Հա

Ազգային

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 12:00

Կիրօ Մանոյեան. «Հայ-ամերիկեան յարաբերութիւնները կը խորանան, քանի որ Թուրքիան հիմա վստահելի գործընկեր չէ ԱՄՆ-ի համար, նրանք գործընկեր են փնտրում այստեղ»

Կիրօ Մանոյեանի խօսքով՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ եղած առճակատման մեղաւորը Թուրքիան է, եւ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզա չտրամադրելու պատճառը թուրքական կողմի արած քայլերն են:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանի խօսքով՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ եղած առճակատման մեղաւորը Թուրքիան է, եւ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզա չտրամադրելու պատճառը թուրքական կողմի արած քայլերն են: Նա «tert.am»-ի հետ զրոյցում մատնանշեց՝ Թուրքիան ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին առաջինը ձերբակալեց:

«Այնպէս չէ, որ Միացեալ Նահանգները միանգամից է որոշել նման բան անել, այլ անում է, քանի որ, ինչպէս յայտարարութեան մէջ էլ ասել է՝ Թուրքիան չի կարող երաշխաւորել իրենց դիւանագիտական ներկայացուցիչների եւ աշխատակիցների անվտանգութիւնը, եւ դրա համար իրենք որոշել են վիզաներ տրամադրելու գործընթացը կասեցնել»:

Կիրօ Մանոյեանը նկատեց, որ թուրքական կողմն էլ որոշեց ԱՄՆ-ին պատասխանել նոյն կերպ՝ նոյն յայտարարութիւնը պարզապէս երկրների անունները փոխած ներկայացնելով եւ յայտնելով, որ իրենք վիզա չեն տրամադրելու ԱՄՆ-ից Թուրքիա ժամանել ցանկացող քաղաքացիներին:

«Առիթ եղաւ, որ տեսնեմ, թէ քանի ամերիկացի է այցելել Թուրքիա․ այդքան էլ մեծ թիւ չէ, մէկ տարւայ ընթացքում ընդամենը մի քանի հազար է»,- նշեց նա:

Կիրօ Մանոյեանի խօսքով՝ թուրք-ամերիկեան յարաբերութիւններում եղած խնդիրները նկատելի էին դեռեւս ամիսներ առաջ: Ըստ նրա՝ անգամ Էրդողան-Թրամփ հանդիպմանը երկու երկրների յարաբերութիւնները հարթ չէին: «Այդ ժամանակ Համբիկ Սասունեանի ազատ արձակման գործընթացը կասեցւեց: Հիմա էլ, չեմ կարծում, որ այս յարաբերութիւնների սրացումն անպայման ի նպաստ հայերի լինի»,- ասաց նա:

Կիրօ Մանոյեանի կարծիքով՝ Թուրքիայի վարած քաղաքականութիւնն իր ազդեցութիւնը հնարաւոր է ունենայ ԱՄՆ վարչակազմի վարած քաղաքականութեան վրայ: Սակայն նրա խօսքով, թուրքական վարչակազմից եղած զայրոյթի դրսեւորումները քաղաքականութեան մէջ մեծ դեր չեն խաղալու:

«Կարծում եմ՝ Միացեալ Նահանգների պետքարտուղարութիւնը եւ այլ կառոյցները, որոնք Թուրքիայի հետ ունեցել են աւելի սերտ յարաբերութիւններ, աւելի շատ սառը դատողութեան կոչ կանեն, որովհետեւ շատ խնդիրներ կան այսօր․ նոյն Մերձաւոր Արեւելքում, նոյն Թուրքիայի հարեւանութեամբ, որտեղ Թուրքիայի հետ յարաբերութիւններն իրենք համարում են օգտակար»,- ասաց նա:

ՀՅԴ Բիւրոյի անդամը համաձայնեց, որ թուրք-ամերիկեան յարաբերութիւնների սրացումն, այնուամենայնիւ, կարող է իր դրական նպաստը բերել հայ-ամերիկեան յարաբերութիւններում առկայ որոշ հարցերի լուծման համար:

«Ի վերջոյ, Միացեալ Նահանգները, կուզենայ այս տարածաշրջանում իր ազդեցութիւնն ու ներկայութիւնը մեծացնել,- ասաց նա՝ նկատելով, որ քանի որ հիմա Թուրքիան վստահելի գործընկեր չէ ԱՄՆ-ի համար, վերջինս այլ գործընկերներ է փնտրում այստեղ,- կարծում եմ՝ կը խորացւեն հայ-ամերիկեան յարաբերութիւնները: Չեմ կարծում, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը դրանց շարքին է, բայց չի նշանակում, որ առանց Հայոց Ցեղասպանութեան հարցի, մեր յարաբերութիւնները չեն կարող սերտանալ»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։