Հա

Ազգային

01/04/2018

Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը

2018 թ. Մարտի 28-30-ը, Երևանում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցում էին 35 ներկայացուցիչներ 16 երկրներից (Աւստրալիա, Արգենտինա, Ուրուգուայ, Կանադա, Ա.Մ.Ն. Արևելեան և Արևմտեան շրջաններ, Ֆրանսիա, Հոլանդիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Հայաստան, Արցախ և այլուր)։

2018 թ. Մարտի 28-30-ը, Երևանում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցում էին 35 ներկայացուցիչներ 16 երկրներից (Աւստրալիա, Արգենտինա, Ուրուգուայ, Կանադա, Ա.Մ.Ն. Արևելեան և Արևմտեան շրջաններ, Ֆրանսիա, Հոլանդիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Հայաստան, Արցախ և այլուր)։ 

Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը։

Եռօրեայ խորհրդաժողովում մասնակցիները նախ զեկուցեցին անցնող երկու տարիների իրենց պատկան միութեան գործունէութեան և դիմագրաւած դժուարութիւնների մասին, ապա ունկնդրեցին Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի գործունէութեան զեկոյցը։

Այնուհետև տեղի ունեցաւ քննարկում «Հանրային կապի հարցը Հ.Յ.Դ. երիտասարդական դաշտում», «Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին-յարաբերական աշխատանքները», «Հ.Հ. 100-ամեակ», «Պատանեկան ճամբարներ», «Դաստիարակչական նիւթեր» և այլ հարցերի շուրջ։ Մանրամասնօրէն վերհանուեցին Հ.Յ.Դ. Երիտասարդականի առջև ծառացած մարտահրաւէրները և առաջարկներ հնչեցին լուծումների ու հետագայ անելիքների վերաբերեալ։

Մարտի 29-ին խորհրդաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարեանի հետ, ով խօսեց «Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակն ու Հ.Յ.Դ. դերն ու անելիքները» նիւթի մասին և պատասխանեց երիտասարդների բազմաթիւ հարցումներին։

Առանձին զեկոյցներով Հ.Յ.Դ. Բիւրոյի Հանրային կապի գրասենեակի պատասխանատու ընկեր Արտակը Սարգսեանը ներկայացրեց «Հ.Յ.Դ. հանրային կապի ռազմավարութեան հիմնադրոյթները» և Հ.Յ.Դ. Մամլոյ դիւանի պատասխանատու ընկեր Արտաշէս Շահբազեանը «Հ.Հ. 100-ամեակ» թեմաները։

Խորհրդաժողովը տեղի ունեցաւ ընկերական ջերմ մթնոլորտում։

Վերջում խորհրդաժողովի մասնակիցներն ընդունեցին Յայտարարութիւն, որը ներկայացւում է ստորև։

Յայտարարութիւն
Հ Յ Դաշնակցութեան երիտասարդական և ուսանողական միութիւնների համահայկական խորհրդաժողովի

30.03.2018թ.
Երևան

ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների համահայկական խորհրդաժողովը.

– Լսելով Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական, արտաքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերեալ համապարփակ զեկոյց,
– Քննարկելով հայրենիքի և սփիւռքի երիտասարդութեան առջև ծառացած ազգային, կրթական և ընկերային խնդիրները,
– Քննարկելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների առջև ծառացած մարտահրաւէրները,
– Անդրադառնալով միութիւնների կազմակերպական կարողականութիւնների շարունակական զարգացման ու արդիականացման խնդիրներին,
– Արձանագրելով արտաքին-յարաբերական ոլորտում ՀՅԴ Երիտասարդականի ձեռք բերած յաջողութիւնները,
– Քննարկելով միութիւնների կողմից Հայաստանում և Արցախում իրականացւող պատանեկան ճամբարների հարցերը,
– Անդրադառնալով Հայաստանի Հանրապետութեան հիմնադրության 100 ամեակի առիթով ՀՅԴ Երիտասարդականի անելիքներին,

յայտարարում է

– Հայաստանի և Արցախի հանրապետութիւնների երիտասարդության կրթական, ընկերային և քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ՝ նպաստելով երիտասարդների կրթական մակարդակի ոչ բաւարար լինելուն, սոցիալական դժւարութիւններին, աշխատաշուկայի անհամաչափութեանը և քաղաքական հնարաւորութիւնների անհավասարությանը, որոնք պետութեան բացթողումն են: Ուստի այս խնդիրները շարունակում են մնալ ՀՅԴ Երիտասարդականի սևեռուն ուշադրութեան կենտրոնում։

-Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-յարաբերական աշխատանքների հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից է։

-Հայաստանի Հանրապետութեան 100 ամյակի առթիվ ՀՅԴ Երիտասարդականը պէտք է կազմակերպի միջոցառումներ՝ թէ տեղային, թէ համահայկական մակարդակներում։

– Հայրենիք-սփիւռք համագործակցութեան առաւելագոյն արդիւնաւորման գործում երիտասարդութիւնը, և յատկապէս ՀՅԴ Երիտասարդականն ունեն իրենց ուրոյն յանձնառութիւն

– Անհրաժեշտ է սփիւռքի համայնքներում մեծացնել հայ երիտասարդութեան համայնքային, կազմակերպական և քաղաքական ներգրաււածութեան մակարդակը։

– Կարեւոր է համարւում միութիւնների աշխատանքների պատշաճ լուսաբանումը՝ հանրային կապերի ժամանակակից գործիքակազմի լայն կիրառմամբ։

– Սփիւռքի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների կազմակերպմամբ՝ Հայաստանի և Արցախի հանրապետութիւններում իրականացւող պատանեկան ճամբարները գնահատւում են դրական ու պէտք է շարունակւեն՝ այդ և այլ ճանապարհներով նպաստելով հայրենիք-սփիւռք կապերի ամրապնդմանը, փոխճանաչողութեան բարձրացմանը՝ երիտասարդական-պատանեկան հարթութիւնում:

ՀՅ Դաշնակցութեան երիտասարդական և ուսանողական միութիւնների խորհրդաժողովն աւարտեց իր աշխատանքները՝ յառաջիկայ երկու տարւայ համար նախանշելով ՀՅԴ Երիտասարդականի հիմնական կազմակերպական և քաղաքական անելիքները:

 Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
30 Մարտ, 2018 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։