Հա

Ազգային

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 10:10

Զարմիկ Պօղիկեան. «Եթէ չը լինէին յոյսն ու լաւատեսութիւնը, սիրիահայ գաղութը կը տապալւէր»

Հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշւում էր Հայ մամուլի օրը: Օրւայ շրջանակներում «yerkirmedia.am»-ը զրուցել է Սիրիայում լոյս տեսնող միակ հայկական պարբերականի՝ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշւում էր Հայ մամուլի օրը: Օրւայ շրջանակներում «yerkirmedia.am»-ը զրուցել է Սիրիայում լոյս տեսնող միակ հայկական պարբերականի՝ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ:

 

- Ի՞նչ խնդիրներ էր լուծում շաբաթաթերթը մինչ պատերազմը, դրա ընթացքում եւ հիմա:

- Թերթը մի քանի դեր ունի գաղութային կեանքի մէջ, նախ այն ներկայացնում է սիրիահայ գաղութի կեանքն իր բոլոր երեսներով՝ կրթական, մշակութային, եկեղեցական, ընկերային եւ քաղաքական:

«Գանձասար»-ը, որպէս Սիրիայում տպագրւող հայկական միակ թերթ, ունի նաեւ մեր մայրենի լեզուն պահելու ու զարգացնելու, մշակութային արժէքները ներկայացնելու, ներազգային, համայնքային եւ համահայկական հարցերի շուրջ կարծիք ձեւաւորելու, բայց մանաւանդ գրելու եւ ստեղծագործելու խթան հանդիսանալով՝ միտք պատրաստելու եւ արտայայտւելու հարթակ հանդիսանալու դեր:

Թերթը կամրջի դեր է խաղում նաեւ Սփիւռք-Հայրենիք յարաբերութիւնների մէջ, որովհետեւ ընթերցողը հայրենի կեանքի, Արցախի իրադարձութիւնների մասին տեղեկանում է թերթի միջոցով:

Պատերազմի ժամանակ «Գանձասար»-ը սիրիահայ համայնքի տագնապը, մաքառումները, դժւարութիւնները, գոյատեւելու ջանքերն ու քաղաքական դիրքորոշումը պարզաբանող միակ հաւաստի աղբիւրն էր, որին դիմեցին հայկական, արաբական եւ արեւմտեան զանգւածային լրատւամիջոցները:

Շատ դէպքերում «Գանձասար»-ը քողազերծեց սիրիահայ համայնքի շուրջ տարածւող ապատեղեկատւութիւնը կամ անհիմն տարաձայնութիւնները եւ իր հնարաւորութեան սահմաններում աշխատեց ներկայացնել իրական պատկերը՝ առանց պատերազմի հետեւանքով առաջացած երեւոյթների ուռճացման, միշտ զգուշութեամբ եւ հայկական կեանքի անվտանգութեան նկատմամբ աչալուրջ լինելու նախաձեռնութեամբ:

Ներկայումս թերթն արձագանգում է, համայնքի վերականգման աշխատանքներին: «Գանձասար»-ն ինքն էլ է փորձում վերականգնւել, վերապատրաստել նոր հմտութիւններով օժտւած մարդուժ ու աստիճանաբար թօթափել պատերազմի դժւարութիւնները՝ միաժամանակ մնալով լուսաւոր բեմ Սիրիայում ապրող կամ պատերազմի հետեւանքով երկրից մեկնած սիրիահայութեան համար, արձագանգել նրանց դժւարութիւններին, ինչպէս նաեւ համայկական տարաբնոյթ հարցերին:

 

- Գաղթ, մարդկային կորուստներ, հրթիռակոծութիւն… այս ամէնի համատեքստում շաբաթաթերթը կարողացե՞լ է յուսադրել եւ որոշ չափով լաւատեսութիւն ներշնչել:

