւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը անկախ պետութիւն լինելու մասին հարցին, եւ իր համաձայնութիւնն էր յայտնում այն մասին, որ անկախ հանրապետութիւնը «ինքնուրոյն որոշի համագործակցութեան ձեւերըը այլ պետութիւնների եւ միութիւնների հետ»: Պատմական հոլովոյթը եւ Արցախի ժողովրդի այս կամքը հաշւի առնելով, միանգամայն կարելի է ասել, որ սեպտեմբերի 2-ի որոշումը ընդամենը մարտավարական, տակտիկական քայլ էր եւ հաւատարիմ է Հայաստանի Հանրապետութեան հետ վերամիաւորման Արցախի ձգտումին։ Ինչպէս Արցախում պիտի ասէին, Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը՝ Հայաստանի հետ վերամիաւորման ամենակարճ ճանապարհն է։

Այս ճանապարհին, անհրաժեշտ ենք համարում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագրի ստորագրումը։ Պայմանագիր, որը պատրաստւել է 2016-ի ապրիլեան քառօրեայ կռիւներից յետոյ։

Յատուկ ասեցի կռիւներ եւ ոչ թէ պատերազմ, որովհետեւ իրականում պատերազմը չի աւարտել. 1994-ին, ընդամենը զինադադարի պայմանագիր է ստորագրւել, որն էլ անընդհատ խախտւում է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի այդ ագրեսիային դէմը կարող ենք առնել մի քանի ճակատներում միաժամանակ պայքարելով։ Բնականաբար, առաջին ճակատը դա մեր զինւած ուժերի՝ բանակի անընդհատ հզօրացումն է։ Ազգ-բանակի գաղափարախօսութեան բիւրեղացումն ու կիրառումը այդ ուղղութեամբ ճիշտ քայլ է։

Երկրորդ ճակատը, դա զինւած ուժերի թիկունքի՝ ժողովրդային մասնակցութեան ամրապնդումն է։ Հէնց այդ ամրապնդման համար է կենսական պետութեան նկատմամաբ ժողովրդի վստահութեան մեծացումը, պետութեան կողմից ժողովրդի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, սոցիալական արդարութեան հաստատումը մեր երկրում։ Այս բոլորը կարող է իրականանալ միայն մեր բոլորի ակտիւ մասնակցութեամբ։

Երրորդ ճակատը դա արտաքին ճակատն է, որտեղ մեր պետութեան, պետութիւնների կողքին կարեւոր դերակատարութիւն ունենք նաեւ մենք՝ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը մեր Հայ Դատի կառոյցներով։ Այս ուղղութեամբ եւս մենք սկսում ենք նոր քայլերի։ Ամերիկայի եւ Աւստրալիայի մի շարք նահանգների կողմից Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի ճանաչումին զուգահեռ, սկսում ենք Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցութեան պայմանագրերի ստորագրութեան։

Անցած 26 տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսութեան, ստեղծագործ կեանքի ու նւաճումների տարիներ: Այդ նւաճումները չէին լինի առանց համահայկական միասնութեան ու ներուժի համախմբման:

Այսօր կանգնած ենք անցած տարիների յաջողութիւններն ամրապնդելու, նոր մարտահրաւէրներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրւանում Արցախի խնդրի կարգաւորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետութեան անվտանգութեան ապահովումը:

Այս առիթով անհրաժեշտ եմ համարում կրկնել Հայ յեղափոխական դաշնակցութեան պաշտօնական վերջին յայտարարութիւնը Արցախի հանրապետութեան հռչակման տարեդարձի առիթով։

1.- Արցախեան Հարցի կարգաւորման որեւէ համաձայնութիւն պէտք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնւազն` Արցախի անկախութիւնը։

2.- Արցախի սահմանները ճշտելիս, պէտք է առաջնորդւել պատմական իրաւունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգութեան իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով:

3.- Բանակցային գործընթացում պէտք է առաջնորդէել Արցախի ժողովրդի 1991թ. անկախութեան եւ 2006 ու 2017 թւականների ԼՂՀ Սահմանադրութեան ընդունման եւ փոփոխութիւնների համաժողովրդական հանրաքւէներով արդէն իսկ կայացած կամարտայայտութեամբ։

4.- Առ այդ ՀՅ Դաշնակցութիւնը ՝

- Շարունակում է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը։ Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ՝ ԼՂՀ անկախութեան ճանաչմանը։

- Պաշտպանում է ԼՂՀ-ն որպէս լիիրաւ բանակցային կողմ ներառելու պահանջը։

- Հետամուտ է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպէս ԼՂՀ անկախութեան եւ անվտանգութեան երաշխիքի։

- Անընդունելի է համարում ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման հետ կապւած առաջնահերթ լուծում չպարունակող որեւէ կարգաւորում։

- Դէմ է վերոնշեալ պահանջը անտեսող որեւէ «փուլային» լուծման տարբերակի եւ միակողմանի կամ ապագայ լուծումների ակնկալիքով որեւէ զիջումի։ Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժէք, միաժամանակեայ եւ փաթեթային լուծման շրջանակներում.

- Պաշտպանում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախութեան ճանաչման ակտի անհրաժեշտութիւնը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դէպքում։

- Հետամուտ է, որպէսզի Ադրբեջանի կողմից 1994-1995թթ. Եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղեալ համարելու բոլոր ճիգերը դատապարտւեն միջազգային համայնքի կողմից։

- Համոզւած է, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգութեան երաշխաւորները նախ եւ առաջ ՀՀ Զինւած ուժերն ու ԼՂՀ Պաշտպանութեան բանակն են։ Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման եւ վերահսկման արդիւնաւէտ միջոցներ կիրառւեն Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար։

- Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայութեան ներուժը՝ արցախեան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակայ խնդիրներ է համարում Արցախի բնակչութեան աճի եւ տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղւած համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը։

Սիրելիներ,

Այսօր մենք այստեղ, Եռաբլուրում հաւաքւել ենք ոչ միայն նշելու Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձը, այլ այս առիթով՝ այստեղ հանգչող մեր հերոսների շիրիմների մօտ՝ վերանորոգելու մեր ուխտը, որ հաւատարիմ ենք մնալու իրենց ուղուն, հաւատարիմ ենք մնալու իրենց ճանապարհին. չենք թողնելու, որ իրենց գերագոյն զոհողութիւնը ի զուր տեղը կատարւած լինի։ Իրենց սկսած գործը հասցնելու ենք աւարտին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։