Հա

Ազգային

17/02/2018 - 08:50

Վիգէն Յովսէփեան. «ԱՄՆ հետախուզութեան զեկոյցի ամենամեծ բացթողումն այն է, որ դրանում բացակայում է իրականութիւնը, որ խաղաղութիւն խախտողն Ադրբեջանն է»

Քաղաքագիտութեան ամերիկահայ դոկտոր Վիգէն Յովսէփեանի խօսքով՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզութեան տնօրէն Դենիէլ Քոութսի հրապարակածը հերթական զեկոյց է, որ պարբերաբար այդ պաշտօնի վրայ գտնւող մարդիկ յղում են զանազան մարմինների եւ հանրային ցանցերի:

«alikonline.ir» - Քաղաքագիտութան ամերիկահայ դոկտոր Վիգէն Յովսէփեանի խօսքով՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզութեան տնօրէն Դենիէլ Քոութսի հրապարակածը հերթական զեկոյց է, որ պարբերաբար այդ պաշտօնի վրայ գտնւող մարդիկ յղում են զանազան մարմինների եւ հանրային ցանցերի:

Քաղաքագէտը «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց՝ այդ զեկոյցների պաշտօնական եւ մասնակի տարբերակներ յաւելեալ մանրամասնութիւն են ընդգրկում եւ «խիստ գաղտնի» որակման տակ հանրութեան սեփականութիւնը չեն դառնում:

«Զեկոյցում հրապարակւած այն բաժինը, որը վերաբերում է Արցախեան հակամարտութեանը, իր մեջ նոր կամ զգայացունց ոչինչ չի պարունակում: ԱՄՆ ներկայացուցիչները (եւ ոչ միայն) միշտ էլ շեշտել են, որ վերջնական եւ ամբողջական համաձայնութեան պայմաններում միշտ առկայ է ռազմական բախումների հաւանականութիւնը: Սա արդէն նոր գիւտ չէ»,- ասաց նա:

Սակայն, ըստ Վիգէն Յովսէեանի, Քոութսի ներկայացրածի մէջ, այնուամենայնիւ, մտահոգող եւ ոչ ճիշտ բաներ կային:

«Մտահոգիչ եւ ոչ ճիշտ է պարոն Քոութսի ներկայացրածի մէջ այն շեշտը, որը դրւում է Հայաստանի վրայ՝ որպէս հակամարտող կողմ: Մինչ հայկական կողմը միշտ էլ, նախ եւ առաջ, պէտք է դիտւի Արցախեան Հանրապետութիւնը, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ներկայացւի որպէս զօրակցող կողմ»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ ԱՄՆ Ազգային հետախուզութեան տնօրէն Դենիէլ Քոութսը հրապարակել էր «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկոյցը, որում ներկայացւել էին ԱՄՆ ազգային անվտանգութեանը սպառնացող վտանգների 2018 թւականի գնահատումները: Զեկոյցում Քոութսն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն ու տարածաշրջանային սպառնալիքներին:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարւածութիւնը կարող է յանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ ռազմական հակամարտութեան, որին կարող է ներգրաււել Ռուսաստանն իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»,- ասւում էր ԱՄՆ հետախուզութեան զեկոյցում:

Ամերիկահայ քաղաքագէտը նաեւ նկատեց, որ այնտեղ կայ խօսք հայկական կողմին ռուսական զէնք հասցնելու մասին, բայց այնտեղ չկայ ոչ մի հասցէագրում Ադրբեջանին հասնող թուրքական, ամերիկեան եւ, անշուշտ, ռուսական զէնքի մասին:

«Գուցէ ամենամեծ բացթողումն այն է, որ զեկոյցի մէջ բացակայում է այն իրականութիւնը, որ վերջին տարիներին խաղաղութիւն խախտողը նոյն ինքը Ադրբեջանն է: Այս փաստն ամերիկացի պաշտօնեաներն ընդունում են մասնաւոր, ոչ պաշտօնական զրոյցների ժամանակ, բայց պաշտօնական ելոյթների ժամանակ երբեք չեն անդրադառնում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութեանը»,- շեշտեց Յովսէփեանը:

Զեկոյցում նաեւ ներկայացւած էր, որ Ռուսաստանը ճնշում կը գործադրի Կենտրոնական Ասիայի առաջնորդների վրայ՝ նւազեցնելու Վաշինգտոնի հետ յարաբերութիւնների խորացումը: Դիտարկմանը՝ արդեօք ԱՄՆ-ը հիմա ընդհանրապէս չի մտածում Հայաստանն իր ազդեցութեան գօտին վերածելու մասին, Վիգէն Յովսէփեանը պատասխանեց․

«ԱՄՆ-ը կովկասեան թատերաբեմի գծով երկար տարիներ բաւական իրատեսական վարքագիծ է որդեգրել, այն իմաստով, որ ընդունել է՝ այստեղ չի կարելի կարճ շնչով գործել եւ բախումի գնալ Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը ընդունել է, որ այստեղ ռուսական շահերն այնքան խորն են եւ անմիջական, որ այդ թատերաբեմի վրայ ուղղակի առճակատման գնալն իմաստ չունի: Փոխարէնը պարզ է, որ ընտրւած է երկարաժամկէտ, ընկերամշակութային եւ «մաշեցնող» մրցակցութիւն, մինչեւ այստեղ պայմաններն աւելի ձեռնտու կը լինեն ուղղակի ազդեցութեան համար: Առայժմ երրորդ կողմերի, ոչ կառավարական միաւորների, մշակութային եւ ընկերային ազդեցութիւնների ճանապարհով աւելի խուլ եւ անուղղակի պայքար է՝ ընթացքի մէջ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։