- Պատերազմի ահաւոր վնասները, մարդկային կորուստներն ու աղէտները ներկայացնելուն զուգահեռ, «Գանձասար»-ի առաջնահերթութիւններից մէկն էլ ապրելու յոյս ներշնչելն էր, յատկապէս պատերազմի բովի մէջ ապրող սիրիահայութեանը զերծ պահել յուսալքումից, որովհետեւ Սիրիայի դէմ պատերազմը նաեւ տեղեկատւական էր, որը միտում ունէր սարսափի ու ողբի մթնոլորտ ստեղծել, որպէսզի մարդիկ լքեն ամէն բան ու հեռանան, դատարկեն գաղութն ու ընդհանրապէս Սիրիան:

Այս քաղաքականութիւնը տեսանելի էր մեզ համար, ահա թէ ինչու էինք ջանում մարդկանց յոյս եւ լաւատեսութիւն ներշնչել, նրանց դիմադրողական ոգին բարձր պահել, որովհետեւ ապրելով ու շփւելով սիրիաբնակ ժողովրդի (հայ թէ տեղացի արաբ) հետ, ականատես էինք լինում նրանց ապրելու, պատերազմի պայմաններում դիմանալու, աշխատելու եւ ստեղծագործելու պատրաստակամութեանը փոխադարձ յարգանքի ու համակեցութեան այնպիսի մթնոլորտի մէջ, որը շատերին անհասկանալի կը թւար:

 

- Չնայած բազմաթիւ խոչընդոտների, «Գանձասար»-ը չի դադարել գործել պատերազմի տարիներին: Ի՞նչ պայմաններում էք ստիպւած եղել աշխատել:

- Ինչպէս բոլոր հաստատութիւններն ու կառոյցները, մենք եւս գործեցինք հրթիռների տարափի, պայթիւնների սարսափի մէջ: Աշխատանքի բնական պայմաններ չկային. էլեկտրականութիւն, համացանց, նոյնիսկ տպագրութեան թուղթն ապահովելն էր դժւար, իսկ թերթը տարածելը՝ վտանգաւոր: 2014 թւականին հրթիռի զոհ դարձաւ թերթի ցրիչ Վրէժ Ճապաղջուրեանը, խմբագրատունը քանիցս հրթիռակոծւեց: Երբեմն ստիպւած էինք տեղից տեղ գնալ ու փոխադրել տպագրական բոլոր  գործիքները, աշխատակազմի մէջ յաճախակի փոփոխութիւններ եղան գաղթի պատճառով, սակայն բարեբախտաբար յաղթահարեցինք դժւարութիւնները եւ շարունակեցինք թերթ հասցնել իւրաքանչիւր հայ ընտանիքի, որպէսզի փաստենք, որ կեանքը շարունակւում է ու պիտի շարունակւի հակառակ բոլոր դժւարութիւնների:

 

- Ի՞նչ վիճակում է հիմա շաբաթաթերթը (տպաքանակ, ընթերցողների թիւ, ֆինանսական կայունութիւն):

- Թերթի տպաքանակը պատերազմի օրերին նւազեց, փոխարէնը բազմապատկւեց առցանց ընթերցողների թիւը: Պատերազմի օրերին երթեւեկութեան դժւարութեան պատճառով թերթը չէինք կարողանում հասցնել Սիրիայի այլ նահանգներ, միայն Հալէպում էինք բաժանում:

Բայց իրավիճակի կայունացմանը զուգահեռ թերթի տպաքանակն աստիճանաբար սկսեցինք բարձրացնել: Այս շաբաթւանից թերթը սկսել ենք ուղարկել նաեւ Քեսաբ, առաջիկայ օրերին պիտի հասնի նաեւ Դամասկոս, Լաթաքիա եւ Ղամիշլի:

