Հա

Ազգային

09/01/2018

Մուրադ Փափազեան. «Նորմալ չէր, որ Մակրոն-Էրդողան հանդիպմանը չքննարկւեց Հայոց Ցեղասպանութեան հարցը, մենք դատապարտում ենք դա»

Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից առաջ եւ յետոյ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին ուղղւած յայտարարութիւններով էր հանդէս եկել:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից առաջ եւ յետոյ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին ուղղւած յայտարարութիւններով էր հանդէս եկել: «tert.am»-ի հետ զրույցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը ներկայացրեց՝ իրենց յայտարարութեան մէջ նշել էին, որ դէմ չեն, որ Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հանդիպումներ լինեն, բայց երբ Ֆրանսիայի պէս երկիրն ընդունում է Թուրքիայի պէս երկրի, այն էլ Էրդողանի պէս նախագահի կողմից ղեկավարւող, Ֆրանսիան պէտք է իր խօսքը յստակ ասի:

«Ֆրանսիան ու Թուրքիան դաշնակից երկրներ են, կան մի քանի հարցեր՝ անվտանգութեան, ահաբեկչութեան դէմ պայքարի եւ այլն, եւ նորմալ է, որ Ֆրանսիան այս ուղղութիւններով համագործակցի Թուրքիայի հետ: Սա յստակ է, եւ հակառակը որեւէ մէկը չի կարող ասել: Ֆրանսիայի նախագահը Էրդողանի հետ հանդիպմանը բարձրաձայնեց մաքսային իրաւական հարցերի, բանտարկւած լրագրողների, Թուրքիայի Եւրոմիութեան անդամ դառնալու անկարելիութեան հարցերը: Բայց նա չանդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան, Կիպրոսի եւ քրդերի հարցերին: Մենք դատապարտեցինք եւ դատապարտում ենք դա, որովհետեւ դա նորմալ չէր: Իր պարտականութիւնն էր դա, որովհետեւ Ֆրանսիան, որպէս ժողովրդավարական երկիր, որպէս օրինակ, Եւրոպայի մէջ լիդեր պետութիւն, պէտք է միշտ իր խօսքն ասի այդպիսի երկրների ղեկավարներին»,- ասաց նա:

Մուրադ Փափազեանը համաձայնեց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի համար կարեւոր են այլ երկրների հետ տնտեսական յարաբերութիւնները: Նա մատնանշեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարեւոր շուկայ են Ֆրանսիայի համար: «Մենք նաեւ մեր՝ Մակրոնին ուղղւած յայտարարութեան մէջ դատապարտեցինք, որ պէտք չէր հանդիպման առաջին իսկ պահին ստորագրէին ռազմական համագործակցութեան պայմանագրեր: Մենք վտանգւած ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նման քաղաքականութիւն են վարում: Օլանդի նախագահութեան ընթացքում նման խնդիրներ չկային: Մենք աշխատանք ենք տարել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Հայ Դատի, Արցախի ճանաչման հարցերի ուղղութեամբ: Հիմա էլ մենք պէտք է աշխատենք, դժւար է լինելու, բայց պէտք է աշխատենք»,- ասաց նա:

Ֆրանսահայ գործչի խօսքով՝ դժւար է լինելու ներկայիս նախագահի Ֆրանսուա Մակրոնի հետ աշխատելը, բայց պէտք է, որ Հայաստանն էլ Ֆրանսիայի համար կարեւոր երկիր լինի: «Հայաստանը փոքր երկիր է, բայց կարող է հանգրւան լինել այլ երկրների ընկերութիւնների համար»,- ասաց նա: 

Մուրադ Փափազեանը, որպէս Ֆրանսիային հետաքրքրող բան, մատնանշեց  Հայաստանում այս տարի սպասւող իրադարձութիւնները: «Այս տարի առաջին Հանրապետութեան 100-ամեակն  է: Այստեղ ներկայ է լինելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Պատմական նախաձեռնութիւն է, եւ պէտք է որ յաջողենք»,- ասաց նա:

Երկրորդ, Ֆրանսիային հետաքրքրող միջոցառումը, ըստ Մուրադ Փափազեանի հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիային նւիրւած միջոցառումներն են, որին մասնակցելու է անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը:

«Այս տարի նախաձեռնութիւններ պէտք է լինեն, որպէսզի Հայաստանն արժեւորւի: Դա շատ կարեւոր, պատմական է լինելու, եթէ յաջողութիւն արձանագրենք: Բայց կրկին հարց կայ, եւ բոլորս պէտք է գիտակցենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը  տեսնում են, որ հայկական սփիւռքը յաջողել է Ֆրանսիայում ունենալ ամենաբարձր մակարդակներում իր կապերը եւ գուցէ դրա դէմ քայլեր ձեռնարկի: Չկայ ուրիշ մի երկիր, որտեղ նախագահը գալիս է մասնակցելու հայութեան կազմակերպած միջոցառմանը: Մենք մեր ուժերը պէտք է ուղղենք, միացնենք, աշխատենք այդ ուղղութեամբ: Յստակ է, որ մեզ համար դժւար է լինելու հիմա, քանի որ Մակրոնի խնդիրը երկիրը տնտեսապէս բարելաւելն է լինելու»,- ասաց նա:

Ֆրանսիայի նախագահը, ըստ Մուրադ Փափազեանի՝ ստացել է Հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի յայտարարութիւնը, բացի այդ, նրանք պատրաստւում են իրենց դիտարկումները ներկայացնել խորհրդի այս տարւայ ընթրիքին, որին հնարաւոր է ներկայ  լինի նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։