Հա

Ազգային

04/02/2018

Մուրադ Փափազեան. «Առաջիկայում փաստաբանները կաշխատեն կրկին օրակարգ բերել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու հարցը Ֆրանսիայում»

Ցուցահանդէսներ, դասախօսութիւններ, համերգներ, քննարկումներ. Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութեան եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի առթիւ Ֆրանսիայում բազմաթիւ միջոցառումներ են նախատեսւում: 

«alikonline.ir» - Ցուցահանդէսներ, դասախօսութիւններ, համերգներ, քննարկումներ. Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութեան եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի առթիւ Ֆրանսիայում բազմաթիւ միջոցառումներ են նախատեսւում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը նշեց, որ միջոցառումներն ընդգրկելու են Ֆրանսիայի տարբեր քաղաքները:

«Այս տարին նշանակալի է Հայաստանի համար, երկու կարեւոր իրադարձութիւնների 100-ամեակն է: Շատ լաւ առիթ է տեղեկատւական աշխատանք տանելու, որ միջազգային հանրութիւնն իրազեկ լինի մեր պատմութեան այդ կարեւոր էջերի մասին, թէ ինչպէս հայ ժողովուրդը 1915 թւականի Ցեղասպանութիւնից յետոյ կարողացաւ 1918 թւականին ստեղծել պետականութիւն: Ես վստահ եմ, որ այդ տարիների մեր պատմութեան էջերի մասին Հայաստանում էլ շատ քաղաքացիներ անտեղեակ կը լինեն, հետեւաբար լաւ առիթ է այն ներկայացնելու»,- ասաց Մուրադ Փափազեանը:

Նա տեղեկացրեց, որ ակտիւ մասնակցելու են նաեւ նշւած առիթներով Հայաստանում սպասւող միջոցառումներին: Մայիսի վերջին այդ առիթով Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բաւական ներկայացուցչական պատւիրակութիւն` ԱԳ նախարարի գլխաւորութեամբ:

Առաջիկայում փաստաբանները կը սկսեն աշխատել` Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտում քրէականացնելու հարցը կրկին օրակարգ բերելու համար, նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

«Մեր փաստաբանները դեռ չեն սկսել աշխատանքը կառավարութեան փաստաբանների հետ: Ինչպէս գիտէք Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամեայ ընթրիքին նախագահ Մակրոնը կողմ արտայայտւեց, որ այս գործընթացին նոր ընթացք տրւի: Նախագահը նաեւ իր համաձայնութիւնը տւեց, որ Ապրիլի 24-ն օրացոյցում ամրագրւի, որպէս Հայոց Ցեղասպանութեան օր: Մենք պէտք է կրկին գնանք այս պայքարին, բայց արդէն պէտք է այլ անկիւն գտնենք»,- ասաց Մուրադ Փափազեանը:

Մուրադ Փափազեանի խօսքով՝ քանի որ ընտրութիւններից յետոյ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւորների զգալի մասը փոխւել է, հետեւաբար ենթադրւում է ակտիւ աշխատանք խորհրդարանականների հետ: Նա տեղեկացրեց, որ հայ համայնքն արդէն սկսել է կապեր հաստատել նրանց հետ:

Տարւայ ընթացքում մէկ այլ կարեւոր իրադարձութիւն է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը, որին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահը:

«Մենք իբրեւ Սփիւռք, իբրեւ ֆրանսահայութիւն, պէտք է մեր դերակատարութիւնն ունենանք: Կարծում եմ, որ այդ միջոցառմանը նաեւ քաղաքական բնոյթ տալ, օգտագործել այդ առիթը եւ նոր դաշնակիցներ ունենալ: Յիշեցնենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն մասնակցում»,- ասաց Մուրադ Փափազեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։