Հա

Ազգային

24/02/2018 - 11:40

Միտումնաւոր խեղաթիւրո՞ւմ, թէ՞ պարզապէս ստրկամտութիւն

Ակնյայտ է, որ Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած միջոցառումների մշակութային բաժինը, անցեալ տարիների հետ համեմատած, կրում էր ազգային եւ հայրենասիրական լիցքեր: Շրջաններում կազմակերպւած միջոցառումներին եւ փետրւարի 20-ին երիտասարդական պալատում կազմակերպւած համերգին հնչեցին միայն ազգային եւ հայրենասիրական երգեր, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, բոլոր ելոյթները հնչեցին ՀԱՅԵՐԷՆ:

Ակնյայտ է, որ Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած միջոցառումների մշակութային բաժինը, անցեալ տարիների հետ համեմատած, կրում էր ազգային եւ հայրենասիրական լիցքեր: Շրջաններում կազմակերպւած միջոցառումներին եւ փետրւարի 20-ին երիտասարդական պալատում կազմակերպւած համերգին հնչեցին միայն ազգային եւ հայրենասիրական երգեր, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, բոլոր ելոյթները հնչեցին ՀԱՅԵՐԷՆ:

Դեռեւս չենք մոռացել ազգային մեծ նշանակութիւն ունեցող յոբելեանների տօնակատարութեան առիթով Ռուսաստանից եւ Ուկրայինայից հրաւիրւած երգիչներին, պարային համոյթներին ու դերասաններին: Մի երեւոյթ, որը միշտ դատապարտւել է, սակայն ամէն անգամ էլ կրկնւել: Վերջապէս, ազգային տօնը պէտք է փոխանցի նաեւ ազգային շունչ ու ոգի: Դա տեղի ունեցաւ այս տարի:

Սակայն կայ մի բայց…

Մօտ անցեալում «բարի» սովորութիւն էր՝ եթէ ազգային նշանակութիւն ունեցող ինչ-որ իրադարձութեան մէջ գլխաւոր դերակատարութիւն ունէր Դաշնակցութիւնը, դրանից մի քանի օր առաջ կամ յետոյ անպայման Հայաստանի, ինչու չէ, նաեւ Արցախի հեռուստատեսային տարբեր ալիքների միջոցով սփռւում էին խորհրդային օրերից ժառանգութիւն ստացած հակադաշնակցական, բոլշեւիկեան ֆիլմեր՝ «Սարոյեան եղբայրներ», «Նւագախմբի տղաները»…

Տարիներ առաջ Արցախեան շարժմանը նւիրւած՝ Հադրութում կազմակերպւեց մի միջոցառում, որտեղ դպրոցական աշակերտների՝ «սարերից իջան մի խումբ ձիաւոր» երգի կատարման ժամանակ համերգի կազմակերպիչը նկատողութիւն ստացաւ վարչակազմի ղեկավարի կողմից՝ դաշնակցական երգեր հնչեցնելու մեղադրանքով: Դէ, հասկանալի է, դեռեւս տիրում էր մի մթնոլորտ, որտեղ պետական պաշտօնեաները իւրաքանչիւր քայլի համար հաշւարկներ էին անում՝ ելնելով 2005 թ. ընտրութիւններից, Դաշնակցութեան ընդդիմադիր կեցւածքից եւ …:

Ինչ-որ տեղ իրաւացի է Հադրութի շրջանի այն ժամանակւայ ղեկավարը: Հայրենասիրական եւ մարտական շունչ փոխանցող ազգային երգերը Դաշնակցութիւն պարունակող հոգեկան իրավիճակ են ստեղծում: Դեռ աւելին, հայրենասիրական, մարտական երգերից շատերի մէջ յիշատակւում է Դաշնակցութիւնը, եւ դա անհանգստացնում է որոշներին: Համատարած երեւոյթ է, որ նշւած երգերն աղաւաղելով, այսպէս թէ այնպէս կատարումների ժամանակ հանւում է «Դաշնակցութիւն» բառը եւ փոխարինւում այլ բառակապակցութեամբ: Ինչպէս, օրինակ, մեզ շատ յայտնի երգի «արիւնոտ դրօշ վեհ Դաշնակցութեան» տողը փոխարինւում է «արիւնոտ դրօշ վեհ ազգ հայութեան» տողով, կամ՝ ուղղակի մոռացւում է Դաշնակցութեանը վերաբերող բաժինը:

Պէտք է խոստովանել, որ Արցախեան շարժման 30-ամեակի կապակցութեամբ փետրւարի 20-ին Ստեփանակերտում կազմակերպւած գլխաւոր միջոցառմանը հնչեցրած ելոյթներում չկատարւեցին վերը նշւած խեղաթիւրումները: Սակայն նոյն իրավիճակը չէր շրջանների միջոցառումներում: Շրջանների մշակութային միջոցառումների պատասխանատուները դեռեւս «ներքին վախով» են տառապում: Անշուշտ, դրա վրայ առաջին հերթին պէտք է ուշադրութիւն դարձնի ԱՀ մշակոյթի նախարարութիւնը: Վերջապէս պէտք է մէկ անգամ եւս ոչ միայն յիշեցնել, այլ նաեւ պարտաւորեցնել, որ պատմութեանը նայեն անաչառ հայացքով:

Բայց, այնուամենայնիւ, նիւթի աւարտին մեր կողմից յիշեցնենք մի քանի պարզ պատմական անհերքելի իրողութիւններ՝ շտկումների ակնկալիքով:

… Օսմանեան եւ ցարական բռնակալութեան դէմ, 1890-ական թւականներից սկսած, հայ իրականութեան մէջ հիմնականում պայքարել է Դաշնակցութիունը, եւ բնական է, որ բռնակալութեան դէմ պարզւած դրօշը՝ Դաշնակցութեան դրօշը արիւնոտ լինի: Դրա համար պէտք է երգել՝

«Արիւնոտ դրօշ վեհ Դաշնակցութեան,

Ծածանւեց ընդդէմ բռնակալութեան»:

… Թալէաթը մահապատժի ենթարկւեց ՀՅԴ որոշումով, որը կայացւել էր 1919-ի ՀՅԴ Ընդհանուր ժողովում, իսկ դա իրականացւեց մի խումբ դաշնակցականների միջոցով, իսկ բուն գործողութիւնն իրականացրեց Սողոմոն Թեհլիրեանը: Ուրեմն, պէտք է երգենք՝

«Դաշնակցութիւն ժողով արեց,

Շուն Թալէաթին մահ որոշեց,

Թեհլիրեանի բախտը բացւեց…»:

…Եւ, վերջապէս, Դաշնակցութիւնը կանգնած է Արցախեան ազատագրական շարժման ակունքներում: Դաշնակցական էին Արթուր Մկրտչեանը, Տողի Վիգէնը, Արմենչոն, Մարտունու Մերուժը, Աշոտ Բեկորը, Նորայր Դանիէլեանը, Վարդան Դուշմանը, Պետոն, Կարօտը, Թաթուլ Կրպէյեանը, Շահէն Մեղրեանը, Շոշի Ագոն, Մհեր Ջուլհաճեանը, Վիգէն Զաքարեանը եւ աւելի քան հազար գաղափարակիր ընկերներ, ովքեր իրենց կեանքը զոհեցին յանուն գաղափարի…: Այս մասին հարկաւոր է յիշեցնել վերոնշեալ անձանց նւիրւած միջոցառումները կազմակերպող՝ ԱՀ բանակի պատասխանատու անձանց եւս:

Իրօք, վիրաւորական է, երբ այդ հերոսներին նւիրւած երգերում անտեսւում է նրանց գաղափարը կրող փարոսը: Ուրեմն, Կարօտին նւիրւած երգը պէտք է երգել՝

«Նրանց թւում գնաց կռւի դաշտն արնոտ,

Դաշնակցական խենթն էր՝ անունը Կարօտ…»

«ԱՊԱՌԱԺ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։