Հա

Ազգային

06/03/2018 - 14:10

Քաղաքական համակարգում կատարւել են լրջագոյն փոփոխութիւններ

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը հարցազրոյց է տւել «Հայոց Աշխարհ» օրաթերթին:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը հարցազրոյց է տւել «Հայոց Աշխարհ» օրաթերթին:

 

- Ինչո՞ւ փոխւեց վարչապետի ընտրութեան օրը՝ մայիսի 2-ից տեղափոխւելով ապրիլի 17: Եւ կոալիցիայում ե՞րբ կը սկսւեն վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները:

- Ժամկէտների փոփոխութիւնը պայմանաւորւած է սահմանադրութեամբ, պարզապէս համապատասխանեցւել է սահմանադրութեան տրամաբանութեանը: Որեւէ անակնկալ չկայ: Վարչապետը պէտք է ընտրւի այն ժամկէտների մէջ, որը նախատեսում է երկրի հիմնական օրէնքը: Մայիսի 2-ին արդէն ուշ կը լինէր:

Կարծում եմ, վարչապետի թեկնածութեան շուրջ կոալիցիայում առաջին քննարկումները տեղի կունենան մինչեւ ապրիլի 9-ը: Այդ օրւանից ամբողջութեամբ կը սկսի գործել խորհրդարանական համակարգը, եւ վարչապետի ընտրութեան հարցը, բնականաբար, ապրիլի 9-ից յետոյ է առաջանալու:

Այսինքն՝ մինչեւ նոր նախագահն իր պաշտօնը չստանձնի, դա չի լինի, քանի որ նոր նախագահը սահմանադրութեամբ նախատեսւած գործառոյթներն ունի, պէտք է մասնակցի վարչապետի ընտրութեան գործընթացին:

 

- Իսկ մինչ ապրիլի 9-ը, նախքան կոալիցիոն քննարկումները, Դաշնակցութիւնը կիմանա՞յ վարչապետի թեկնածուի անունը:

- Ներքին կարգով՝ այո:

 

- Սերժ Սարգսեանի թեկնածութիւնից բացի պատրա՞ստ էք վարչապետի այլ թեկնածութիւններ եւս քննարկել, թէ՞ ձեզ համար շրջանառւող անուններից նախընտրելին միայն գործող նախագահի թեկնածութիւնն է:

- Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որը կառաջադրի Հանրապետական կուսակցութիւնը: Քանի որ այդ հարցը գտնւում է հանրապետականների որոշման դաշտում, մենք իրենց հետ չենք քննարկելու, թէ ո՞ւմ են առաջադրելու, իրենք իրենց մէջ պէտք է կատարեն այդ քննարկումը, որոշեն ու առաջադրեն:

Այդ իրաւունքը լիարժէքօրէն իրենց է վերապահւած, դա ամրագրւած է նաեւ մեր կոալիցիոն յուշագրով։ Մենք չենք պատրաստւում շեղւել մեր ձեռք բերած նախնական պայմանաւորւածութիւններից: Մեր կողմից պարկեշտ ու ճիշտ կը լինի, եթէ ՀՀԿ-ի կողմից առաջադրումից յետոյ միայն Դաշնակցութիւնն իր խօսքն ասի:

Ի տարբերութիւն մնացած ուժերի ու գործիչների, երբ Դաշնակցութիւնը գնում էր սահմանադրական փոփոխութիւնների, մենք դրանք չէինք պայմանաւորել որեւէ անձով: Բազմիցս ասել ու չենք բացառել, աւելին՝ հնարաւոր ենք համարել, որ Սերժ Սարգսեանը հաւակնի վարչապետի պաշտօնին:

Բայց դա չէ մեզ համար գլխաւորը, այլ այն, որ համակարգն այնպիսի փոփոխութեան է ենթարկւում, որ նոր վարչապետը չի ունենալու այն լիազօրութիւնները, որոնք ունի ներկայիս գործող նախագահը: Եւ սա էական փոփոխութիւն է Հայաստանի համար: Կարծում եմ, մեր ընթացքը սխալ տեղ կը տաներ մեզ, եթէ կատարւած փոփոխութիւնները անձերով պայմանաւորէինք:

Մենք այնպէս ենք արել, որ այս համակարգը զսպի ամէն մի անձի, որպէսզի նա չկարողանայ այնքան լիազօրութիւններ ունենալ, որ ամբողջ իշխանութիւնը կենտրոնացնի իր ձեռքում:
Սա մենք երաշխաւորում ենք այս համակարգային փոփոխութիւններով:

Մեզ համար անընդունելի էին նախկին համակարգում ամրագրւած նախագահի լիազօրութիւնները: Նոր համակարգով տեղի է ունեցել լիազօրութիւնների բաշխում, ապակենտրոնացում: Դրանց մի զգալի մասն անցել է խորհրդարանին, միւս մասը՝ կառավարութեանն ու վարչապետին, մի զգալի մասն անցել է անկախ դատական իշխանութեանը: Սա է, որ մեզ համար էական է:

Իշխանութեան ճիւղերից ամէն մէկը վերահսկողական իր որոշակի գործառոյթն է իրականացնելու: Ու այդ առումով որոշակի դերակատարութիւն ունի հէնց հանրապետութեան նորընտիր նախագահը, որը մեր ձեւակերպմամբ՝ չորրորդ հանրապետութեան առաջին նախագահն է: Իսկապէս քաղաքական համակարգում կատարւել են լրջագոյն փոփոխութիւններ, նորարարութիւններն այնքան շատ են, որ դրանք ժամանակ են պահանջում, մինչեւ մեր հասարակութիւնն ամբողջութեամբ իւրացնի:

Ընթացքը ցոյց կը տայ, կամաց-կամաց մարդիկ դա կը տեսնեն, կը համոզւեն, որ իշխանութեան ամէն թեւն ունի իր առաջնային դերակատարութիւնը:

Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսեանին, ապա նա անելիք ունի քաղաքականութեան մէջ ու նրա հետ կապւած բոլորվին այլ գնահատականներ պէտք է տրւեն՝ նայելով նրա անցած ճանապարհը: Այն փոփոխութիւնները, որ կատարւել են Հայաստանում, առանց Սերժ Սարգսեանի ցանկութեան չէին կատարւի՝ դա միանշանակ է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։