Հա

Ազգային

06/02/2018

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եւրոպացի գործիչների այցն Արցախ

Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը 2018-ին շարունակելու է կազմակերպել Եւրոպացի հասարակական, քաղաքական գործիչների այցն Արցախ: Այս մասին նշեց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան եւ հանրութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը: Նրա խօսքով, այսօր Արցախի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սփիւռքում ապրող իւրաքանչիւր հայ դառնում է Արցախի մէկ դեսպանը:

«alikonline.ir» - Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը 2018-ին շարունակելու է կազմակերպել Եւրոպացի հասարակական, քաղաքական գործիչների այցն Արցախ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հաղորդակցութեան եւ հանրութեան հետ կապերի պատասխանատու Յարութ Շիրինեանը: Նրա խօսքով, այսօր Արցախի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սփիւռքում ապրող իւրաքանչիւր հայ դառնում է Արցախի մէկ դեսպանը:

«Այն, ինչ մենք գիտենք Արցախի պետականութեան, ժողովրդի եւ դժւարութիւնների մասին, պէտք է փոխանցել օտարներին: Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը, կապի մէջ լինելով Եւրոպացի շատ պատգամաւորների հետ, նրանց եւ այլ հասարակական խմբերի այցելութիւնները դէպի Արցախ համարում է իր առաքելութեան հիմնական նպատակներից: Այս օրերին արդէն իսկ Հայ Դատի գրասենեակը կազմակերպել է Եւրոխորհրդարանի պատգամաւոր, արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխաւորած պատւիրակութեան այցը դէպի Հայաստան եւ Արցախ, որտեղ նա մի շարք քաղաքական հանդիպումներ ունեցաւ»,- ասաց Շիրինեանը:

Նրա խօսքով, այս պատւիրակութիւնների այցը կարեւորւում է նրանով, որ այդ գործիչները տեղում են ծանօթանում իրավիճակին, դրանից բացի, այն նպաստում է խորհրդարանական դիւանագիտութեան զարգացմանը, որն ինչ-որ տեղ նաեւ հակազդում է Ադրբեջանի խաւիարային դիւանագիտութեանը:

«Այսպիսի ձեռնարկների գործնական արդիւնքները հնարաւոր է միայն երկարաժամկէտ կտրվածքով ստանալ, սակայն անմիջական արդիւնքները եւս չեն ուշանում: Մէկ օրինակ կարող եմ ներկայացնել՝ Բելգիայի, Արցախի պատգամաւորների բարեկամական խմբի ստեղծումը, որը տեղի ունեցաւ 2017 թւականի հոկտեմբերին Հայ Դատի գրասենեակի կազմակերպած՝ Եւրոպահայոց 4-րդ համագումարի շրջանակում Արցախի նախագահի ներկայութեամբ: Ի դէպ, նշւած բարեկամական խմբի մաս կազմող պատգամաւորները նախօրեակին ընդգրկւած էին Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ դէպի Արցախ այցելութիւն իրականացրած պատւիրակութիւններում:  Պէտք է նշել, որ այսպիսի խմբեր նաեւ գոյութիւն ունեն Եւրոխորհրդարանի հետ եւ Ֆրանսիայի ազգային ժողովի հետ»,-ասաց Յարութ Շիրինեանը:

Շարունակելով ներկայացնել ընթացիկ տարւայ անելիքները՝ Յարութ Շիրինեանը նշեց, որ ինչպէս նախորդ տարի, այս տարի եւս աշխատելու են մի քանի ուղղութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան հարցի հետ կապւած արդարութեան պայքար, Արցախի ժողովրդի իրաւունքների պահպանում ու մեկուսացման նւազում:

«Իրականութեան մէջ, 2017-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնները, համայն աշխարհին ցոյց տալով իրենց իսկական դէմքը, անգիտակցաբար նպաստեցին Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքներին: Թուրքիայում մարդու իրաւունքների խախտումները եւ փոքրամասնութիւնների դէմ հալածանքները յստակ են բոլորին: Նաեւ յստակ են Ադրբեջանի խաւիարային դիւանագիտութեան փաստերը եւ շփման գօտում յարձակողական ոճը: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ 2018-ին մեր առաջնահերթութիւններից մէկը պէտք է լինի Եւրոպական քաղաքական դասակարգից պահանջելը, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրայ սահմանին հրադադարի խախտումների հետաքննական մեխանիզմները տեղադրելու նպատակով»,- ասաց նա:

Ընթացիկ տարում Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը միջոցառումներ է նախատեսում նաեւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ: Այս տոնը մեծ շուքով նշելու համար ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ մի շարք միջոցառումներ են նախատեսւում Ֆրանսիայում, Բելգիայում եւ Հոլանդիայում՝ ցուցահանդէսներ, դասախօսութիւններ, համերգներ եւ այլն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։