Հա

Ազգային

07/04/2018 - 12:40

Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. Կեղծ երկընտրանք

Թուրքիայի ներխուժումը Սիրիա խաղաղութեան տէրպետրոսեանական կոնցեպցիայի ջատագովներին լուրջ մտորումների տեղիք պէտք է տար: Մինչդեռ նրանք այսօր էլ մտմտում են ԼՂ հարցի կարգաւորման թուրք-ադրբեջանական առաջարկների շուրջ, այն է` ազատագրւած տարածքների վերադարձ եւ դրան որպէս փոխզիջում` ԼՂ ստատուս-քւոյի երեւակայական փոփոխութիւն եւ խաղաղութեան հաստատում:

Թուրքիայի ներխուժումը Սիրիա խաղաղութեան տէրպետրոսեանական կոնցեպցիայի ջատագովներին լուրջ մտորումների տեղիք պէտք է տար: Մինչդեռ նրանք այսօր էլ մտմտում են ԼՂ հարցի կարգաւորման թուրք-ադրբեջանական առաջարկների շուրջ, այն է` ազատագրւած տարածքների վերադարձ եւ դրան որպէս փոխզիջում` ԼՂ ստատուս-քւոյի երեւակայական փոփոխութիւն եւ խաղաղութեան հաստատում: Թուրքիայի ներխուժումը ՄԱԿ անդամ պետութեան տարածք, Էրդողանի յայտարարութիւնը, թէ Թուրքիան վերադարձնում է իր պատմական տարածքները, ինչպէս նաեւ Երեւանի մասին Բաքւից հնչող զառանցանքները ի զօրու չեն, փաստօրէն, խելքի բերել տէրպետրոսեանական կոնցեպցիայի ջատագովներին:

Սրանք նոյն համառութեամբ պնդում են, որ Արցախի Հանրապետութեան ներկայ ստատուս-քւօն պահելն անհնարին է, յղի է վտանգներով, ինչպէս նաեւ աննպատակայարմար` Հայաստանի զարգացման տեսանկիւնից: Պատերազմի եւ խաղաղութեան միջեւ կեղծ երկընտրանքի մասին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը խօսել է երկու անգամ: Ասում ենք կեղծ երկընտրանք, որովհետեւ առնւազն հայերիս դէպքում նման երկընտրանք գոյութիւն չունի, որովհետեւ մենք այն վիճակում չենք, որ խաղաղութեան եւ պատերազմի միջեւ մտածւած ընտրենք պատերազմը: Մեր ընտրութիւնը խաղաղութիւնն է եղել 1988-ին եւ այսօր էլ խաղաղութիւնն է: Հետեւաբար Տէր-Պետրոսեանի` ինչպէս «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը» հանրայայտ յօդւածը, այնպէս էլ 2017թ. խորհրդարանական ընտրութիւններում ՀԱԿ-ի քարոզարշաւի հիմքում դրւած նոյն զիջողական կոնցեպցիան, ըստ որի` պէտք էր ընդունել ԼՂ հարցի կարգաւորման բանակցային սեղանին եղած առաջարկները, եւ այդկերպ ընտրութիւն կատարել յօգուտ խաղաղութեան, մեղմ ասած, այնքան էլ լաւ ծառայութիւն չեն մատուցում մեր ժողովրդին ու պետութեանը: Շեշտը դնել ապրիլեան պատերազմի վրայ եւ յայտարարել, թէ տեսա՞ք, բա որ ասում էինք, այլ բան չէ, քան չարախնդութիւն, որ, ինչ-որ տեղ, յատուկ է պարտւած եւ քաղաքականութիւնից հեռացող ուժերին: Պարզապէս արձանագրենք` Տէր-Պետրոսեանը թէ իր հանրայայտ յօդւածից եւ թէ 2017 թ. խորհրդարանական ընտրութիւններից յետոյ քաշւեց քաղաքական յետնաբեմ:

Թուրքիայի ներխուժումը Սիրիա Տէր-Պետրոսեանին, ամենայն հաւանականութեամբ, կը ստիպի լրջօրէն խորհել խաղաղութեան միջազգային օրէնքների մասին, որոնց գոյութեանն ու անխախտ կիրառութեանը, ով գիտի, հաւատում էր մինչ օրս: Ապրիլեան պատերազմի երկրորդ տարելիցը լաւ առիթ է դարձել որոշ լրատւամիջոցների համար` իրենց էջերը պատերազմի եւ խաղաղութեան միջեւ կեղծ երկընտրանքի մասին լայնածաւալ յօդւածներով լցնելու համար: Սպասելի էր, անշուշտ, որ դրանց հեղինակները պէտք է յիշէին տէրպետրոսեանական կոնցեպցիաներով գծւած նահանջի ճանապարհները եւ, փոխանակ տեսնելու Արցախի Հանրապետութեան 30-ամեայ դէ ֆակտօ անկախութիւնը, պնդէին ստատուս քւոյի պահպանման անհեռանկարայնութեան փոչ, ոչնչով չհիմնավորված իրենց տեսակետը: Մօտեցումն էլ սա է` Արցախի խնդրի պատճառով Հայաստանը շրջափակւած է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ինչը մեզ թոյլ չի տալիս զարգանալ: Սրան աւելացնում են նաեւ Տէր-Պետրոսեանից յետոյ կոռումպացւած իշխանութիւնների վարած քաղաքականութիւնն ու ամէն ինչ տեղը գցում` յայտարարելով, որ մոլորութիւն է ստատուս քւոյի պահպանումը, որովհետեւ «այն, ըստ էութեան, ոչ թէ մտածւած համակարգային քաղաքականութիւն է, որը միտւած է Հայաստանում` քաղաքական եւ տնտեսական համակարգային բարեփոխումների միջոցով նոր որակի պետութեան կայացմանը, այլ, ըստ էութեան, դիւանագիտական բլեֆ, որի հիմքում այն հաշւարկն է, որ միջազգային, ռեգիոնալ համատեքստը այս պահին հնարաւոր չեն դարձնում կոնսենսուս ԼՂ խնդրում»:

Աչք փակելով այս ողջ յերիւրանքի վրայ` երկու բառ ասենք «կոնսենսուս ԼՂՀ խնդրում» արտայայտութեան մասին, որովհետեւ հաւկուրութեամբ տառապող մեր «խաղաղասէրները» հէնց այդ կոնսենսուսի մէջ են տեսնում հարցի կարգաւորումը: Թւում է` իսկապէս վատ բան չկայ, ի՞նչ է պատահել, բոլորը գալիս են կոնսենսուսի, եւ Արցախի հարցը լուծւում է: Բայց սա կատարեալ երազախաբութիւն է, չի կարող նման բան լինել: Կարո՞ղ էք մատնանշել մեր օրերի որեւէ հակամարտութիւն, որ կարգաւորւել է կոնսենսուսի շնորհիւ: Աւելին ասեմ, մատնանշեք որեւէ հակամարտութիւն, որ երբեւէ կարգաւորւել է կոնսենսուսով եւ այսօր գոյութիւն չունի: Թւում էր` Ղրիմը Ուկրայինա է եւ վերջ: Պարզւեց` այդքան էլ այդպէս չէ: Թւում էր` Աբխազիան ու Հարաւային Օսիան Վրաստան են, Կուրիլները Ռուսաստան են, Վարշաւայի պակտի երկրները մէկ բլոկ են, Կոսովոն Սերբիա է, ԿԺԴՀ-ն հրէշ է, Կիպրոսը յոյներինն է, վերջապէս ապուշներ էլ կային, որ մտածում էին, որ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ: Պարզւում է` ոչինչ էլ այնպէս չէ, ինչպէս թւում է: Փոխարէնը աշխարհում ամէն ինչ այնպիսին է, ինչպիսին կայ դէ ֆակտօ` գործող ստոատուս քւոյով: Թէ ինչ կը կատարւի յետոյ, դա արդէն ժամանակը ցոյց կը տայ, բայց մի բան յստակ է, որ եթէ զիջում ես այսօր, տալիս ես քեզ ձեռնտու ստատուս-քւօն, ոչինչ չես կարող ձեռք բերել ապագայում: Խօսքը փոխզիջումների մասին չէ, որոնցից պէտք է միայն հրաժարւել: Խօսքն այն մասին է, որ փոխզիջման ենթակայ չէ բուն խնդիրը, որի արդիւնքում այսօր կայ Արցախի Հանրապետութիւնը:

«Հայդատականութիւնը կամ պահանջատիրութիւնը քաղաքական ծրագիր չէ, հիմնւած է էմոցիաների, պատմական արդարութեան վերականգնման անհրաժեշտութեան, կենցաղային հայրենասիրութեան, նոյնիսկ ատելութեան վրայ»: Սա ասում է Տէր-Պետրոսեանի «խաղաղութեան կոնցեպցիան» քաղաքական ծրագիր համարող վերլուծաբանը, որ նաեւ պնդում է, թէ, «Ոչ մի թիզ հող» հաւաքական պայմանական անունով հանդէս եկող գործիչները ընդդիմանում են փոխզիջման որեւէ հեռանկարի: Բայց եկէք հարցին նայենք այն տեսանկիւնից, որ այսօր ոչ մի երկիր միւսին հէնց այնպէս «մի թիզ հող» չի զիջում: Իսկ ինչ վերաբերւում է Արցախին եւ ազատագրւած տարածքներին, ապա դրանք երբեք չեն եղել Ադրբեջանի անկախ հանրապետութեան տիրապետութեան տակ: Հիմա մենք ի՞նչ պէտք է անենք` վերադարձնե՞նք Խորհրդային Ադրբեջանին կցմցած տարածքները: Ո՞վ դրա համար կը համբուրի մեր ճակատը եւ ի՞նչ երաշխիք կը տայ, որ ազատագրւած տարածքներն Ադրբեջանին նւիրաբերելուց յետոյ Ղարաբաղի հարցը կը լուծւի: Երբ չունեք Արցախի հարցի կարգաւորման սեփական ծրագիր, որի շուրջ, ձեր պատկերացմամբ, հնարաւոր է այնպիսի կոնսենսուս ձեւաւորել, որի հետ համաձայն կը լինի նաեւ հայ ժողովուրդը, ապա մնացած ամէն ինչ, այդ թւում եւ տէրպետրոսեանական «խաղաղութեան կոնցեպցիան», պէտք է նետւի աղբարկղ եւ այլեւս որեւէ հարթակում չդառնայ քննութեան առարկայ: Հակառակ պարագայում մենք կը վտանգենք ամէն ինչ, այդ թւում եւ Հայ Դատն ու պահանջատիրութիւնը, որը սխալմամբ համարում էք էմոցիաների, պատմական արդարութեան վերականգնման անհրաժեշտութեան, կենցաղային հայրենասիրութեան եւ նոյնիսկ ատելութեան վրայ հիմնւած մի բան: Մեծագոյն մոլորութիւն է «հայադատականներին ու պահանջատէրներին» Տէր-Պետրոսեանի խաղաղութեան կոնցեպցիայի ընդդիմութիւն համարելը: Աւելի ճիշտ կը լինէր հակառակը պնդել, թէեւ Լեւոն Տէր-Պետրոսեանը ժամանակի քննութիւն չբռնած իր տեսակէտներով երբեք չի հասել պահանջատիրութեան ընդդիմախօսի աստիճանին: Չի էլ հասնի, որովհետեւ առանց պահանջատիրութեան նոյնիսկ փոխզիջումների մասին խօսակցութիւններն են անիմաստ: Եթէ պահանջատէր չես, ուրեմն նաեւ խնդիր չունես, իսկ եթէ խնդիր չունես, ուրեմն դու աշխարհում քաղաքական առումով սուբիեկտ չես: Սրա շուրջ պէտք է խորհել:

Այո, 2016-ի ապրիլեան պատերազմը ցոյց տւեց, որ ստատուս-քւօն կարող է խախտւել ցանկացած պահի. զսպող հանգամանքներ չեն անգամ միջնորդներն ու միջազգային երաշխիքները: Բայց ապրիլեան պատերազմը նաեւ ցոյց տւեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան (իսկ նրանք միասին էին գործում այդ պատերազմում) դէմ չեն կուլ տալու Արցախը: Նրանք, «իրենց հողերը» չազատագրած, արդէն սպառնում էին Ստեփանակերտին: Ի՞նչ փոխզիջման մասին է խօսքն, առհասարակ: Նոյն կերպ Ալիեւը Երեւանը գրաւելու մասին է խօսում: Եւ գիտէ՞ք ինչն է հետաքրքիր. եթէ Ալիեւին յաջողւի հասնել Սեւան եւ նոր ստատուս-քւօ ձեւաւորել, յանկարծ կարող են հայդատականութիւնն ու պահանջատիրութիւնը մերժող տէրպետրոսեանական կոնցեպցիայի ջատագովներ ի յայտ գալ եւ խորհուրդ տալ Սեւանը հայկական ու ադրբեջանական ազդեցութեան գօտիների բաժանել, «փոխզիջել»` ամբողջը չկորցնելու համար: Վաղը Սիրիայում մի ուժ կը բերեն իշխանութեան, որն ըմբռնումով կը մօտենայ թուրքական ներխուժմանն ու Թուրքիայի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը: Եւ պատկերացրէք, Սիրիային չեն օգնի ոչ «զսպող» հանգամանքները, ոչ էլ միջազգային միջնորդները, որոնք տեղում են եղել թէ Կիպրոսի հիւսիսային մասի օկուպացման, թէ Ղրիմի անեքսիայի, թէ ռուս-վրացական պատերազմի, թէ Սերբիայից Կոսովոն պոկելու եւ թէ բազմաթիւ այլ հակամարտութիւնների ժամանակ:

«Ոչ թէ Հայաստանի պոտենցիալն է ամրապնդւում ԼՂ խնդրում աւելի ուժեղ դիրքերից բանակցելու համար, այլ ԼՂ խնդիրն է շահարկւում անորակ կառավարումը, կոռուպցիան, ընտրակեղծարարութիւնը մօտիւացնելու համար»,- իմ կարծիքով` սա մեր անկախութեան 30-ամեայ տարածութեան մէջ ճիշտ դիտարկում է, սակայն այս դէպքում էլ հասկանալի չէ, թէ ինչպէ՞ս կարելի է հայրենի «կոռումպացւած եւ ընտրակեղծարար» իշխանութիւններին կոչ անել` յանձնել ազատագրւած տարածքները, միայն թէ Ադրբեջանը նոր պատերազմ չսկսի: Եւ սրա անունը դնում են պատերազմի եւ խաղաղութեան միջեւ երկընտրանքի կոնցեպցիա: Շատ գեղեցիկ կոնցեպցիա է, մանաւանդ եթէ հաշւի առնենք, որ Ադրբեջանի իշխանութիւնները, հասկանում ես, ոչ կոռումպացւած են, ոչ էլ ընտրակեղծարար:

ՀԵՂԻՆԱԿ՝ ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

«Հրապարակ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։