Նիւթական դժւարութիւնները պատերազմի օրերին բազմապատկւեցին. տպագրական ծախսերը քառապատկւած էին, որովհետեւ համարեայ բոլոր տպարանները փակ էին: Բարեբախտաբար «Արեւելք» տպարանը շարունակաբար տպեց թերթը եւ հրթիռակոծման ենթարկւելով հանդերձ՝ չդադարեցրեց իր աշխատանքը: Յուսով ենք, որ այս դժւարութիւններն աստիճանաբար կը յաղթահարւեն, որպէսզի կարելի լինի զարգացնել թերթի համացանցային հնարաւորութիւններն ու աշխատող մարդուժը:

Այստեղ շնորհակալութեան խօսք պէտք է յղեմ մեր աշխատակիցներին, յօդւածագիրներին, որոնք ամենադժւար պայմաններում անգամ չզլացան գրել ու նիւթ հայթայթել թերթի համար: Շնորհակալ եմ մանաւանդ հայրենի եւ սփիւռքահայ մեր լրատւամիջոցների ներկայացուցիչներին, որոնք ամէն օր կապ էին հաստատում մեզ հետ եւ տագնապում մեզ հետ միասին: Մենք մեծ փորձառութիւն ձեռք բերեցինք նրանց հետ գործակցելով, Սփիւռքի նախարարութեան կազմակերպած լրատւամիջոցների համահայկական ժողովներին մասնակցելով ու մեր կապերը ամրապնդելով:

 

- Սիրիայում եւ Հայաստանում բնակւող հայ ընթերցողների նախընտրութիւնները որքանո՞վ են նման եւ տարբեր միմեանցից:

- Հայաստանի ընթերցողները առաւելաբար հետաքրքրութիւն են ցուցաբերել մարդկային պատմութիւնների, գաղութի անվտանգութեան վիճակի, գոյատեւման խնդրով տարւած աշխատանքների նկատմամբ: Հետաքրքրութիւններն ընդհանուր առմամբ նոյնն են, գլխաւոր տարբերութիւնն այն է, որ Սիրիայի հայութիւնը նաեւ հայապահպանման հարց ունի, այդ իսկ պատճառով քաղաքական լուրերի եւ յօդւածների կողքին մեծ կարեւորութիւն ենք տալիս մշակութային, գրական, պատմական, հայրենիքին առնչւող նիւթերին, լեզւի անաղարտութեան պահպանման հարցին եւ այլն:

 

- Պատերազմի տարիներին կա՞ր մի լուր, որի հրապարակման հարցում յապաղել էք կամ ընդհանրապէս չէք հրապարակել:

-Երբեմն վերապահութեամբ կամ յապաղումով ենք հրապարակել զոհերի անունները՝ խնայելով անտեղեակ ծնողների հոգեկան վիճակը: Վերապահութեամբ ենք մօտեցել նաեւ հրթիռակոծութիւնների ենթարկւած վայրերի լուսանկարները համացանցի էջում զետեղելուց, որովհետեւ ահաբեկիչները, տեսնելով դրանք, անընդհատ թիրախ կը դարձնէին նոյն կառոյցները՝ դպրոցներ, եկեղեցիներ եւ այլն:

Մեր հնարաւորութիւնների սահմաններում փորձեցինք արծարծել թէ' ներազգային, թէ'  համահայկական հարցեր՝ հնարաւորինս հեռու մնալով երեւոյթներն ուռճացւած ներկայացնելուց: Այնուամենայնիւ, մարդկային հարցերն ու դժւարութիւնները (արտագաղթ, գաղութ պահելու դժւարութիւն, հայրենիքում հաստատւելու կամք ու այդ ուղղութեամբ համահայկական ծրագրաւորման բացակայութիւն), այնքան շատ էին ու բազմաբնոյթ, որ վստահաբար բացթողումներ էլ պիտի ունենայինք: Պատերազմը նոր կացութիւնների դիմաց դրեց մեզ, եւ մենք հանպատրաստից մեր կարողութիւնները գործի դրեցինք:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։