Հա

Ազգային

17/03/2018

Ցեղասպանութեան յատուցման խնդիրները՝ համահայկական օրակարգի նիւթ

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի խօսքը` ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյքեւ հայրենազրկում» խորագրով գիտաժողովի ժամանակ:

«alikonline.ir» - Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի խօսքը` ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյքեւ հայրենազրկում» խորագրով գիտաժողովի ժամանակ:

Հետաքրքիր զուգադիպութիւն է, որ այսօր, Հայաստանի ու հայութեան համար շատ թանկ արժած ռուս-թուրքական Մոսկւայի պայմանագրի ստորագրութեան 97-րդ տարելիցի օրը, անկախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, մենք Հայոց Ցեղասպանութեան հատուցման հարցերն են քննարկում։ Այս պայմանագիրը քննարկման նիւթ է եղել Խորհրդային Հայաստանի Գերագոյն Խորհրդում, 1989 թ. սեպտեմբերի 23-ի (համար 1602-XI) որոշումով, երբ կազմւել է «1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի քաղաքական եւ իրաւական գնահատման յանձնաժողով»՝ պրոֆ. եւ պատգամաւոր Հրաչիկ Սիմոնեանի գլխաւորութեամբ։ Թէեւ այդ յանձնաժողովը այդպէս էլ իր եզրակացութիւնը չի հրապարակել, այդուհանդերձ, այդ քննարկումը քաղաքական կարեւոր նշանակութիւն ունի, որովհետեւ փաստացի արտայայտում է այդ պայմանագրի նկատմամբ հայութեան մօտ առկայ դժգոհութիւնը, որն արտայայտւել է նաեւ նախորդող տասնամեակներին՝ թէ՛ Խորհրդային Հայաստանի իշխանութիւնների, թէ՛ Սփիւռքում գործող բազմաթիւ կազմակերպութիւնների եւ ընդհանրապէս հայ ժողովրդի կողմից։ (Այս տեսանկիւնից, կարեւոր է, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից վերջերս լոյս տեսած Արման Կիրակոսեանի «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական յարաբերութիւնները 1945-1946թթ. դիւանագիտական փաստաթղթերում» գրքի անգլերէն տարբերակը։ Ռուսերէն տարբերակը լոյս էր տեսել 2010 թւականին, Հայաստանի Ազգային Արխիւի կողմից) 1921 թւականի Մոսկւայի ռուս-թուրքական պայմանագրի հայութեան, Հայաստանի վերաբերւող տրամադրութիւնները հիմնականում առնչւում են Հայաստան-Թուրքիա սահմանին եւ Նախիջեւանին։ Թէեւ Հայաստան-Թուրքիա սահմանի խնդիրը ուղղակի չի բխում ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կոնւեցիայից, այդուհանդերձ 1920 թւականի օգոստոսի 10 Սեւրի պայմանագիրը եւ ԱՄՆ նախագահ Վուտրօ Վիլսոնի 1920 թւականի նոյեմբերի իրաւարար վճիռը հիմնականում նպատակ են հետապնդել մեղմացնել Ցեղասպանութեան պատճառով հայ ժողովրդի կրած կորուստներն ու հետեւանքները։ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը արժեւորում է այդ փաստաթղթերի նշանակութիւնը Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում։ Համահայկական հռչակագրից առաջ իսկ, Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների օրը, 2009 թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ nախագահը հաստատել է Հայաստան-Թուրքիա սահանների հարցի առկայութիւնը, ասելով՝ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմանների հարցը ենթակայ է լուծման միջազգային իրաւունքի համաձայն»։

Նոյն արձանագրութիւնների մասին, ՀՀ Սահմանադրական Դատարանի 2010 թ. յունւարի 12-ի որոշումը եւս անդրադարձել է այս հարցին, ակնարկելով «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ փաստացի սահմանի» մասին։ Նոյն տարւայ նոյեմբերի 20-ին, ՀՀ նախագահը կարեւորելով Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահ Վուդրօ Վիլսոնի Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերեալ Իրաւարար վճիռը, ասել է. «Քսաներորդ դարի պատմութեան մէջ [այդ վճիռը] մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձութիւններից մէկն էր, որով պէտք է վերականգնւեր պատմական արդարութիւնը եւ վերացւէին հայ ժողովրդի դէմ Օսմանեան կայսրութիւնում իրագործւած Ցեղասպանութեան հետեւանքները: Այդ վճռով միջազգայնօրէն ճանաչւում եւ ամրագրւում էին Հայաստանի սահմանները» (…): Այսօր, երբ արդէն Հայաստանը առ ոչինչ է յայտարարել Հայաստան-Թուրքիա 2009 թւականի արձանագրութիւնները, պահպանւում են ՀՀ նախագահի յայտարարութիւններն ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը։

