Հա

Ազգային

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 11:00

Արամ Համբարեան. «ԱՄՆ-ը պատժամիջոցներով կարող է արձագանգել Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային»

ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկեան յարաբերութիւնների, Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղւած նախագծերի, ինչպէս նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմէնպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի հետ: 

«alikonline.ir» - ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկեան յարաբերութիւնների, Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղւած նախագծերի, ինչպէս նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմէնպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի հետ: 

 

- Պրն. Համբարեան, վերջերս ԱՄՆ կոնգրեսականների պատւիրակութիւնը Հայաստանում էր: Ամփոփելով ընդհանուր արդիւնքները՝ ի՞նչ կասէք այդ այցի մասին, ինչպէ՞ս այն կանդրադառնայ հայ-ամերիկեան յարաբերութիւնների վրայ:

- Նման այցելութիւնները կառուցողական դեր ունեն հայ-ամերիկեան յարաբերութիւնների ամրապնդման հարցում: Այն նաեւ հնարաւորութիւն էր օրէնսդիրների համար աւելի ընդգրկուն պատկերացում ձեւաւորելու լուրջ անվտանգային մարտահրաւէրների մասին, որոնք գալիս են Անկարայից եւ Բաքւից:

 

- Այցի շրջանակում անցկացւած քննարկումների ընթացքում յատկապէս շեշտւեց երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: Անդրադառնալով, մասնաւորապէս, ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրին՝ ըստ Ձեզ, ինչ հեռանկարներ կան դրա ստորագրման համար, եւ ինչպէս այն կը նպաստի երկկողմ տնտեսական յարաբերութիւնների առաջխաղացմանը:

- Ինչպէս ցոյց է տալիս ԱՄՆ ընկերութիւնների աշխատանքը, անհրաժեշտ է կրկնակի հարկումից խուսափելու մասին ժամանակակից, գործող պայմանագիր՝ հայ-ամերիկեան երկկողմ փոխշահաւէտ առեւտրի եւ ներդրումների խթանման գործընթացում արհեստական խոչընդոտները վերացնելու համար: Սա «յաղթող-յաղթող» սցենար կը լինի. պրակտիկ, նւաճելի առաջնահերթութիւն, որը կարող է իրականացւել եւ կիրականացւի Վաշինգտոնի եւ Երեւանի պաշտօնեաների, ինչպէս նաեւ հայ-ամերիկեան կոմերցիոն գործընկերութեամբ շահագրգիռ կարեւոր անձանց կառուցողական ներգրաււածութեամբ:

 

- Քննարկումների մէկ այլ կարեւոր թեման Արցախի Հանրապետութիւնն էր: Կոնգրեսականները եղան այնտեղ, նշեցին, որ շարունակելու են ջանքերն՝ ուղղւած Արցախի միջազգային ճանաչմանը, սակայն այցից յետոյ կոնգրեսականներից մի քանիսը, ոչ զարմանալիօրէն, յայտնւեցին Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այնուամենայնիւ, ինչպէ՞ս կը բնութագրէք Ադրբեջանի նման պահւածքը, արդեօ՞ք այն կարող է ինչ-որ կերպ ազդեցութիւն ունենալ Ամերիկայի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների վրայ:

- Մենք շատ ոգեւորւած ենք Միչիգանում Հայ Դատի յանձնախմբի կատարած աշխատանքով առ այն, որ նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը շարունակելու են ցուցաբերել աջակցութիւն Արցախին, ինչպէս նաեւ Հայաստանին: Այս ջանքերը քոյր քաղաքների նախագծերին եւ Արցախի ճանաչմանն ուղղւած այլ նախաձեռնութիւններին զուգահեռ բախւում են Ադրբեջանի հզօր դիմադրութեանը, սակայն դանդաղ, բայց վստահաբար կենտրոնացնում են ԱՄՆ քաղաքականութիւնը ժողովրդավարական ինքնորոշման վերաբերեալ Ամերիկայի հիմնական արժէքի շուրջ:

 

- Այս տարիների ընթացքում Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մշտապէս իրականացրել է տարբեր նախագծեր՝ ուղղւած թէ՛ Հայոց Ցեղասպանութեան, թէ՛ Արցախի միջազգային ճանաչմանը: Այդ նախագծերը պարբերաբար ունեցել են աջակիցներ: Կը ցանկանայի իմանալ՝ վերջին ժամանակներում ինչ աշխատանքներ են տարւել այս երկու հարցի ուղղութեամբ:

- Այս տարի կոնգրեսականների համար մենք նախաձեռնեցինք «Խոստումը» ֆիլմի էկրանաւորումը: Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կազմակերպեցինք «Հերքման ճարտարապետները» ֆիլմի ցուցադրութիւնը, եւ կոնգրեսականների հետ հանդիպումներին մեզ միացան գործադիր պրոդիւսերներ Դին Քէյնը եւ Մոնթէլ Վիլիամզը: ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու նախագծի համահովանաւորների թիւը շուրջ 100 է, եւ Սենատում աջակցութիւնը շարունակում է աճել:

 

- Սեպտեմբերի 27-ին էլ տեղեկացանք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳաւերնի նախաձեռնութեամբ օրէնքի նախագիծ է առաջադրւել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել այս ուղղութեամբ, պրն. Համբարեան:

- Մենք ոգեւորւած ենք, որ Սենատի յատկացումների յանձնաժողովի կողմից Բաքւի դէմ Դուրբինի (ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբին- խմբ.) լրացումներով նախատեսւող պատժամիջոցների ընդունումից յետոյ մենք կը տեսնենք կոնգրեսականների աջակցութիւնը՝ աւելի բաց ու հաստատակամ կերպով Ադրբեջանում աճող ճնշումներին մարտահրաւէր նետելու հարցում: Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային պատասխան կտրւի նոյն կերպ՝ պատժամիջոցներ, վիզայի սահմանափակումներ, այլ ծախսեր ու հետեւանքներ:

 

- Կը ցանկանայի անդրադառնալ եւս մի հարցի՝ մայիսի 16-ին ԱՄՆ-ում թուրքական դեսպանութեան շէնքի դիմաց կազմակերպւած բողոքի ակցիայի մասնակիցների վրայ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի թիկնապահների յարձակման դէպքին, որից յետոյ այդ խմբից 12 անձի ձերբակալութեան հրաման տրւեց Վաշինգտոնում: Ո՞ր փուլում է իրաւական գործընթացն այժմ:

- Զարմանալիօրէն, Թուրքիայի արտգործնախարարն Ամերիկա կատարած իր վերջին այցի ժամանակ լուսանկարւել էր եւ խրախուսել յարձակման գործում իրենց դերն ունենալու համար ձերբակալւած երկու անձի: Կարեկցանք յայտնելու փոխարէն՝ Էրդողանի կառավարութիւնը այդ մարդկանց դարձնում է հերոսներ եւ պախարակում նրանց, ում միակ յանցագործութիւնը Ամերիկայի հողում խաղաղ ցոյցի մասնակցելն էր:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։