Հա

Ազգային

05/02/2018

Ումն է Ցեղասպանութեան ճանաչման գործում յաջողութիւնը

Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում Հայաստանը 2017 թւականին եւս առաջընթաց գրանցեց. Յատկանշական էր Ինդիանա նահանգի կողմից հայերի նկատմամբ կատարւած ոճրագործութիւնը ճանաչելու փաստը: Արդիւնքում ԱՄՆ 48 նահանգ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, մնացել են միայն երկուսը՝ Ալաբաման եւ Միսիսիպին:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում Հայաստանը 2017 թւականին եւս առաջընթաց գրանցեց. Յատկանշական էր Ինդիանա նահանգի կողմից հայերի նկատմամբ կատարւած ոճրագործութիւնը ճանաչելու փաստը: Արդիւնքում ԱՄՆ 48 նահանգ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, մնացել են միայն երկուսը՝ Ալաբաման եւ Միսիսիպին:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը անցնող տարւայ նոյեմբերին ուրախութեամբ յայտարարեց այս մասին: Այս հանգամանքը կառոյցը համարում է անցնող տարում իր կարեւոր ձեռքբերումներից մէկը: Թերեւս աշխատանքներն աւելի ծաւալուն են եղել, սակայն «noranor.ca»-ի հետ զրոյցում Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը առանձնացրել է կարեւորագոյնները:

 

Ու՞մ ձեռքբերումն է

Միայն ԱՄՆ նշւած նահանգը չէր, որ անցնող տարում ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, այս փաստը ընդունեցին նաեւ Չեխիան ու Դանիան: Հայաստանում նման յաջողութիւնը իշխող կուսակցութեան ներկայացուցիչները համարում են թերեւս նախագահ Սերժ Սարգսեանի ձեռքբերումը, արդեօ՞ք դա այդպէս է, թէ՞ յաջողութիւնը հէնց Հայ Դատի յանձնախմբի ջանքերով է պայմանաւորւած:

Թուրքիայի կողմից ժխտողականութեանը վերջակէտ դնելու ու յանցագործութեան դիմաց փոխյատուցում պահանջելու գործողութիւնները պատկանում են բոլոր հայերին՝ Սփիւռքում եւ հայրենիքում

«Հայերի նկատմամբ, Ցեղասպանութեան հարցում, արդարութեան պահանջը, Թուրքիայի կողմից ժխտողականութեանը վերջակէտ դնելու ու յանցագործութեան դիմաց փոխհատուցման պահանջը պատկանում են բոլոր հայերին՝ Սփիւռքում եւ հայրենիքում: Մենք ողջունում ենք բոլոր հետաքրքրւած կողմերի աջակցութիւնը՝ հայ կամ այլազգի, եւ շարունակում ենք կենտրոնանալ մեր երկարաժամկէտ ծրագրերի իրագործման վրայ՝ անկախ եւ միասնական Հայաստան ունենալու ուղղութեամբ»,-նշեց Արամ Համբարեանը:

Իսկ ԱՄՆ-ում կառոյցը շարունակում է իր քայլերը՝ Թուրքիայի ագրեսիւ ու անհանդուրժողական գործողութիւնները ցոյց տալու ուղղութեամբ: Այդպիսիք դրսեւորւեցին անցած տարւայ մայիսին՝ Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ, երբ թուրք ազգայնամոլները յարձակւեցին խաղաղ ցուցարարների վրայ: Արամ Համբարեանի տարածած տեսագրութիւնում արտացոլւեց իրավիճակը:

Մեր քարոզչութեան, ինչպէս նաեւ Կոնգրեսում ցուցմունքի շնորհիւ ամերիկեան կողմը Թուրքիայի գործողութիւնների նկատմամբ ցուցաբերեց աննախադէպ ուշադրութիւն

«Մեր քարոզչութեան, ինչպէս նաեւ Կոնգրեսում ցուցմունքի շնորհիւ ամերիկեան կողմը Թուրքիայի գործողութիւնների նկատմամբ ցուցաբերեց աննախադէպ ուշադրութիւն՝ Կոնգրեսի կողմից երկկողմանի դատապարտելով եւ ԱՄՆ-ի կողմից սպառազինութիւնների վաճառքն արգելափակելով»,- ասում է Համբարեանը:

Կատարւել են այլ աշխատանքներ եւս, ինչպէս օրինակ, արւեստի միջոցով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու Արցախի ազատագրման խնդիրները բարձրաձայնել, մասնաւորապէս տեղի են ունեցել «Խոստումը» եւ «Ժխտողականութեան ճարտարապետները» ֆիլմերի ցուցադրութիւններ:

Նոյն ջանասիրութեամբ աշխատաքներ տարւել են նաեւ Արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ: Այս առումով Հայ Դատի յանձնախմբի ամերիկահայ պատասխանատուն կարեւորում է ԱՄՆ-ի կողմից Արցախում փրկարարական աշխատանքների նպատակով «HALO Trust» ընկերութեանը յատկացւող ֆինանսաւորումը: Առաջին անգամ 1998 թւականին է տրամադրւել օժանդակութիւն, նա յատկապէս շեշտում է. «ԱՄՆ պետքարտուղարը հրապարակայնօրէն պաշտպանեց այս ծրագիրը, որի շնորհիւ հնարաւոր կը լինի ժամանակին աւարտել ականազերծման աշխատանքները Արցախում»:

 

Վե՛րջ հնացած քաղաքականութեանը

Իսկ արդէն այս տարի լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Յունւարի 18-ին Ֆրենք Փալոնէն կոչ արեց զարգացնել ԱՄՆ-Արցախ յարաբերութիւնները՝ ներկայացնելով «ԱՄՆ-Արցախ ճանապարհորդութիւն եւ կապ» բանաձեւը: Ի՞նչն է նման նախաձեռնութեան խթան հանդիսացել եւ հետագայ ի՞նչ զարգացումներ է ակնկալում Համբարեանը: Նա ասում է.

Սա հակակառուցողական քաղաքականութիւնը վերացնելուն ուղղւած առաջին քայլն է

«Այս մօտեցումը գալիս է ի պատասխան ԱՄՆ-ի հնացած, ժամկէտանց քաղաքականութեան, որը կառուցւել էր Ադրբեջանի ճնշման ներքոյ՝ նպատակ ունենալով կանխել ամերիկացի եւ արցախցի պաշտօնեաների միջեւ երկխօսութիւնը: Սա հակակառուցողական քաղաքականութիւնը վերացնելուն ուղղւած առաջին քայլն է, որպէսզի կարողանանք զարկ տալ այցելուիւններին՝ քննարկումների ու գաղափարների փոխանակմանը»:

Յայտնի է, որ Արցախ այցելած գործիչներն անմիջապէս յայտնւում են Ադրբեջանի սեւ ցուցակում, այս հանգամանքը չի մտահոգում որեւէ ողջախոհ գործչի, այդ թւում ամերիկացիներին: Հետեւաբար այն չի խանգարի նաեւ կոնգրեսականի առաջարկած բանաձեւի իրագործմանը, իսկ Համբարեանը վստահ է. «Կարծում եմ, բացի Ալիեւից, ոչ ոք լուրջ չի վերաբերում այդ հարցին»:

 

Չի՞ յաջողւում

Ադրբեջանի կողմից նախայարձակ գործողութիւններն ու Մինսկի խմբի համանախագահների չէզոք գնահատականները Հայաստանի օգտին չեն, ինչո՞ւ չի յաջողւում թէկուզ ամերիկացի համանախագահներին ստիպել ճշգրիտ գնահատականներ տալ իրավիճակին: Արամ Համբարեանը շեշտում է մի կարեւոր հանգամանք, որն, անկախ Մինսկի խմբի գնահատականներից, ի ցոյց է դնում Ադրբեջանի մեղաւորութիւնը: Մանրամասնում է.

Ադրբեջանը, հանդէս գալով այս համակարգերի տեղադրման դէմ, փաստացի խոստովանում է իր սեփական մեղքը՝ որպէս ագրեսիայի նախաձեռնող

«Ռոյս-Էնգէլի առաջարկութիւնների մերժումը Ադրբեջանի կողմից յստակօրէն արտացոլում է թափանցիկ պատկերը: Ինչպէս գիտենք, նրանք կոչ են անում կողմերին թոյլ տալ հրազենային անվտանգութեան համակարգերի տեղադրումը, որոնց միջոցով յստակօրէն հնարաւոր կը լինի որոշել յարձակում նախաձեռնողին: Ադրբեջանը, հանդէս գալով այս համակարգերի տեղադրման դէմ, փաստացի խոստովանում է իր սեփական մեղքը՝ որպէս ագրեսիայի նախաձեռնող: ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ-ն, ինչպէս նաեւ Հայաստանն ու Արցախը, ողջունել են այդ առաջարկութիւնը»:

Յայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարութիւնը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի յանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգէլի, ինչպէս նաեւ նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղւած են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարւածութեան ու ագրեսիայի թուլացմանը։

 

Տնտեսական դաշտում

Հայ Դատի յանձնախմբի ջանքերը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցութեանն են ուղղւած: Առեւտրի եւ ներդրումների զարգացումը խթանելու նպատակով կառոյցն անհրաժեշտութիւն է տեսնում ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ընդունման: Թէ ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը դրանից, նշում է.

Կրկնակի հարկման իրական վտանգը անխուսափելիօրէն բարդացնում է ներկայիս համագործակցութիւնը գործարար շրջանակների միջեւ

«Առեւտրի եւ ներդրումների երկկողմ ընդլայնումը Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ շարունակում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի համար մնալ առաջնահերթութիւն: Կրկնակի հարկման իրական վտանգը անխուսափելիօրէն բարդացնում է ներկայիս համագործակցութիւնը գործարար շրջանակների միջեւեւ ԱՄՆ-ում լուրջ խոչընդոտ է հանդիսանում նոր ներդրումների համար: Այս խնդրի կարգաւորումը երկկողմանի տնտեսական կապերի եւ զարգացման ճանապարհներ կը հարթի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։