Հայաստանի անկախ պետականութեան առկայութեան պայմաններում, Միջազգային իրաւունքի համաձայն, այդ տարածքների իրաւատէրը Հայաստանի Հանրապետութիւնն է։ Որպէս այդպիսին, Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւորութիւն ունի չցուցաբերելու այնպիսի կեցւածք, որը կը վտանգի այդ իրաւատիրութիւնը։ Ընդհակառակը, անհրաժեշտ է այնպիսի պահւածք եւ գործունէութիւն, որը մշտապէս կը յուշի այդ իրաւատիրութեան մասին։ Սա չի նշանակում պատերազմ հռչակել Թուրքիայի դէմ. սա նշանակում է իրաւատէրը մնալ այն ամէն ինչին, որը միջազգային համայնքը, միջազգային իրաւունքի համաձայն, ճանաչել է որպէս Հայաստանի կենսունակութեան համար անհրաժեշտ։ Ճիշտ է, որ Հայաստանի Հանրապետութիւնը իր անկախութիւնից ի վեր երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային, միաժամանակ՝ երբեք չի հրաժարւել այդ իրաւունքից։ Առաւելագոյնը որ ասւել է այն է, որ այսօր նման խնդիր չկայ Հայաստանի օրակարգում։ Իսկ դա չի նշանակում, որ վաղը չի լինելու։

Իրականում, այս խնդիրը Հայաստանի Հանրապետութեան համար առաջնային է դարձել, երբ Թուրքիան է ուզեցել այն դարձնել այդպիսին՝ առկայ փաստացի սահմանները որպէս իրաւական սահման ճանաչելու իր պահանջով։

Հայաստանի պետականութեան վերականգնման 100-ամեակը լաւ առիթ է, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը աշխարհին յիշեցնի իր իրաւատիրութեան մասին. դա կարող է դրսեւորւել տարբեր քաղաքական քայլերով՝ Կառավարութիւնը, Ազգային ժողովի, Հանրապետութեան նախագահի, քաղաքամայր Երեւանի եւ կամ այլ լիազօր մարմինների ու բարձրաստիճան պաշտօնեաների կողմից։ Նման կեցւածքը համահունչ կը լինի ՀՀ Սահմանադրութեան հիմքը հանդիսացող 1990 թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախութեան մասին հռչակագրով արտայայտւած այն կեցւածքին, որ գիտակցում է «իր պատասխանատւութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում»։

Հայ հասարակութիւնը հայկական քաղաքական, եկեղեցական եւ այլ կառոյցների ու կազմակերպութիւնների միջոցով կարող է եւ պէտք է զօրաւիգ կանգնի Հայաստանի Հանրապետութեան նման քայլերին։ Սակայն, հասարակական նախաձեռնութիւններ, ի՛նչ անունով էլ նրանք հանդէս գան, չեն կարող փոխարինել միջազգային իրաւունքի հայկական միակ սուբեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետութեանը, կամ որպէս իրաւատէր ներկայանալ նրա միջազգային իրաւունքներին եւ պարտաւորութիւններին։

Պէտք է արձանագրել, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց Ցեղասպանութեան հատուցման խնդիրների հետապնդումը չի ենթադրում նախ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, թէեւ նման ճանաչումը պարզ է, որ կը հեշտացնի այդ հարցերի արծարծումը։ Առաւել, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքներն ու պահանջները Թուրքիայից չսկսեցին, հետեւաբար նաեւ չեն սահմանափակւի 1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կոնվենցիայով։ Վերջապէս, այդ ուղղութեամբ աշխատանքները ոչ միայն իրաւական են, այլ նաեւ՝ քաղաքական։

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրով ուրւագծւել է հայ ժողովրդի իրաւունքների, պահանջների շրջանակը՝ անհատական, համայնքային եւ համազգային։ Գործել եւ գործում են մի շարք կառոյցներ, կենտրոններ՝ մշակելու այն կոնկրետ, յստակ հիմքերն ու ուղիները այդ իրաւունքների հետապնդման համար։ Առնւել են նաեւ որոշ նախնական, մասնակի քայլեր։ Այս տեսանկիւնից անհրաժեշտ, բայց ոչ-բաւարար քայլ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի 2013թ. ապրիլի 24-ի համատեղ յայտարարութիւնը, որով, մասնաւորաբար, Թուրքիայից պահանջւում է վերադարձնել բռնագրաււած հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալւածներն ու հոգեւոր-մշակութեաին արժէքները։ Այս ուղղութեամբ, քաղաքական կարեւոր քայլ էր նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 2011թ. դեկտեմբերի 13-ի (թիւ 306) բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում քրիստոնէական, ներառեալ՝ հայկական բոլոր եկեղեցիները, եկեղեցական կալւածներն ու ունեցւածքները վերադարձնել իրենց պատմական իրաւատէրերին։

Նման քայլերից է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հարուցած դատական գործը՝ վերադարձնելու համար կաթողիկոսութեան Սիսի նստավայրը։ (Այս մասին կարճ կանդրադառնամ վերջում)։ Նման քայլ կարելի է համարել նաեւ Երուսաղէմի հայոց պատրիարքութեան ջանքերը, վերատիրանալու Թուրքիայի այսօրւայ սահմաններում գտնւող իր կալւածներին. այս ուղղութեամբ պէտք է արտայայտել գործընթացի մասին ոչ մի հրապարակային զեկուցում չտալու վարքի նկատմամբ առկայ մտահոգութիւնը։

