Հա

Ազգային

Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017 14:10

Աղւան Վարդանեան. «Թանկացումներն ազդեցութիւն են ունենում բոլորի վրայ»

Հարցազրոյց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանի հետ:

Հարցազրոյց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանի հետ:

 

- Պարոն Վարդանեան, ԱԺ-ն ընդունեց գալիք տարւայ ֆինանսական գլխաւոր փաստաթուղթը՝ ՀՀ պետական բիւջէն, որում չի երեւում երկրում աղքատութեան նւազեցման որեւէ միտում՝ թոշակները չեն բարձրացւում, նպաստները չեն աւելացւում, նւազագոյն աշխատավարձն էլ մնում է նոյնը։ Ձեր կարծիքով՝ այս առումով ի՞նչ է սպասւում յաջորդ տարի։

- Նախ՝ սա առաջին տարին չէ, որ բիւջէում նման ծախսերի աւելացում նախատեսւած չէ։ Եկէք սա արձանագրենք եւ չկապենք ուղղակի այս բիւջէի հետ։ Մենք ունենք 2 ճանապարհ՝ առկայ սուղ միջոցներով սոցիալական ծախսերն աւելացնել, եւ, թւում է, թէ առաջին հայեացքից՝ հասարակութեան որոշ իրապէս դժւար վիճակում յայտնւած սոցիալական շերտերին բաւարարութիւն տալ, բայց դա կը դառնայ հետագայում անընդհատ խնդիր, եթէ մենք չենք կարողանում տնտեսութիւնը զարգացնել, չենք կարողանում յաւելեալ արժէք ստեղծել, չենք կարողանում աշխատատեղ ստեղծել, ի վերջոյ, այս բեռը պետութիւնը չի կարող կրել։ Նոյնիսկ ամենաճգնաժամային վերջին տարիներին, երբ իսկապէս մենք պրոբլեմ ունէինք, սոցիալական ծախսերը մեր երկիրը կարողացաւ չկրճատել, թէեւ շատ երկրներ գնացին նաեւ այդ ճանապարհով։

 

- Փոխարէնը՝ պարտքն աւելացրեց։

- Պարտքն աւելացրեց։ Բայց եթէ նրանք մտածում են, որ պէտք է շարունակենք նոյն կերպ պարտք աւելացնել եւ սոցիալական ծախսեր անել, ապա դա հեռանկար չունեցող քաղաքականութիւն կը լինի։ Այսօրւայ կառավարութեան որդեգրած քաղաքականութիւնը հետեւեալն է՝ տնտեսութիւնը զարգացնելու, եկամուտ աւելացնելու հիմքեր ստեղծել, որպէսզի նաեւ հետագայում հնարաւորութիւն լինի սոցիալական ծախսերը մեծացնել։ Եւ, կարծում եմ, որոշակի ժամանակահատւածի համար սա շատ ճիշտ քաղաքականութիւն է։

 

- Բայց տարիներ շարունակ նոյն պատճառաբանութիւնն է բերւում, նոյն խօսքերն են ասւում, որ ստեղծւում են հիմքեր տնտեսութիւնը զարգացնելու, որը թոյլ կը տայ աւելացնել թոշակներն ու այլ ծախսերը։

- Ես անկեղծօրէն կարող եմ ասել, որ նախորդ կառավարութիւններից ամէն մէկը դժւար վիճակում է եղել եւ փորձել է հնարաւորն անել։ Այս կառավարութեան աշխատանքը, ուղղութիւնը, որդեգրած սկզբունքները որակապէս եւ էապէս տարբերւում են նախորդ կառավարութիւնների գործունէութիւնից։

Բայց միեւնոյն է, սա եւս ժամանակ է պահանջում, եւ անհրաժեշտ է իսկապէս այս ուղղութեամբ առաջ գնալ ու արմատական փոփոխութիւններ կատարել, բարեփոխումներ իրականացնել, որպէսզի այդ հիմքերը ստեղծւեն, մեծանան պետական եկամուտները, բիւջէն, որպէսզի հնարաւոր լինի մեր բազմաթիւ խնդիրներին զուգահեռ՝ նաեւ սոցիալական խնդիրներին անդրադառնալ։

 

