Print this page
05/04/2018 - 11:20

Հրանդ Մարգարեան. «Կան հիմքեր առանց ցնցումների զարգանալու»

Սերժ Սարգսեանի համար 3-րդ անգամ ընտրւելու միակ լուծումը Սահմանադրութեան այսպիսի փոփոխութիւնը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով 3-րդ անգամ ընտրւելու արգելքը վերացնել: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: 

«alikonline.ir» - Սերժ Սարգսեանի համար 3-րդ անգամ ընտրւելու միակ լուծումը Սահմանադրութեան այսպիսի փոփոխութիւնը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով 3-րդ անգամ ընտրւելու արգելքը վերացնել: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Վերջինս հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պէտք է Ս. Սարգսեանը փոխէր Սահմանադրութիւնն այնպէս, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան իր 100 տոկոսանոց վերահսկողութիւնից դուրս գար, քաղաքական ուժերի դերակատարութիւնը մեծացնէր, խորհրդարանում դժւարացնէր անգամ պարզ մեծամասնութեան համար հիմնական օրէնքները անցկացնելը: Մարգարեանի խօսքով՝ նա կարող էր տարբեր փոփոխութիւնների դիմել, եթէ 3-րդ ժամկէտով պաշտօնավարելու նպատակն իր համար միակն էր:

 

- Ապրիլին ամբողջապէս ուժի մէջ կը մտնի նոր Սահմանադրութիւնը, որի ընդունման ակունքներում կանգնած է Դաշնակցութիւնը:

Ի՞նչ է մնացել Ձեր պատկերացրած խորհրդարանական կառավարման երկիր դառնալու համար, որտեղ իշխանութեանը հակակշիռ կայ, որտեղ ընդդիմութիւնը լծակներ ունի:

- Շատ բան: Ժամանակը, անշուշտ, դերակատար է: Դրա համար հարկաւոր է բոլոր քաղաքական ուժերի հասունութիւնը, Սահմանադրութիւնը ճիշտ իւրացնելը, հանրութեան ընտելացումը: Այն դատաւորը, որն այսօր ընտրւել է, պէտք է գիտակցի, որ իր գոյութիւնն այդ պաշտօնում այլեւս իշխող ուժի քմահաճոյքով պայմանաւորւած չէ, որ ինքն այսուհետ ազատ է այդ կախւածութիւնից: Դատաւորը պէտք է հաւատայ իր անկախութեանը, որ այդ հաւատը ներշնչի ժողովրդին՝ վստահեցնելով, որ դատարանն անկախ է, քաղաքական պատւէր չի կատարում: Օրէնքն այդպիսին է, բայց համապատասխան մշակոյթն է, որ պէտք է ձեւաւորւի, ինչի շնորհիւ մարդիկ կը հաւատան փոփոխութեանը:

 

- Ի՞նչն է խանգարում այդ մշակոյթի ձեւաւորմանը:

- Կարելի է ենթադրել, թէ ինչն է խանգարում: Խանգարում է իշխող ուժը, որը չի ուզում, որ այդ փոփոխութիւններն արագ լինեն, ընդդիմութիւնը, որը չի ուզում խոստովանել, որ այս Սահմանադրութիւնը լաւն է, որովհետեւ դրա ընդունմանը դէմ է եղել: Ամենաշահագրգիռը Դաշնակցութիւնն է, որը թէ՛ կողմ է եղել Սահմանադրութեան ընդունմանը, թէ՛ տրամադրւած չէ հինը նոր ձեւի մէջ պահպանելուն: Մենք իսկապէս ուզում ենք, որ նոր Սահմանադրութիւնը գործի սահմանադրական տառին ու ոգուն համապատասխան: Այս գործընթացը դեռ միս ու արիւն պէտք է ստանայ: Դրա համար պէտք է ջանք չխնայենք:

 

