Հա

Ազգային

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 08:10

Նորւեգիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը տեղի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է

Նորւեգիայում վիճակագրական տւեալների համաձայն ներկայում ապրում է մօտ 2000 հայ: Հայերի մեծամասնութիւնը բնակւում է Օսլոյում եւ մայրաքաղաքի շրջաններում, միւս ծանրակշիռ մասը՝ Նորւեգիայի հարաւային հատւածում: Հայերի մի փոքր խումբ էլ ապրում է Նորւեգիայի հիւսիսային շրջանում:

«alikonline.ir» - Նորւեգիայում վիճակագրական տւեալների համաձայն ներկայում ապրում է մօտ 2000 հայ: Հայերի մեծամասնութիւնը բնակւում է Օսլոյում եւ մայրաքաղաքի շրջաններում, միւս ծանրակշիռ մասը՝ Նորւեգիայի հարաւային հատւածում: Հայերի մի փոքր խումբ էլ ապրում է Նորւեգիայի հիւսիսային շրջանում:

Նորւեգիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի արտաքին կապերի ղեկավար, «Բրաունելզ» (Brownells) կազմակերպութեան ֆինանսական գծով տնօրէն Նարինէ Յ. Յարութիւնեանը Նորւեգիայի հայ համայնքը պայմանականօրէն բաժանում է 2 մասի՝ Հայկական մշակութային համայնք եւ Հայկական առաքելական եկեղեցական համայնք: Մշակութային համայնքը ձեւաւորւել է 1989 թւականին, լիբանանահայերի եւ պարսկահայերի կողմից, իսկ եկեղեցական համայնքը ձեւաւորւել է աւելի ուշ` 2012 թւականին: Այն ստեղծւել է Հայաստանից գնացած հայերի նախաձեռնութեամբ:

Հայերի առաջին հոսքը Նորւեգիա սկսւել է 1970 թւականին Իրանից, Միջին Արեւելքից եւ Հայաստանից: Վերջին 20 տարիների ընթացքում ներգաղթյալների ծանրակշիռ մասը հէնց Հայաստանից է, քիչ չեն նաեւ Սիրիայից եկած հայերը:

«Ինչպէս բազմիցս նշւել է, հայերը քրտնաջան աշխատող են: Դա նաեւ նկատւում է Նորւեգիայի հայերի շրջանում: Նորւեգիայի հայերն իրենց գործունէութիւնը ծաւալում են տարբեր ոլորտներում: Օրինակ, բժշկութիւն, տնտեսագիտութիւն, երաժշտութիւն, բարձր տեխնոլոգիա, փայտամշակում, շինարարութիւն, արւեստի ոլորտ եւ այլն: Կարող եմ հաւաստիացնել, որ բոլորը շատ բարձրակարգ մասնագէտներ են իրենց գործում: Տարբեր ոլորտներում նշանաւոր հայ գործիչներ կան, բայց չէի ցանկանայ ինչ-որ մէկին առանձնացնել: Միայն կարող եմ ասել, որ ամէն նորւեգահայ, անկախ ամէն ինչից, թէ որտեղ է աշխատում, առաջնահերթ ներկայանում է, որ նա ծագումով աշխարհում պետականօրէն քրիստոնէութիւնն առաջինն ընդունած երկրից է: Եւ նաեւ առիթը բաց չենք թողնում պատմելու դարաւոր պատմութեան մասին»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Նարինէ Յ. Յարութիւնեանը:

Անդրադառնալով լեզւի պահպանութեանը` Նարինէ Յ. Յարութիւնեանը նշեց, որ այն հայ համայնքի ամենացաւալի խնդիրներից մէկն է: Նորւեգիայում ապրող հայերը թւով քիչ են եւ սփռւած են ամբողջ երկրով, հետեւաբար դժւար է հիմնել հայկական դպրոց: Փորձ է արւել կազմակերպել հայոց լեզւի դասընթացներ, սակայն յաջողութիւն չի ունեցել:

«Եւ այսօրւայ դրութեամբ հայոց լեզւի պահպանութիւնը դարձել է ամէն հայ ընտանիքի խնդիրը, որպէսզի հայոց լեզւի իմացութիւնը փոխանցենք մեր երեխաներին: Չեմ կարող խօսել բոլոր նորւեգահայերի անունից, բայց կարող եմ իմ օրինակով ասել, որ երեխաներս շատ լաւ խօսում եւ հասկանում են իրենց մայրենի լեզուն: Փորձում եմ ամէն տարի նրանց բերել Հայաստան, որպէսզի տեսնեն իրենց հայրենիքը, շփւեն հասակակիցների հետ»,-ասաց Նարինէ Յ. Յարութիւնեանը` նշելով, որ կայ մեծ ցանկութիւն Նորւեգիայում կազմակերպելու հայոց լեզւի դասեր եւ հիմնելու հայկական պարերի խմբակ:

Խօսելով երկու երկրների զբօսաշրջային հոսքերի, նորւեգացիների շրջանում Հայաստանի ճանաչելիութեան մասին, Նարինէ Յ. Յարութիւնեանը նշեց, որ ընդամենը երկու փոքր տուրիստական կազմակերպութիւններ են առաջարկում տուր փաթեթներ դէպի Հայաստան:

«Հիմնականում հայերս ենք աւելի շատ ոգեշնչում եւրոպացի ընկերներին, որ մէկնեն Հայաստան: Իմ հարսանիքին, որն անցկացւում էր Հայաստանում, հիւրեր ունէինք Նորւեգիայից: Հարսանիքի յաջորդ օրւանից մենք սկսեցինք մեր ճամփորդութիւնները Հայաստանով մէկ՝ Էջմիածին, Զւարթնոց, Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Սեւան, Սեւանավանք, իհարկէ, երեկոները վայելեցինք Երեւանում: Վերադառնալով Նորւեգիա՝ իրենք շատ հիացմունքով էին պատմում Հայաստանի մասին: Ամէն դէպքում, ընդհանուր առմամբ նորւեգացիների շրջանում Հայաստան ընտրողները քիչ են»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան հարցերին, Նարինէ Յ. Յարութիւնեանը նշեց, որ Արցախի հետ կապւած Նորւեգիայում կենտրոնացումը քիչ է: Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցին, ապա, նրա խօսքով, թէ եկեղեցական, թէ մշակութային համայնքները տարբեր առիթներով բարձրացնում են այն: Նարինէ Յ. Յարութիւնեանը նկատեց, որ Նորւեգիայում հանրութունը շատ քիչ է տեղեկացւած Հայոց Ցեղասպանութեան հարցի մասին: Անգամ դասագրքերում, որտեղ գրւած է առաջին համաշխարհային պատերազմի մասին, Ցեղասպանութեան մասին ոչ մի խօսք չի նշւում:

«Մենք՝ հայերս, ամէն կերպ փորձում ենք պատմել դա մեր նորւեգացի գործընկերներին: Փորձ կատարել ենք Հայոց Ցեղասպանութեան հարցը համապատասխան ատեաններում բարձրացնելու, սակայն յաջողութիւն չունեցաւ թուրքական դեսպանութեան միջամտութեան պատճառով: Ուզում եմ նշել, որ Նորւեգիայի Քրիստոնեայ ժողովրդավարական կուսակցութիւնը ներքին կարգով միակ կուսակցութիւնն է, որ ընդունել է Ցեղասպանութիւնը: Եւ գիտենք այն, որ եթէ կարողանանք հարցը բարձրացնել խորհրդարանում, ապա այնտեղ ունենք աջակիցներ»,-ասաց  նա: Նարինէ Յ. Յարութիւնեանը յիշեցրեց, որ Կրագերոն Նորւեգիայի առաջին համայնքն է, որը պաշտօնապէս ճանաչել է հայերի Ցեղասպանութիւնը՝ շնորհիւ Բոդիլ-Կատարինա Բեորնի:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ամէն տարի ապրիլի 24-ին այցելում են Ֆրիտյոֆ Նանսենի եւ Բոդիլ-Կատարինա Բեորնի յուշաքարերին, ծաղիկներ են խոնարհում 1.5 մլն. զոհերի յիշատակին: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացւեց ջահերով երթ, եղան ելոյթներ տեղի լրատւամիջոցներով, անցկացվեց պատարագ, ներկայ էին քաղաքական բարձրաստիճան գործիչներ, հոգեւորականներ, ինչպէս նաեւ Օսլոյի սրբազանը: Նա այդ հարցում հայ համայնքին միշտ սատար է կանգնել եւ անգամ իր ուղերձում գրել է, որ 1915 թւականի ջարդերը Ցեղասպանութիւն են: Նարինէ Յ. Յարութիւնեանն ընդգծեց, որ Նորւեգիայի Թագաւորութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը տեղի հայ համայնքի առաջնահերթ խնդիրներից է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։