Հա

Ազգային

28/03/2018 - 19:10

Արսէն Համբարձումեան. «ԳՄ-ն ընտրւել է համախոհութեամբ` վստահութեան մեծ քւէով»

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագոյն ժողովի ընտրած Գերագոյն մարմնի անդամներից Արսէն Համբարձումեանը, Արթուր Եղիազարեանը, Արթուր Ղազարեանը եւ Իշխան Սաղաթելեանը լրագրողների հետ հանդիպումը սկսեցին` նրանց նւիրելով Սիմոն Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն» գիրքը:

«alikonline» - ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագոյն ժողովի ընտրած Գերագոյն մարմնի անդամներից Արսէն Համբարձումեանը, Արթուր Եղիազարեանը, Արթուր Ղազարեանը եւ Իշխան Սաղաթելեանը լրագրողների հետ հանդիպումը սկսեցին` նրանց նւիրելով Սիմոն Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն» գիրքը: Գրում է «yerkirmedia.am»-ը:

ՀՅԴ նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը նշեց, որ օրերս գումարւել է Գերագոյն ժողովը, որին մասնակցել են աւելի քանի 100 պատգամաւոր, ինչպէս նաեւ հրաւիրեալներ Իրանի, Կանադայի եւ ՀՅԴ այլ կառոյցներից:

«Գերագոյն ժողովը քննարկել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը, առկայ մարտահրաւէրները, քաղաքական մարտահրաւէրները, անդրադարձել կուսակցութեան գործունէութեանը, եւ ընդունւել են համապատասխան բանաձեւեր»,- տեղեկացրեց նա:

Համբարձումյանի խօսքով` այդ բանաձեւերն ուղենիշ են լինելու ԳՄ-ի առաջիկայ գործունէութեան համար: «Գերագոյն ժողովը վերահաստատել է կուսակցութեան որդեգրած ուղեգիծը` իրականացնել ակտիւ քաղաքականութիւն սոցիալական ոլորտում, մասնաւորապէս` աշխատատեղերի բացում, ժողովրդագրական ակտիւ քաղաքականութեան իրականացմանն ուղղւած աշխատանքներ, պետութիւն-հասարակութիւն վստահութեան քայլերի կատարում եւ այլ կարեւոր խնդիրներ»,- ասաց նա:

Անդրադառնալով նորընտիր ԳՄ-ի կազմին` Համբարձումեանը նշեց, որ այն ընտրւում է երկամեայ ժամանակահատւածով: «Նոր ԳՄ-ն բաղկացած է 9 հոգուց, որոնցից 6-ը նոր անդամներ են, ովքեր տարբեր ժամանակահատւածներում ակտիւ դերակատարում են ունեցել կուսակցութեան մէջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԳՄ կազմի լուրջ փոփոխութեանը, Համբարձումեանը նշեց, որ դրանք պայմանաւորւած են մի շարք հանգամանքներով: «Դաշնակցական նախարարներն ու պատգամաւորները, ովքեր ԳՄ անդամներ էին, բազմազբաղ են: Գերագոյն ժողովը կարեւորել է կազմակերպչական հարցերի կազմաւորումը. թէ’ նախարարները, թէ’ խորհրդարանականները երկու ճամբարով ծանրաբեռնւած են լինում, հնարաւորութիւն չի լինում աշխատանքները լիարժէք կատարելու: Որոշել ենք, որ այս ժամանակահատւածում աշխատանքների վերակազմակերպման համար աւելի նպատակայարմար կը լինի այս կազմը: Այսինքն` այսպէս աւելի արդիւնաւէտ կը լինի ԳՄ-ի աշխատանքը: Միեւնոյն ժամանակ չենք կաշկանդի մեր ընկերներին պաշտօնեական պարտականութիւնների կատարմամբ»,- ասաց նա:

Ըստ Համբարձումեանի` ԳՄ-ն ընտրւել է համախոհութեամբ` վստահութեան մեծ քւէով, ինչը յոյս է տալիս, որ առաջիկայ երկու տարում բոլոր առաջադրանքները կը կարողանան պատւով կատարել: «ԳՄ անդամներից 6-ը Դաշնակցութեան ուսանողական միութեան նախկին անդամներ են, այսինքն` նոր սերնդի ներկայացուցիչներ: Թարմացրել ենք սաղարթը, ինչն օգտակար է ծառի աճի համար: Ծառի արմատները շատ ամուր են, բունը` հաստատուն»,- եզրափակեց նա:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։