Հա

Ազգային

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 10:20

Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութիւն, Արցախ, ՀՀ-ԵՄ յարաբերութիւններ. հաստատւել է Եւրոպահայերի համագումարի օրակարգը

Բելգիայում hոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Եւրոպահայերի 4-րդ համագումարը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը եւ այլք:

«alikonline.ir» - Բելգիայում hոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Եւրոպահայերի 4-րդ համագումարը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը եւ այլք: Համագումարի մանրամասների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցի, տարածաշրջանային զարգացումների մասին «Արմէնպրես»-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հաղորդակցութեան եւ հասարակութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:

 

- Հոկտեմբերի 18-ին եւ 19-ին Եւրոպահայերի 4-րդ համագումարն է անցկացւելու: Նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:

- Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մէջ են: Հրաւիրեալները, ովքեր համագումարի սկզբին ողջոյնի խօսքով պիտի հանդէս գան, արդէն հաստատել են իրենց ներկայութիւնը: Մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը, Սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանը, Արցախի Հանրապետութեան բարձրաստիճան պետական ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ մասնագէտ բանախօսները: Նաեւ ակնկալում ենք եւրոպական խորհրդարանի տասնեակ պատգամաւորների մասնակցութիւնը: Պէտք է ասեմ, որ եւրոպահայ միութիւնների կամ անհատների մասնակցութեան թիւն արդէն բաւական բարձր է:

 

- Համագումարի օրակարգում ի՞նչ հարցեր են լինելու: Այս անգամ համագումարը նախորդներից ինչո՞վ է առանձնանալու:  

- Համագումարն անդրադառնալու է 4 կարեւոր թեմաների՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման պահանջատիրական պայքարը Եւրոպայում, այդ պայքարն իրաւական դաշտ փոխանցելու գործընթացը, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի հարց, ինչպէս նաեւ թուրք եւ ադրբեջանական լաբբինգը Եւրոպայում եւ նրանց հակազդելու միջոցները: Երրորդը` Հայաստան-Եւրոմիութիւն երկկողմանի յարաբերութիւններն են: Թեմային անդրադարձ կը կատարւի  նոյեմբերին սպասւող Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովի համատեքստում: Չորրորդը` հայապահպանութեան հարցն է Եւրոպայի գաղութներում:

 

- Արցախի հետ կապւած Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը ի՞նչ շեշտադրումներով է շարունակելու աշխատանքը:

- Արցախի հիմնախնդիրը մնում է Հայ Դատի կարեւորագոյն առաջնահերթութիւններից մէկը` քաղաքական առումով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, Եւրոմիութեան տարբեր հաստատութիւնների ներկայացուցիչների բառապաշարում, որովհետեւ միջազգային իրաւունքի համաձայն, այս սկզբունքը նոյնքան ուժ եւ պարտադրանք ունի, որքան տարածքային ամբողջականութեան սկզբունքը: Արցախի հիմնախնդրի վերաբերեալ երկրորդ հարցն է` հակազդել աշխարհաքաղաքական եւ տնտեսական մեկուսացմանը, որը պարտադրւած է Արցախի ժողովրդին ադրբեջանական կողմից: Այդ համատեքստում շարունակելու ենք դիւանագիտական կապեր ամրապնդել եւրոպացի պատգամաւորների հետ` նրանց Արցախ այցելելու հնարաւորութիւններ ստեղծելով կամ խորհրդարանական բարեկամական խմբերի հետ աշխատելով: Մեկուսացման հետեւանքն է այն, որ Արցախի ժողովրդի կեանքի որակը, տնտեսական զարգացումը սահմանափակւում է: Հայ Դատի գրասենեակն այս խնդիրը բարձրացրեց ԵԱՀԿ-ի մարդու իրաւունքների ոլորտին նւիրւած վերջին համաժողովին, որը տեղի ունեցաւ Վարշաւայում: Նոյն համաժողովի շրջանակում հանդիպումներ եղան տասնեակ պատւիրակութիւնների հետ, ցուցադրւեց Արցախի պատերազմի մասին «Պաշարւածներ» ֆիլմը:

 

- Համանախագահները փորձում են բանակցային գործընթացի ակտիւացման ուղղութեամբ քայլեր իրականացնել: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ համատեքստում: Հաշւի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը արդեօ՞ք դրական տեղաշարժ հնարաւոր է:

- Այս փուլում ամենակարեւորը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում արձանագրւած առաջնահերթութիւնների իրականացումն է: Եթէ Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա կարող ենք երեւակայել, որ բուն բանակցութիւնները դժւար զարգանան: Պէտք է սահմանին հանգիստ լինի, որ բանակցութիւնների համար դրական մթնոլորտ ձեւաւորւի: Դա հնարաւոր կը լինի շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրման դէպքում: Դա պէտք է լինի համանախագահների անմիջական առաջնահերթութիւնը: Եթէ Ադրբեջանը շարունակի չհամաձայնել, պէտք է հայկական կողմը լրջօրէն քննարկի այդ մեխանիզմի միակողմանի տեղադրման հարցը:

 

- Վերջերս համաշխարհային մի շարք լրատւամիջոցների հետաքննող լրագրողներ Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի վերաբերեալ տեղեկութիւններ հրապարակեցին: Եւրոպայի գործիչների շրջանում այն ի՞նչ արձագանգ գտաւ:

- Արձագանգը բարձր էր եւ կարող է աւելի բարձրանալ, որովհետեւ այս գործի մէջ թաթախւած անձանց անունները քիչ-քիչ բացայայտւում են: Եւրոխորհրդարանն արդէն խստօրէն դատապարտել է եւ պահանջել խնդրի ուսումնասիրման յանձնախումբ ձեւաւորել: Եւրոխորհրդարանը յատուկ բանաձեւ ընդունեց, ինչը շատ դրական է: Կարծում ենք, որ նման նախաձեռնութիւններ պէտք է լինեն բոլոր այն երկրների խորհրդարաններում, որտեղ կասկած կայ տւեալ երկրի քաղաքական գործիչների մասնակցութիւնն այս սկանդալին: Բոլոր նրանք, ովքեր մասնակից դարձան Ադրբեջանի պրոպագանդային, հակահայ կեցւածքներ ծաւալեցին` ստանալով Ադրբեջանի նաւթային դոլարները, պէտք է համապատասխան պատիժ ստանան: Սա եւրոպական արժէքներ պահպանելու երաշխիք է:

 

- Կը խնդրեմ ներկայացնել Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի դիրքորոշումը Կատալոնիայի անկախութեան վերաբերեալ:

- Նախ անդրադառնամ հանրաքւէի ընթացքում ուժի կիրառմանը, Իսպանիային դա պատիւ չի բերում: Բռնութիւնը, որին ականատես եղանք, եւրոպական, ժողովրդավարական արժէքներին, մարդու իրաւունքներին դէմ է: Ամէն ազգ եւ ժողովուրդ ունի իր կամքն ազատ արտայայտելու իրաւունք: Այդ իրաւունքը պէտք է պահպանւի, յարգւի եւ ոչ թէ բռնութեամբ խլւի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։