Հա

Ազգային

17/03/2018

Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում

Մարտի 16-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք եւ հայրենազրկում» թեմայով գիտաժողովը:

«alikonline.ir» - Մարտի 16-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք եւ հայրենազրկում» թեմայով գիտաժողովը:

Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնաւորապէս նշեց. «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման վերաբերեալ հազարաւոր քննարկումներ են եղել, բայց հազւադէպ են անդրադարձել հայ ժողովրդի կրած նիւթական վնասներին, կորցրած գոյքին: Կատարելով Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի պահանջները՝ գումարել ենք այս կլոր սեղան-քննարկումը, որը վերաբերում է ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման հարցերին: Ցեղասպանութեան հետեւանքով հայկական ունեցւածքի կորուստներն ամրագրւած են 1919-1920 թթ. Փարիզի խաղաղութեան վեհաժողովին ներկայացւած փաստաթղթում: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր գիտնականներին, փորձագէտներին, հետազօտողներին եւ յորդորել, որ շարունակեն իրենց ուսումնասիրութիւնները, որպէսզի արդիւնքում ամբողջական շտեմարան ստեղծւի»:

«Հատուցման հիմնախնդրի պատմաիրաւական ձեւակերպման կարեւորութիւնը» թեմայով զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը: Նա իր գոհունակութիւնը յայտնեց, որ պետական կառոյցը՝ Սփիւռքի նախարարութիւնը, նախաձեռնել է թեմայի քննարկումը: Պատմաբանի կարծիքով՝ պետական մակարդակով խնդրի հետազօտումը կօգնի փոխել հայի բարդոյթաւորւած տեսակը:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն անդրադարձաւ «Ցեղասպանութեան հատուցման խնդիրները՝ համահայկական օրակարգի նիւթ» թեմային: Նա անդրադարձավ Սեւրի պայմանագրին եւ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռին, նշեց, որ հայկական հարցը ենթակայ է լուծման միջազգային իրաւունքի շրջանակներում:

ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Վլադիմիր Վարդանեանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան նիւթական վնասների հատուցման իրաւական հեռանկարները:

ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի Հայոց Ցեղասպանութեան պատմութեան բաժնի վարիչ Արմէն Մարուքեանը զեկուցում ներկայացրեց «Հայոց Ցեղասպանութեան նիւթական հետեւանքների յաղթահարման կառուցակարգերի եւ գործիքակազմի յստակեցման հարցի շուրջ» թեմայով:

Իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի համահիմնադիր Տարօն Սիմոնեանն անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան համար Թուրքիայի Հանրապետութեանը պատասխանատւութեան ենթարկելու հնարաւոր կառուցակարգերին, նշեց նպատակին հասնելու կոնկրետ ուղիները:

Հայաստանի ազգային արխիւի գիտահետազօտական աշխատանքների բաժնի գլխաւոր արխիւագէտ Անահիտ Քոչարեանը ներկայացրեց «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նիւթական կորուստները որոշող քննիչ բիւրոյի գործունէութիւն»-ը: Նա պատմական անդրադարձ կատարեց կառոյցի աշխատանքի տարբեր ժամանակաշրջաններին:

Թուրքագէտ, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի աւագ գիտաշխատող Մելինէ Անումեանը ներկայացրեց զեկուցում «Լքեալ գոյքի հարցի արծարծումը` ըստ երիտթուրքերի դատավարութիւնների փաստաթղթերի (1919-1921 թթ.)» թեմայով, անդրադարձաւ այդ փաստաթղթերի հիման վրայ արւած հետազօտութիւնների արդիւնքներին:

«Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք» եւ հայրենազրկում» խորագրով գիտաժողովի երկրորդ նիստը մեկնարկեց Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի համահիմնադիր Լեւոն Գէորգեանի «Հայոց Ցեղասպանութեան համար Թուրքիայի Հանրապետութեան պատասխանատւութեան հիմնախնդիրները․իրաւայաջորդութիւն եւ վերագրելիութիւն» զեկուցմամբ: ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանն անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան մշակութային ժառանգութեան կորուստի հիմնախնդիրին, նշեց նաեւ, որ մշակութային Ցեղասպանութիւնը շարունակւում է մինչ օրս, մասնաւորապէս Ադրբեջանի տարածքում: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող Անուշ Յովհաննիսեանը, հանդէս գալով «Հայոց “լքեալ գոյքի” թեման ներթուրքական դիսկուրսում» զեկուցմամբ, մանրամասն ներկայացրեց վերջին տարիներին Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան, հայրենազրկման, լքեալ գոյքի թեմայով զարգացումները, գիտական շրջանակներում տարւող հակահայկական հետազօտութիւնները, նաեւ այն թուրք պատմաբանների աշխատութիւնները, որոնցում Հայոց Ցեղասպանութեան թեման չի կեղծւում: Այնուհետեւ զեկուցումներով հանդէս եկան Մատենադարանի Արխիւային բաժնի աւագ գիտաշխատող Անահիտ Աստոյեանը («Հայերի ունեզրկումը Մեծ Եղեռնի տարիներին»), Երեւան քաղաքի պատմութեան թանգարանի գիտաշխատող Անի Ոսկանեանը («Հայերի հողազրկման քաղաքականութիւնը Օսմանեան կայսրութիւնում /19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ/»), ՌՊՀՀ-ի (РБГУ) Հոլոքոսթի եւ Ցեղասպանութեան պատմութեան միջազգային գիտակրթական կենտրոնի վերլուծաբան Արմինէ Անտոնեանը («Անտոն Փափազեանի գոյքի բռնագրաւման մասին տեղեկութիւնները Ռուսաստանի պետական պատմական արխիւի փաստաթղթերում»):

Գիտաժողովի աւարտին տեղի ունեցաւ մտքերի փոխանակում, հնչեցին առաջարկութիւններ:

Ամփոփելով գիտաժողովը՝ Սփիւռքի նախարարն այն համարեց բաւականին հետաքրքրական եւ շնորհակալութիւն յայտնեց զեկուցողներին առարկայական, կառուցողական ելոյթների համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։