Հա

Ազգային

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 13:40

Հայերն իրաւունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրայ

Հազարաւոր կիլոմետրեր եւ տասնեակ երկրներ բաժանող Բրազիլիայի ու Արցախի միջեւ համագործակցութեան, Արցախի ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Սան Պաուլոյում ապրող 25-30 հազար հայերի հիմնախնդիրների եւ Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Բրազիլիայի Սան Պաուլօ քաղաքի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի նախագահ, իրաւաբան Գէորգ Զատիկեանի հետ:

«alikonline.ir» - Հազարաւոր կիլոմետրեր եւ տասնեակ երկրներ բաժանող Բրազիլիայի ու Արցախի միջեւ համագործակցութեան, Արցախի ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Սան Պաուլոյում ապրող 25-30 հազար հայերի հիմնախնդիրների եւ Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Բրազիլիայի Սան Պաուլօ քաղաքի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի նախագահ, իրաւաբան Գէորգ Զատիկեանի հետ:

 

Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենեակը

ՀՅԴ Հայ Դատը Բրազիլիայում, Սան Պաուլում գործունէութիւն է ծաւալում սկսած 1985 թւականից: Բրազիլիայի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ հայանպաստ քաղաքականութիւնը տարածելու Հայ Դատի հիմնական նպատակներից բացի գրասենեակն այս տարիների ընթացքում գործունէութիւն է ծաւալել նաեւ այլ ուղղութիւններով՝ հայապահպանութեան, երիտասարդական խմբերի կազմաւորման, Համազգային Մշակութային Միութեան եւ Հայ օգնութեան միության մասնաճիւղերի հիմնադրման:

 

Համագործակցութիւնն ու խոչընդոտները

Բրազիլիայի քաղաքական գործիչներից շատերը մեզ շատ լաւ են ընդունում՝ քաղաքապետարանից Սենատ եւ նախագահ: Սան Պաուլոյի հայ գաղութը յայտնի է որպէս աշխատասէր եւ պատւով ժողովուրդ, որովհետեւ մենք միշտ օգնել եւ գործունէութիւն ենք ծաւալել ոչ միայն ի նպաստ մեզ, այլ նաեւ Սան Պաուլոյի:

Հայերը Բրազիլիայում ունեն միայն մէկ խնդիր՝ ֆինանսի սակաւութիւն: Ի տարբերութիւն հայերի՝ Ադրբեջանը եւ Թուրքիան ահռելի գումարներ են ծախսում եւ դժւարացնում են մեր աշխատանքները: Թուրքական լաբբին թափ ստացաւ յատկապէս վերջին տարիներին, երբ մեր գրասենեակը աւելի մեծ թափով սկսեց աշխատանք տանել Արցախի անկախութեան ճանաչման ուղղութեամբ:

Կառուցքւածքային առումով հայերը խնդիր չունեն Բրազիլիայում: Այսօր Սան Պաուլոյում գործում են Սուրբ Գէորգ առաքելական, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կաթոլիկ եւ աւետարանական եկեղեցիներ, «Արարատ» անունով է կոչւել հրապարակ, մետրոյի կայարան եւ կամուրջ։ «Արմենիա» հրապարակում կանգնեցւած է Մեծ եղեռնի զոհերի յիշատակին նւիրւած յուշակոթողը։ 1964 թւականից Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիոկայանը հեռարձակում է նաեւ հայերեն հաղորդումներ, հայկական երգ ու երաժշտութիւն։ Շուտով Բրազիլիայում կը բացւի նաեւ Հայաստանի դեսպանատուն:

Մեր հիմնախնդիրը հայապահպանութիւնն է: Շատ աւելի հեշտ է հայ մնալ մի երկրում, որտեղ քո դէմ հակադրութիւն կայ, բայց երբ որ երկիրը քեզ շատ լաւ է ընդունում եւ քո առջեւ բացում է բոլոր դռները, ժամանակի ընթացքում ձուլւում ես: Մոռացւում է նաեւ հայոց լեզուն: Եթէ սկզբում խօսելուց պորտուգալերէն մի քանի բառ ես օգտագործում, ապա որոշ ժամանակ անց հայերէնն ընդհանրապէս չես գործածում:

 

Բրազիլիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

Թէեւ համացանցում տարածւել է այն տեղեկությունը, որ Բրազիլիան ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն պէտք է հասկանանք, որ օրէնքն ընդունւել է միայն Սենատում եւ չի հաստատւել Ազգային ժողովի եւ նախագահի կողմից:

Այն, որ Բրազիլիան չի ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող օրէնքը, փաստում է Բրազիլիայի Արտաքին գործերի նախարար, Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող օրէնքը առաջադրած Ալուիզու Նոնէսի այցը Հայաստան՝ մասնաւորապէս Ծիծեռնակաբերդ, որտեղ Ա. Նոնէսը նշել է, որ ցաւալի «դէպք» է տեղի ունեցել: Նա չի ասել, որ «Ցեղասպանութիւն» է տեղի ունեցել: Եթէ այդ օրէնքն ընդունւեր, ապա Արտաքին գործերի նախարարը կը նշեր «Ցեղասպանութիւն» բառը:

Մենք եւ Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյեանը շարունակում ենք աշխատանքներ ծաւալել այդ ուղղութեամբ:

 

Արցախի Հանրապետութեան ճանաչում

Մենք գիտակցում ենք Արցախի անկախութեան ճանաչման անհրաժեշտութիւնը եւ կարեւորութիւնը: Շարունակական աշխատանք ենք ծաւալում Բրազիլիայի պաշտօնեանների հետ եւ նրանց պարբերաբար բերում ենք Արցախ եւ ծանօթացնում Արցախի հիմնախնդրի, պատմութեան, մշակոյթի եւ առանձնայատկութիւնների հետ:

Բրազիլիայի եւ Արցախի միջեւ կարելի է համագործակցութեան եզրեր հաստատել՝ կրթական, առողջապահական եւ մշակութային ոլորտներում: Ինչպէս Արցախը, այնպէս էլ Բրազիլիան յայտնի են գինարտադրութեամբ եւ, կարծում եմ, որ պէտք է մտածել այդ ուղղութեամբ:

Այո, դժւարութիւններ կան, բայց աշխարհի միւս կողմում մենք արժեւորում ենք մարդու իրաւունքները եւ հասկանում ենք, որ ինչպէս բոլոր ժողովուրդները, այնպէս էլ հայերն իրաւունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրայ:

Գէորգ Զատիկեանի հետ զրուցել է Լուսինէ Թեւոսեանը

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։