Հա

Ազգային

23/09/2017

ՀՅԴ Բիւրոյի անդամ. «Մեզ գործնական քայլեր են պետք յայտարարութիւնները կեանքի կոչելու համար»

Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: «yerkir.am»-ի հետ զրոյցում Տէր-Խաչատուրեանն ասաց, որ իրենց տեսլականը հզօր Հայաստան եւ յանձնառու Սփիւռք ունենալն է: Ամբողջ ազգը մի տեղ հաւաքելը, ըստ նրա, կարեւոր գործառոյթ է, բայց նա աւելի շատ հակւած է մտածելու` կարեւոր է յայտարարութիւններից մէկ քայլ առաջ անցնելը:

«alikonline.ir» - Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: «yerkir.am»-ի հետ զրոյցում Տէր-Խաչատուրեանն ասաց, որ իրենց տեսլականը հզօր Հայաստան եւ յանձնառու Սփիւռք ունենալն է: Ամբողջ ազգը մի տեղ հաւաքելը, ըստ նրա, կարեւոր գործառոյթ է, բայց նա աւելի շատ հակւած է մտածելու` կարեւոր է յայտարարութիւններից մէկ քայլ առաջ անցնելը:

«Մեզ գործնական քայլեր են պէտք` յայտարարութիւնները կեանքի կոչելու համար, դրանք աշխատանքային ծրագրի վերածելու համար: Բնականաբար, այդ ուղղութեամբ կան լուրջ մարտահրաւէրներ, եւ դրանք յաղթահարելու համար որոշ գործնական քայլեր է սկսել անել Հայաստանի կառավարութիւնը: Օրինակ` «Հայաստանի զարգացման հիմնադրամը» մեզ ասել է, որ ուզում են Սփիւռքում ներկայացուցչութիւններ ունենալ, որպէսզի այդ կերպ խրախուսեն թէ՛ Հայաստանից արտահանման հարցերը, թէ՛ ներդրումների հարցը` այդպիսով ստեղծելով նաեւ որոշակի վստահելիութեան մթնոլորտ»,- ասաց Տէր-Խաչատուրեանը:

Ըստ նրա` ողջունելի է, որ նախորդ համագումարի ընթացքում հնչած առաջարկների հիման վրայ ցուցակ են կազմել ու մասնակիցներին ներկայացւել` դրանցից որոնք կիրականացւեն եւ որոնք` ոչ: Տէր-Խաչատուրեանը յոյս ունի, որ այս համաժողովի դէպքում նոյնպէս կառանձնացւեն անելիքները: Նրա հաւաստմամբ` առաւել մեծ անելիքներ կան արտաքին դիւանագիտութեան մէջ, եւ այս հարցում Հայաստանն ու Սփիւռքը պէտք է իրար ամբողջացնեն, ոչ թէ իրար ոտք կոխկրտեն:

«Մենք 5 կենտրոնական գրասենեակներ ունենք, որոնք տարածւած են աշխարհով մեկ: Ամենահինը Վաշինգտոնի գրասենեակն է, ունենք նաեւ գրասենեակներ Բրիւսէլում, Հայաստանում, Լիբանանում եւ Մոսկւայում: Նրանք յատուկ աշխատանքներ են տանում Հայաստանի կառավարութեան հետ` առաջին հերթին հէնց Արցախի անկախութեան ճանաչման խնդրի հարցով: Բացի այդ` Հայաստանի օժանդակութեան խնդրի շուրջ ենք աշխատում: Խօսքը ոչ միայն նիւթականի մասին է, այլ նաեւ, օրինակ, լոբբինգի, եւ այդ ուղղութեամբ բաւական յաջողութիւնների ենք հասել. ԱՄՆ-ում մի շարք նահանգներ արդէն իսկ սկսել են ճանաչել Արցախի անկախութիւնը: Միւս կողմից, երբ փորձում են Ադրբեջանին զէնք վաճառել, վերջին օրինակը հենց Կանադայի դէպքն էր, մենք մեծ աղմուկ բարձրացրինք»,- ասաց Տէր-Խաչատուրեանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ, բացի այդ, մեծ աշխատանքներ են տարւում թուրքական եւ ադրբեջանական քարոզարշաւին համարժէք հակահարւած տալուն: Տէր-Խաչատուրեանի հաւաստմամբ` Թուրքիան եւ Արդբեջանը միլիոնաւոր դոլարներ են ծախսում դրսում հակահայ մթնոլորտ ստեղծելու համար, մանաւանդ` Արեւմուտքում: «Իսկ Ցեղասպանութեան հետ կապւած աշխատանքերի առումով` արդէն բացել ենք պահանջատիրութեան էջը, ստեղծել ենք նոր հիմնարկ` «Armenian Legal Center», որը հսկում է հաւաքական պահանջատիրութեան օրինական «երեսը»: Քայլեր ենք ձեռնարկում նաեւ ջաւախահայութեան հարցով` մշակութային ինքնութեան հաստատման խնդրրի լուծման համար եւ Արեւմտահայաստանի նոր զարթօնքը քաջալերելու ծրագրին օժանդակելու համար: Այսինքն` բազմազան օրակարգ ունենք եւ փորձում ենք մեր առաջնահերթութիւնները ճշտել»,- ասաց նա:

Տէր-Խաչատուրեանը նշեց նաեւ, որ Կանադայում Դաշնակցութիւնն ազդեցիկ կառույց է համարւում, իրենց ձայնը լսելի է նոյնիսկ հայ համայնքի շրջանակներից դուրս: Ըստ նրա` Կանադայում ապրում է 80-90 հազար հայ, որը, երկրի ընդհանուր բնակչութեան համեմատ, մեծ տոկոս չէ, բայց տեղի հայերը, Տէր-Խաչատուրեանի գնահատականով, քաղաքական լուրջ ներկայութիւն են ապահովում:

Նշենք, որ Յակոբ Տէր-Խաչատուրեանին անկախութեան 26-րդ տարեդարձի կապակցութեամբ շնորհւել է «Մխիթար Գոշ»-ի մեդալ: «Մխիթար Գոշ» մեդալը շնորհւում է պետական եւ հասարակական-քաղաքական գործունէութեան, ինչպէս նաեւ դիւանագիտութեան, իրաւագիտութեան եւ քաղաքագիտութեան բնագաւառներում ցուցաբերած ծառայութիւնների համար:

«yerkir.am»

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։