- Այն նպատակները, որոնք հետապնդւում էին գործող Սահմանադրութեան ընդունմամբ, օրակարգո՞ւմ են: Շատերի կարծիքով՝ դրանք մոռացւել են եւ ներկայումս ծառայեցւում են իշխանութիւնների վերարտադրութեան օգտին:

- Մի շարք մարդիկ փորձում են ներկայացնել, որ ոչինչ չի փոխւել, որ ամէն ինչ նոյնն է, որովհետեւ դա իրենց ձեռնտու է: Իրականութեան մէջ շատ բան է փոխւել: Ես խօսեցի դատական համակարգի մասին: Օրինակ՝ դատաւորի նշանակման կամ նրա ազատման հետեւում այլեւս Գործադիրը չէ կանգնած: Սա մեծ փոփոխութիւն է, բայց նրանց համար ձեռնտու չէ խոստովանել, որ փոխւել է, որ յոյս կայ դէպի լաւը: Որոշների համար այդ յոյսը վտանգաւոր է, որովհետեւ իրենց պայքարի փիլիսոփայութիւնը փլուզւում է: Քաղաքական ուժերը երկու տեսակի են լինում՝ մէկը, որ ուզում է բարեփոխումներով երկիրը զարգացման տանել, միւսը նրանք են, ովքեր անյապաղ իշխանափոխութիւն են ուզում, որ այդ ալիքի վրայով իշխանութիւն ձեռք բերեն: Չկայ այնպիսի ուժ, որ ունենայ այնքան ժողովրդականութիւն, որ իր իշխանութեան պահպանման գործը ապահով տեսնի: Եթէ չունես ժողովրդականութիւն, որպէսզի ապահովես իշխանութեան շարունակականութիւնը, դիմում ես այլ միջոցների՝ ուժի, խարդախութեան, բռնութեան, ճնշման, որ երկարաձգես իշխանութիւնդ: Կարծում եմ՝ այս երկրում կան հիմքեր արագ ու առանց ցնցումների զարգանալու:

 

- Դուք մտավախութիւն չունէ՞ք, որ ՀՀԿ-ն այս Սահմանադրութիւնը կիրառում է իր վերարտադրութեան համար. չէ՞որ իրենց են վերապահւած մի շարք հնարաւորութիւններ, իրենց է վերապահւած վարչապետի թեկնածու առաջադրելու հնարաւորութիւնը:

- Ոչ, չունեմ: Եթէ մի ուժ մեծամասնութիւն է, դա չի կարելի համարել ողբերգութիւն: Վերջիվերջոյ ընտրութիւնն է, որ պէտք է ճակատագրական լինի այս երկրում: Հիմա կասեն, թէ ընտրութիւններն արդարացի չեն: Քաղաքական ուժերն են, որ պէտք է պարտադրեն արդար ընտրութիւններ: Ինչքան շատ քաղաքական ուժեր կայանան, այնքան երաշխաւորւած կը լինի արդար ընտրութիւնների անցկացումը: Մենք ամէն ինչ պէտք է անենք ժողովրդին քաղաքականօրէն կազմակերպելու, որ յաջորդ ընտրութիւնները շատ աւելի արդար լինեն, որ յաջորդ ընտրութիւններում ժողովրդի տրամադրութիւնը քւէի տեսքով արձանագրւի: Չնայած գիտեմ, որ այդ ժամանակ էլ կը լինեն ուժեր, որոնք կասեն, որ ընտրութիւնները արդար չեն եղել: Մենք դեռ հեռու ենք արդար ընտրութիւններից: Մօտեցումները պէտք է փոխւեն, քաղաքական ուժերը պէտք է գիտակցեն՝ եթէ ՀՀԿ-ն 61 տոկոս ձայն չհաւաքէր, ապա ո՞վ 51 տոկոս ձայն կը հաւաքէր:

 

- Չկա՞յ նման ուժ:

- Կարծում եմ՝ չկայ: Նույնիսկ ՀՀԿ-ն այդպիսին չէ, եթէ պետական ուժին, լծակին չի տիրապետում: Քաղաքական ուժերի նպատակը պէտք է լինի ոչ թէ ընտրութիւնները կեղծւած յայտարարելը, այլ իրական կազմակերպական գործ անելը, ժողովրդի մէջ թափանցելը, ժողովրդին կազմակերպելը:

 

- ՀՀԿ-ականներն առայժմ վարչապետի հնարաւոր մէկ թեկնածուի անուն են տալիս՝ Սերժ Սարգսեանը: Ընդդիմութիւնն էլ յիշեցնում է, որ ժամանակին նախազգուշացնում էր, որ նոր Սահմանադրութեան ընդունմամբ հնարաւորութիւն է տրւում Ս. Սարգսեանին 3-րդ ժամկէտով պաշտօնավարել: Այն ժամանակ ՀՅԴ-ի համար պարզ չէ՞ր, որ նման փոփոխութիւններով Սերժ Սարգսեանը նորից պաշտօնավարելու շանս է ստանում:

- Չեմ կարեւորում նման զրոյցները: Սերժ Սարգսեանի համար 3-րդ անգամ ընտրւելու միակ լուծումը Սահմանադրութեան այսպիսի փոփոխութիւնը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով արգելքը վերացնել: Ինչո՞ւ պէտք է փոխէր Սահմանադրութիւնն այնպէս, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան իր 100 տոկոսանոց վերահսկողութիւնից դուրս գար, քաղաքական ուժերի դերակատարութիւնը մեծացնէր, խորհրդարանում դժւարացնէր անգամ պարզ մեծամասնութեան համար հիմնական օրէնքներն անցկացնելը, ինչո՞ւ: Նա կարող էր տարբեր փոփոխութիւնների դիմել, եթէ 3-րդ ժամկէտով պաշտօնավարելու նպատակն իր համար միակն էր: Եթէ մարդը խելք ունի, դատողութիւն ունի, պէտք է հասկանայ, որ ով ընտրութիւններին 51 տոկոս ձայն է հաւաքել, հէնց այդ ուժի լիդերն էլ դառնալու է վարչապետ: Այն օրը, երբ ՀՀԿ-ն արձանագրեց իր յաղթանակը՝ 51 տոկոս եւ աւելին, պարզ էր, որ այդ կուսակցութեան նախագահը պէտք է դառնայ վարչապետ: Հարցը լուծւեց այստեղ, ինքնաբերաբար, իսկ եթէ այդպէս չլինէր, ապա խնդիր կը լինէր, կը ստացւէր, որ կուսակցութիւնը ղեկավարվում է մէկի կողմից, բայց մէկ ուրիշը դառնում է վարչապետ: Այսինքն՝ վարչապետը ենթակայ կը լինէր իր կուսակցութեան ղեկավարին, կունենայինք ստւերային իշխանութիւն: Անգելլա Մերկէլը որերորդ անգամ ընտրւում է Գերմանիայի կանցլեր, որովհետեւ իր կուսակցութիւնը կազմում է մեծամասնութիւն, բայց ինչո՞ւ Մերկէլի մասին նոյն բանը չենք ասում:

 

- Ինչպէ՞ս էք քւէարկելու Սերժ Սարգսեանի թեկնածութեան օգտին:

- Այդ հարցը մեզ համար գրեթէ լուծւած է, որովհետեւ մենք բանականութիւն ունենք, մենք հասկանում ենք, որ ՀՀԿ-ը պէտք է ներկայացնէր Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը, եթէ իր ղեկավարած կուսակցութիւնը ստացաւ ձայների 51 տոկոսն ու աւելին: Էթիկայի նորմերից ելնելով, յարգելով կուսակցութեանը՝ մենք սպասում ենք որոշմանը: Հաւանական է, որ այդ որոշման արդիւնքում որպէս վարչապետի թեկնածու ներկայացւի հէնց Սերժ Սարգսեանը, բայց մենք պարտաւոր ենք սպասել: Ձեւական մասն է մնացել: Մենք խնդիր չունենք, մենք այս տարիներին աշխատել ենք Սերժ Սարգսեանի հետ, խնդիր չկայ: Մեզ համար իդէալական թեկնածուն կը լինէր դաշնակցական թեկնածուն, բայց քանի որ նման հնարաւորութիւն չկայ, այդ մասին խօսելն աւելորդ է:

 

- Ասում էք, որ Ձեզ համար պարզ էր, որ ՀՀԿ-ի յաղթանակի դէպքում վարչապետի իրենց թեկնածուն կը լինի Սերժ Սարգսեանը: Բայց նա 2014թւականին յայտարարել էր, որ չի յաւակնում վարչապետի կամ նախագահի պաշտոօնին, եթէ Սահմանադրութիւնն ընդունւի։

- Նա խօսում էր իր յաւակնութիւնների մասին: Այդտեղ էլ տրամաբանական բան կայ: Եթէ ՀՀԿ-ը չցանկանայ, Սարգսեանի յաւակնութիւնն ո՞ւմ է պէտք: Խօսքը վերջիվերջոյ ՀՀԿ թեկնածուի մասին է: Իսկ Սերժ Սարգսեանն իր յաւակնութիւնների մասին էր խօսում, ոչ թէ իր կուսակցութեան:

 

- ՀՀԿ-ականները Սերժ Սարգսեանի վարչապետութիւնը պայմանաւորում են ազգային ու պետական շահերով, ասում են, որ նրան այլընտրանք չկայ:

- Ես չեմ կարծում, որ նրան այլընտրանք չկայ, բայց այն, որ Սերժ Սարգսեանը կարող է այդ գործն անել, հաւատում եմ: ՀՀԿ-ն իրաւունք ունի իր թեկնածուին գովել, մեծարել, բայց իրաւունք չունի ժողովրդին ասել, թէ այս ժողովուրդն աւելի լաւ մէկը չէր կարող ունենալ: Սերժ Սարգսեանը, ՀՀԿ-ի կարծիքով, լաւագոյն թեկնածուն է իրենց համար:

 

- Իսկ հանրութեան համար Սերժ Սարգսեանը լաւագո՞յն թեկնածուն է:

- Ընտրութիւններ են տեղի ունեցել, ժողովուրդը գնացել, քւէարկել է, քւէարկել է ՀՀԿ-ի օգտին ու քաջ գիտակցել է, որ ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսեանն է: Այստեղ խաբէութիւն տեղի չի ունեցել: Կա՛մ ընտրութեան արդիւնքներն ընդունում ենք, կա՛մ ոչ: Չենք վիճարկել ընտրութեան արդիւնքները, ուրեմն վերջացած է հարցը:

 

- Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանրութեանը կոչ է անում դուրս գալ փողոց եւ պայքարել Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ: Քանի՞ հոգի պէտք է տեսնէք փողոցում, որ ականջալուր լինէք նրանց տեսակէտին:

- Ցանկացած խմբի տեսակէտ պէտք է հաշւի առնել: Քանակը չէ, որ այդքան կարեւոր է: Կարեւոր է այլ հարց: Ես Նիկոլ Փաշինեանի ճիգն ու ջանքը բնական եմ համարում, դա արտառոց չէ, նա փորձում է ժողովրդին ակտիւացնել, փողոց դուրս բերել, բայց կայ հարցի նաեւ միւս կողմը: Եթէ ժողովուրդը չի ակտիւանում, փողոց դուրս չի գալիս, ուրեմն դա բան է նշանակում չէ՞: Ժողովուրդն զգում է հարցերի էութիւնը, լաւ հասկանում է երկրի դժւարութիւնները, տեսնում է այն ճիգը, որը գործադրւում է փոփոխութիւններ կատարելու համար, չի տեսնում կայացած որեւէ այլընտրանքային ուժ, որ կարողանայ փոխել այս ամէնը, եւ հէնց այս պատճառով է, որ փողոց դուրս չի գալիս: Բնական է, որ մի մասը դուրս կը գայ, բայց դա համընդհանուր չի լինի: Այն մասը, որը փողոց դուրս կը գայ, նրանց ձայնը լսելի պէտք է դառնայ, վերջապէս դա էլ է մեր ժողովուրդը: Հնարաւոր չէ, որ 21-րդ դարում մի երկրի մէջ այսքան փոփոխութիւն լինի ու փողոցը հանգիստ լինի, ուստի բնական է, որ ցոյցեր պէտք է լինեն, բողոքի արտայայտում պէտք է լինի:

 

- Բայց ձեր որոշման վրայ չի ազդի, այո՞:

- Այո՛, մեր որոշման վրայ չի ազդի: Մենք պահի ազդեցութեամբ չէ, որ որոշում ենք կայացրել, մենք մեր ռազմավարութիւնն ունենք:

 

- Պատգամաւոր Էդմոն Մարուքեանը երէկ առաջարկում էր ընդդիմութեանը որոշակի լծակներ տալ: ՀՅԴ-ն ընդդիմութիւն եղած ժամանակ բազմիցս խօսել է այս մասին, կողմնակից է եղել: Ի՞նչ կարծիք ունէք:

- Այսօր էլ ենք մենք կողմնակից, բայց ո՞ր լծակների մասին է խօսքը: Ընդդիմութեանը պէտք է տալ վերահսկման լծակներ, լծակներ, որտեղ ընդդիմութիւնն առաքելութիւն կունենայ՝ կը վերահսկի իշխող ուժին: Մենք վաղուց այս պահանջը ներկայացրել ենք՝ թէ՛ որպէս ընդդիմութիւն, թէ՛ որպէս իշխանութիւն, որովհետեւ մեզ համար չէ, որ ասել ենք: Ընդդիմութիւնը կը դադարի լինել ընդդիմութիւն, եթէ Գործադիրի մաս կազմի, բայց վերահսկման գործընթացին պէտք է մասնակից լինի:

 

- Ձեւաւորւելիք կառավարութեան մէջ ՀՅԴ-ի մանդատները փոխւելո՞ւ են: Կա՞ն քննարկումներ:

- Սկզբնական քննարկումներ կան: Մեծ փոփոխութիւններ չեն ակնկալւում:

 

- Չկա՞յ հաւակնութիւն ընդլայնելու ՀՅԴ-ին տրւած պորտֆելների թիւը:

- Մենք երբեք նման մօտեցում չենք ունեցել, չենք ասել՝ մենք այս կանենք, ի՞նչ կը տաք մեզ: Նոյնիսկ կամաչենք, եթէ այդպէս մտածենք: Բնական է, որ եթէ գործին մասնակցում ես, ուրեմն պէտք է իրական պատասխանատւութիւն էլ կրես: Այս առումով է, որ մենք պարտականութիւններ ենք ստանձնել: Դա մեզ պէտք է պետական համակարգը ներսից ճանաչելու, խորքից իմանալու, դժւարութիւնների մասին ամբողջական պատկեր կազմելու համար: Դա քաղաքական, պետական գործ է, կուսակցութեանը տրւող առաւելութիւն չէ: Ամէն ինչ պայմանաւորւած է նաեւ կադրերով, յաջող կադրերով: Եթէ չունենանք յաջող կադրեր, ամենալաւ բանն էլ մեզ հրամցնեն՝ պէտք է հրաժարւենք դրանից, որովհետեւ մեր նպատակն այն չէ, որ մի մարդ ունենանք այնտեղ: Պէտք է ունենանք մէկը, ով իրապէս լաւ կը կատարի այս գործը: Գուցէ որոշները համարեն, որ չափազանցնում եմ, բայց ո՛չ, մենք շահ չունենք, որ այսինչ դաշնակցականը լինի նախարար կամ մարզպետ:

 

- Երրորդ փոխվարչապետի պաշտօնը ՀՅԴ-ին տալու հարցը չի՞ քննարկւել:

- Չենք քննարկել, նման թեմա չկայ:

Յարակից լուրեր