- Օրերս հրապարակւեց աղքատութեան ցուցանիշը՝ 29.4%, որը տեւական ժամանակ բաւականին կայուն նոյն մակարդակի վրայ է պահւում։ Այդ «կայունութիւնը» դեռ երկա՞ր կը շարունակւի, թէ՞ հնարաւոր կը լինի կրճատել, եւ ե՞րբ։

- Նախ՝ մի բան արձանագրենք՝ հրապարակւած ցուցանիշը վերաբերում է 2016 թ.։ Եւ այդ ցուցանիշը, թէկուզ շատ փոքր, աննշան՝ 0.4%, բայց նւազել է։ Սա չնչին բան է, բայց եկէք սա էլ արձանագրենք։ Եւ սա 2016 թ. մասին է։ Ընդհանրապէս, աղքատութեան ցուցանիշը, մի մոռացէք, մի ժամանակ 54-56% էր, եկաւ մի շրջան, որ հասանք 22-23%-ի, բայց 2009 թ. ճգնաժամից յետոյ աւելի կտրուկ անկում գրանցւեց։ Այստեղ հիմնական խնդիրն է, որն այս կառավարութեան օրակարգային հարցերից մէկն է՝ ունենալ իրական հաշւառում պետութեան մէջ, նաեւ իրական եկամուտների հաշւառում։

Մի կողմից, իհարկէ, շատ օբիեկտիւ, ասւում է, որ իրական աղքատութիւնը կարող է աւելի մեծ լինել, քան վիճակագրական տւեալներն են, բայց միւս կողմից էլ, ես համոզւած եմ, որ մեծ է ե՛ւ թաքնւած զբաղւածութիւնը, ե՛ւ եկամուտների ոչ ամբողջական հաշւառումը։ Այսինքն՝ կայ նաեւ հակառակ կողմը։ Ես չգիտեմ՝ այստեղ բալանսը որտեղ կը կանգնի։

Իրական պատկերն ունենալն իսկապէս թիրախային է։ Եւ այս կառավարութեան քաղաքականութիւններից մէկն էլ նա է, որ իսկապէս հասցէական լինի այդ աջակցութիւնը, իսկապէս հասնի նրան, ով իրօք դրա կարիքն ունի, ով իրօք չի կարող սեփական աշխատանքով ապահովել իր ընտանիքի բարեկեցութիւնը։ Սա այս քաղաքականութեան այն հիմնական ուղղութիւնն է, որի մասին մենք պէտք է խօսենք։

 

- Իսկ այդ աննշան 0.4%-ն ինչի՞ արդիւնք է՝ արտագաղթի՞։

- Նորից եմ կրկնում՝ սա 2016 թ. ցուցանիշներն են։ Ես ենթադրում եմ, որ դրական որոշ փոփոխութիւն կը լինի նաեւ 2017-ին։ Չեմ կարծում, թէ սա արտագաղթի հետ կապ ունի, որովհետեւ գոնէ վերջին տարիներին արտագաղթում են նաեւ բարեկեցիկ, միջին եկամուտներ ունեցող մարդիկ, եւ ամենաաղքատները չէ, որ արտագաղթում են։

 

- Արտագաղթելու համար էլ է փող հարկաւոր։

- Միայն փողի խնդիրը չի։ Մենք ունենք Հայաստանում 7400 ընտանիք, որ ունեն 4 եւ աւելի երեխաներ, եւ նրանց 90%-ն աղքատ ընտանիքներ են։ Սա՝ մի փաստարկ։ Երկրորդ՝ աղքատ՝ չի նշանակում՝ նաեւ արժէքներից, բարոյականութիւնից դուրս, եւ նրանցից շատերը, ես վստահ եմ, աւելի են կապւած իրենց հող ու ջրին, իրենց երկրին, քան շատ ու շատ հարուստներ։

 

- Ձեր իշխանական գործընկեր ԱԺ առողջապահութեան եւ սոցիալական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Յակոբ Յակոբեանն ասել է, թէ թանկացումները չեն վնասում աղքատներին, քանի որ նրանք ամէն դէպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում։ Համամի՞տ էք այդ մտքին։

- Թանկացումներն ազդեցութիւն են ունենում բոլորի վրայ, անկախ նրանից՝ աղքատ է, թէ միջին խաւ։

«168.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։