Հա

Ազգային

Չորեքշաբթի, 14 Փետրւարի 2018 13:40

Հոլանդիայում շրջանառութեան մէջ է դրւում Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ երկու նոր նախագիծ

Հոլանդիայի «Քրիստոնէական Միութիւն» կուսակցութիւնը ներկայացնող Ջոէլ Ֆորդեւինդը շրջանառութեան մէջ է դնում Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ երկու նոր նախագիծ: 

«alikonline.ir» - Հոլանդիայի «Քրիստոնէական Միութիւն» կուսակցութիւնը ներկայացնող Ջոէլ Ֆորդեւինդը շրջանառութեան մէջ է դնում Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ երկու նոր նախագիծ: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամեանը:

«Նա երկու նախագիծ է պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, որոնցից առաջինը, կարծես թէ, 2004 թւականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարութեան ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դէպքում նախարարի մակարդակով այցելութիւն եւ յարգանքի տուրք է նախատեսւում Ծիծեռնակաբերդում»,- ասաց Մասիս Աբրահամեանը:

Հոլանդիայի խորհրդարանը 2004 թւականին ընդունել է Հայոց Ցեղասպանութեան մասին որոշում, որը գնահատւել է, որպէս ճանաչում։ Մասիս Աբրահամեանը նշեց, որ որոշումը յետագայում կառավարութեան կողմից այնպէս է մեկնաբանւել, որ իրենք հնարաւորինս խուսանաւելու հնարաւորութիւն ունենան: Տարբեր կառավարութիւններ տարբեր մօտեցումներ ունեցան, բայց վերջին կառավարութեան մօտեցումը խիստ յետադիմական է, քանի որ նրանք հրաժարւում են խօսել «Հայոց Ցեղասպանութեան» մասին, այլ օգտագործում են «Հայոց Ցեղասպանութեան խնդիր» բառակապակցութիւնը։

Հոլանդահայ Հհամագործակցող կազմակերպութիւնները (ՀոՀոԿեն), մասնաւորապէս Հայ Դատի յանձնախումբը եւ Հոլանդիայի հայկական Կազմակերպութիւնների Ֆեդերացիան խիստ դատապարտում են այս դիրքորոշումը եւ պայքարի բոլոր միջոցներով փորձում են այն փոփոխութեան ենթարկել։

«Քանի որ այս պահին կառավարութեան մաս են կազմում նաեւ հայամէտ կուսակցութիւններ, որոնք նախկինում մեծ աջակցութիւն են ցուցաբերել՝ յատկապէս ցեղասպանութեան ճանաչման հարցում, ապա հոլանդահայութիւնը յատկապէս նրանց պահանջներ առաջադրելու առիթը չի կորցնում։ Ասեմ, որ այս նախագծերը ներկայացնելուց առաջ Ֆորդեւինդը պատգամաւորական յատուկ գործընթաց է նախաձեռնել՝ հրաւիրելով հայ համայնքի, Հոլանդահայ համագործակցող կազմակերպութիւնների ներկայացուցիչներին։ Այդ հանդիպումը կայանալու է այսօր՝ փետրւարի 14-ին, որի ընթացքում Հայ Դատի յանձնախմբի, Ֆեդերացիայի, ինչպէս նաև ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան ներկայացուցիչները հանգամանալից բացատրութիւններ կը տրամադրեն պարոն Ֆորդեւինդին»,- ասաց Մասիս Աբրահամեանը:

Փետրւարի 15-ին Հոլանդիայի խորհրդարանում նախատեսւում է պատգամաւորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննութեան նիւթն է լինելու Հայոց Ցեղասպանութեան հարցը։ Քննարկումը բաց է, դահլիճի հանդիսասրահում ներկայ կը գտնւեն նաեւ մեծ թւով հոլանդահայեր:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։