Հա

Ազգային

Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2017 16:21

«Չենք կարող շրջանցել բանակաշինութեան, սահմանային իրավիճակների հետ կապւած հարցերը». Արցախի եւ Հայաստանի ՀՅԴ խմբակցութիւնները հանդիպել են

ԱՀ եւ ՀՀ Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցութիւնները տարեկան նւազագոյնը երկու հանդիպում են ունենում թէ՛ Երեւանում եւ թէ՛ Ստեփանակերտում: Հանդիպումների, քննարկումների օրակարգը նախօրօք ճշտւած է լինում

«alikonline.ir»- ԱՀ եւ ՀՀ Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցութիւնները տարեկան նւազագոյնը երկու հանդիպում են ունենում թէ՛ Երեւանում եւ թէ՛ Ստեփանակերտում: Հանդիպումների, քննարկումների օրակարգը նախօրօք ճշտւած է լինում: 

Երէկ՝ հոկտեմբերի 16-ին Արցախի ՀՅԴ պատգամաւորները ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ում հանդիպեցին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորների եւ դաշնակցական նախարարների հետ: 

Արցախի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը, «yerkir.am»-ի հետ խօսելով հանդիպման թեմաների մասին, տեղեկացրեց, որ այս անգամ քննարկման առարկան լինելու են մի քանի օրէնսդրական նախաձեռնութիւններ:

«Տեղեկատւական փոխանցումներից բացի, մենք կունենանք որոշ օրէնքների շուրջ քննարկումներ, յատկապէս` այն օրէնքների, որոնք ՀՀ-ում վերջերս են ընդունւել»,- ասաց նա, ապա յաւելեց, որ այս քննարկումներում պէտք է ընդգրկել նաեւ Արցախի ԱԺ այլ խմբակցութիւնների անդամների:

Իշխանեանը շեշտեց, որ անդրադառնալու են ՏԻՄ օրէնքին, քանի որ Հայաստանում արդէն համայնքների խոշորացումը գործնականօրէն իրականացւել է:  «Արցախում սահմանադրական փոփոխութիւններից յետոյ ունենք նոր մօտեցումների անհրաժեշտութիւն, ինչը սահմանադրական պահանջ է, այս հարցերն էլ ենք քննարկելու»,- յայտնեց նա:

Իշխանեանի խօսքով` իրենք շրջելու են նաեւ Հայաստանի խոշորացւած համայնքներում: «Նախատեսում ենք Հայաստանի տարբեր խոշորացւած համայնքներ այցելել` ուղղակիօրէն ծանօթանալու եւ մեզ համար լուսաբանելու այն իրական քայլերը, այն դրական տեղաշարժերը, ինչու չէ` նաեւ այն բացերը, որոնցից մենք կարող ենք խուսափել, իսկ առաւելութիւններից օգտւել նաեւ Արցախում»,- ասաց նա:

Իշխանեանը նշեց, որ իրենց մօտ ՏԻՄ համակարգը դեռ կայացած չէ: «Սահմանադրութեան մէջ «խոշորացում» հասկացութիւնը մեզ յաջողւեց չներառել, մենք դրա փոխարէն ձեւակերպել ենք` այդ մարմինների վերանայման խնդիր: Առաջիկա 3-5 տարիների ընթացքում մենք պէտք է որոշակիօրէն վերանայենք տեղական ինքնակառավարման մարմինների գործունէութիւնը` նկատի առնելով այն հանգամանքը, որ ՏԻՄ համակարգն Արցախում այդպէս էլ չի կայացել»,- ընդգծեց նա:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն էլ նշեց` Դաշնակցութիւնը որտեղ էլ լինի,  նոյն նպատակները պէտք է հետապնդի եւ նոյն ռազմավարութեամբ հանդէս գայ, ուստի նման հանդիպումներն անհրաժեշտ են:

«Անհրաժեշտութիւն միշտ առաջանում է,  որպէսզի մենք մեր կատարած եւ ակնկալւող քայլերի հետ կապւած նախնական քննարկումներ կատարենք, դրանք իրար հետ համաձայնեցնենք, որ ընդհանուր ռազմավարութիւնը պահպանենք: Սա է ընդհանուր նպատակը, բայց կոնկրետ հարցեր են առաջանում` կապւած տւեալ պահին քննարկւող օրէնքների, նախաձեռնութիւնների մասով, որոնք մենք իրականացնում ենք»,- ասաց նա:

Ռուստամեանն ընդգծեց, որ  Հայաստան-Արցախ տանդեմը պէտք է գնալով աւելի ու աւելի ամրապնդւի: «Յայտնի է անվտանգութեան հարցերի հետ կապւած մեր տեսակէտը: Մենք մէկ միասնական համակարգի մէջ ենք, եւ սա պէտք է ոչ թէ միայն խօսք լինի, այլ պէտք է միս ու արիւն ստանայ»,- ասաց նա ապա յաւելեց. «Մենք չենք կարող շրջանցել բանակաշինութեան, սահմանային իրավիճակների հետ կապւած հարցերը, մեր անելիքները»:

Պատգամաւորն ասաց, որ պէտք է բոլոր ջանքերը գործադրւեն, որպէսզի կարողանանք մեր բանակը զօրացնել: Բացի այդ` Ռուստամեանը տեղեկացրեց, որ  նոր նախաձեռնութիւններ ունեն` կապւած պահեստազօրի ձեւաւորման խնդրի հետ: «Ապրիլեան պատերազմից յետոյ դա գլխաւոր հարցն է` եթէ մի օր, Աստւած մի արասցէ, պատերազմական վիճակ առաջանայ, մենք պատրաստ ունենանք այն գնդերը, խմբերը, որոնք գիտեն` ինչ անեն, որովհետեւ ժամանակակից պատերազմը պահանջում է համապատասխան մակարդակի ուսուցում եւ պատրաստւածութիւն»,- եզրափակեց նա:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։