Հա

Ազգային

20/01/2018

«Մենք պէտք է ճանաչէինք». Օբամայի օգնականները ներողութիւն են խնդրել Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչելու համար

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդականներ Բէն Ռոդսը եւ Սամանտա Փաուէրը ներողութիւն են խնդրել Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչելու համար:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդականներ Բէն Ռոդսը եւ Սամանտա Փաուէրը ներողութիւն են խնդրել Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչելու համար: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Politico»-ն:

«Դա սխալ էր: Մենք պէտք է ճանաչէինք Հայոց Ցեղասպանութիւնը»,- ասել է Ռոդսը, որն Օբամայի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի տեղակալի պաշտօնը:

Նրա խօսքով՝ վարչակազմը չափազանց շատ էր անհանգստանում Թուրքիային չվիրաւորելու կապակցութեամբ:

«Ես ներողութիւն եմ խնդրում: Ես ցաւում եմ, որ մենք հիասթափեցրինք ամերիկահայերին»,- յաւելել է ՄԱԿ-ում Օբամայի օրօք դեսպան եղած Սամանտա Փաուէրը:

Օբամայի օգնականներն իրենց ափսոսանքն են յայտնել օրերս՝ պատասխանելով համացանցային հաղորդումներից մէկի ժամանակ հանդիսատեսի հարցին:

«Նրանց յայտարարութիւններն անսովոր կերպով անկեղծ էին՝ հաշւի առնելով տարիներ շարունակ ԱՄՆ նախագահներին տանջող հարցի զգայունութիւնը»,- գրում է «Politico»-ն:

«Ամէն տարի մի պատճառ էր լինում: Թուրքիան կարեւոր նշանակութիւն էր ունենում մեր ուշադրութեան տակ գտնւող որեւէ հարցում, կամ Թուրքիայի եւ Հայաստանի իշխանութիւնների միջեւ երկխօսութիւն էր ընթանում անցեալի վերաբերեալ: Կարծում եմ՝ այս ամէնի դասն այն էր, որ պէտք է դա անել առաջին տարում, եթէ չարեցիր՝ ամէն տարի է՛լ աւելի է բարդանալու»,- բացատրել է Ռոդսը:

Փաուէրի կարծիքով՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանը եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը հետաձգելու հարցում շահագրգռւած այլ անձինք կարողացել են «խաղացնել» ամերիկեան վարչակազմին: Էրդողանը, հասկանալով ամերիկեան քաղաքական տրամադրութիւնները, այնպէս էր կարողանում անել, որ եթէ Օբաման «ցեղասպանութիւն» բառն արտասանի, նա իր այդ քայլով կը կանգնեցնի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մերձեցման շարունակական փորձերը:

Նրա խօսքով՝ Օբաման միշտ մտածում էր, որ կարող է կատարել իր նախընտրական խոստումը եւ իրեն լաւ զգալ ամերիկահայերի առաջ, «բայց յետո՞յ, արդեօ՞ք դա չէր խոչընդոտի դիւանագիտական երկխօսութեանը, որը գուցէ աւելի խոստումնալից լինէր»: «Ես կարծում եմ՝ նա իսկապէս հաւատում էր, որ դա կարող է հակառակ ազդեցութիւնն ունենալ, որովհետեւ դա էին նրան ասում տարածաշրջանն ուսումնասիրող եւ այն իմացող մարդիկ»,- յաւելել է նա: Ինչպէս գրում է «Politico»-ն, ամերիկահայերը խիստ հիասթափւել են Օբամայի կողմից իր նախընտրական խոստումը դրժելու պատճառով: Ռոդսի ու Փաուէրի խօսքերը բաւական չեն համայնքի առաջնորդներին հանգստացնելու համար, որոնք կարծում են, որ դա չափազանց քիչ է եւ չափազանց ուշ է դրա համար:

«Սա այն հարցն է, որը պէտք է ուղղել պաշտօնավարման ժամանակ»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ղեկավար Արամ Համբարեանը եւ յաւելել, որ այլ մարդ կայ, ում խօսքերը համայնքը կը ցանկանար լսել:

«Օբաման պէտք է բացատրի, թէ ինչու չկատարեց իր խոստումը: Եւ ես կարծում եմ՝ նա պէտք է մեզնից ներողութիւն խնդրի, նա պէտք է ներողութիւն խնդրի ամերիկացիներից»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։