Հա

Ազգային

10/01/2018

«Յուզւած եմ ձեր ուժից». Նատալինին այցելեց Ծիծեռնակաբերդ

Հայաստանում է Բրազիլիայի «Կանաչների» կուսակցութիւնը ներկայացնող, Երեւանի քոյր-քաղաք Սան Պաուլոյի աւագանու անդամ Ջիլբերտօ Տոնոս Նատալինին: Նրան ուղեկցում է Բրազիլիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գէորգ Զատիկեանը:

«alikonline.ir» - Հայաստանում է Բրազիլիայի «Կանաչների» կուսակցութիւնը ներկայացնող, Երեւանի քոյր-քաղաք Սան Պաուլոյի աւագանու անդամ Ջիլբերտօ Տոնոս Նատալինին: Նրան ուղեկցում է Բրազիլիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գէորգ Զատիկեանը:

Տեղեկացնենք, որ Նատալինին ակտիւ գործունէութիւն է ծաւալում Հայ Դատի աշխատանքների ուղղութեամբ: Նա պաշտպանում է նաեւ Արցախի ինքնորոշման իրաւունքը:

Նատալինին յունւարի 7-ից Հայաստանում է ՀՅԴ հրաւէրով եւ կը վերադառնայ Բրազիլիա յունւարի 10-ին: Նշենք նաեւ, որ նա այս տարի կը մասնակցի Բրազիլիայի խորհրդարանական ընտրութիւններին:

Նատալինին երէկ հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարեանի հետ: «yerkir.am»-ի հետ զրոյցում նա յայտնել է` քանի որ Երեւանն ու Սան Պաուլոն քոյր-քաղաքներ են, մի շարք համաձայնութիւններ են ձեռք բերւել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարեանի հետ: «Քաղաքապետի հետ խօսւեց երկու քաղաքների փոխաշխատանքների մասին: Մինչեւ անգամ պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց, որ Սան Պաուլոյի քաղաքապետը այցելի Երեւան` քաղաքի 2800-ամեակին մասնակցելու»,- ասաց Նատալինին:

Նա նշեց, որ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ թէեւ խօսւել է տարբեր թեմաների մասին, բայց ամենակարեւորն այն է, որ աւելի մօտեցնեն Սան Պաուլոն Երեւանի, ինչու ոչ` նաեւ Արցախի հետ, ընդ որում` ոչ միայն մշակութային մասով, այլ նաեւ` քաղաքական:

Նատալինին «yerkir.am»-ի հետ զրոյցում յայտնեց նաեւ, որ հանդիպումներ է ունեցել մի քանի հայ պատգամաւորների հետ:

Յունւարի 9-ին Նատալին այցելել է Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցել  անմեղ զոհերի յիշատակին, այցելել նաեւ Ցեղասպանութեան թանգարան: «Շատ յուզւած եմ: Ես ծանօթ եմ ձեր պատմութեանը եւ հիմա շատ յուզւած եմ, որ կարողացայ անմեղ զոհերի յիշատակի դամբարանի մօտ ծաղիկներ դնել»,- ասաց նա:

Բրազիլացու խօսքով` իրեն ամէնից շատ յուզել է այն, որ հայերը շատ են կարեւորութիւն տալիս իրենց արմատներին, անցեալին եւ ներկային: «Դուք կարեւորութիւն էք տալիս անցեալին` պաշտպանելով երկու կողմերը` մոդեռնը եւ արմատները: Այդ կերպ պատմութիւն եք կարողանում պաշտպանել, եւ ես յուզւած եմ ձեր այդ ուժից»,- շեշտեց նա:
Նատալինին նշեց, որ այն, ինչ տեսել է Սան Պաուլոյի հայ գաղութում, կարող է փաստել, որ այստեղ էլ հայերը նոյն մաքուր ազգն են: «Նոյն մաքուր, աշխատասէր ազգն էք. ինչ-որ կարծում էի, էք, այստեղ կարողացայ աւելի պարզօրէն նկատե եւ հաստատել»,- ասաց նա:

Նատալինին նաեւ տեղեկացրեց, որ յունւարի 5-7-ը եռօրեայ այցով եղել է Արցախում: «Շատ տպաւորւած եմ Արցախով: Այնտեղ հայերի հետ միասին նշեցի Սուրբ Ծնունդը, եղայ Շուշիում, Գանձասարում: Ուրախ եւ ոգեւորւած եմ Արցախում լինելուց յետոյ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։