Կենսական է, որ այս ուղղութեամբ առնւած ու առնւող իրաւական թէ քաղաքական քայլեր, յատկապէս՝ անհատական վնասուց յատուցման նպատակով անհատ հայերի կողմից հարուցւած դատեր չխոչընդոտեն մեր ազգային պահանջատիրութեանը, ինչը ազատագրական պայքարը հետզհետէ կը դատարկի իր քաղաքական բովանդակութիւնից եւ կը վերածի սոսկ նիւթական դատի:

Պէտք չէ ազգի ողբերգութիւնը որոշ անհատների կամ կառոյցների կողմից նիւթական շահ ապահովելու միջոցի վերածել եւ կամ դատական աննպաստ նախադէպեր ստեղծել՝ այդպիսով - թէկուզ ակամայից - հաւաքական ու ազգային իրաւունքների հետապնդման խոչընդոտ հանդիսանալ: Խօսքը չի վերաբերւում անհատական իրաւունքները զոհելուն. խօսքը վերաբերւում է այդ անհատական իրաւունքները մի խումբ մարդկանց, հիմնականում՝ որոշ փաստաբանների անզուսպ շահի աղբիւրի վերածելու ճիգերին, ինչպէս դժբախտաբար ականատես եղանք ապահովագրական ընկերութիւնների դէմ դատական գործերին առնչւած մի շարք փաստաբանների փոխադարձ մեղադրանքներով եւ չարաշահումների մասին մերկացումներով։

Ցանկալի է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների ու Հայոց Ցեղասպանութեան հատուցման խնդիրների ու անելիքների ընդհանուր ծրագրի, ռազմավարութեան շուրջ գոյանայ համահայկական համախոհութիւն, այնպէս ինչպէս կայ համախոհութիւն Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդրում։ 2015 թւականի Համահայկական հռչակագիրը այդ համախոհութեան ձեւաւորման առաջին քայլն է։ Անհրաժեշտ է առաւել հիմնաւորել, ամրապնդել այդ համախոհութիւնը։

Ամէն տեսակէտից ցանկալի է - հաւանաբար անաեւ անխուսափելի է -, որ այդ համահայկական համախոհութեան ձեւաւորման առանցքը լինի պետութիւնը, բայց այն պէտք չէ սահմանափակւի պետութեան իրաւունքներով, հնարաւորութիւններով եւ կատարելիքներով։ Հայաստանի ու հայ ժողովրդի իրաւունքների ձեռքբերման եւ Հայոց Ցեղասպանութեան հատուցման իրագործման ռազմավարութիւնը, որն իր մէջ ներառելու է թէ՛ քաղաքական եւ թէ՝ իրավական քայլեր, պէտք է հաշւի առնի եւ խարսխւած լինի համայն հայութեան իրաւունքների եւ հնարաւորութիւնների վրայ, ունենայ իր համապատասխան բաժանումներն ու ենթաբաժանումները, իրաւատէրերի, հասցէատէրերի ու գործէադաշտերի եւ ատեանների յստակ նշումներով։

Համահայկական խորհրդակցութիւններով եւ մինչեւ Համահայկական խորհուրդի ցանկալի ձեւով՝ ընտրութիւններով ձեւաւորումը, անհրաժեշտ զարկ տալ այս ռազմավարութեան մշակման աշխատանքին։ Այս նպատակով անհրաժեշտ է Երեւանում ձեւաւորել համատասխան ոչ-պետական կառոյց,- կամ վերափոխել, ընդարձակել Հայոց Ցեղասպանութեան իրաւական հետազօտութիւնների կենտրոնը –, որը մէկ կողմից կը կատարի, կը ղեկավարի ռազմավարութեան մշակման համար անհրաժեշտ ուսումնասիրութիւնները, միւս կողմից՝ փոխադարձ խորհրդակցութիւններով փաստացի կը համադրի Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման՝ հատուցումների եւ իրաւունքների վերականգնման ուղղութեամբ տարբեր շջանակների, կենտրոնների եւ կազմակերպութիւնների կողմից տարւող աշխատանքները։ Նման կենտրոնը պէտք է լինի ոչ-պետական, պէտք է ընդգրկի մեր երկրի ու ժողովրդի կարող ուժերին, վայելի համահայկական հոգատարութիւն ու վստահութիւն։ Նման կենտրոնի ուսումնասիրութիւնները հիմք կը ծառայեն համահայկական ռազմավարութեան մշակման եւ տարբեր դերակատարների կողմից նախաձեռնւող քայլերի։

Ամփոփելու համար, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց Ցեղասպանութեան հատուցման խնդիրների հետապնդումը նախ եւ առաջ ենթադրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից այդ իրաւունքներից չհրաժարւե՛լ, բայց նաեւ պահանջում է ծրագրաւորած, հետեւողական քայլեր։ Այդ կերպ, Հայոց Ցեղասպանութեան հատուցման խնդիրները ոչ միայն կը մնան համահայկական օրակարգի նիւթ, այլեւ՝ կը դառնան տեւական գործունէութիւն, որի դրական արդիւնքները հաստատ չեն ուշանայ։

Շնորհակալութիւն։

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։