Հա

Ազգային

12/04/2018

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոնգրեսականներին կոչ է արել նախագահ Թրամփին յորդորել՝ յաւուր պատշաճի յիշատակելու Հայոց Ցեղասպանութիւնը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով աջակցութեան խումբը Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին կոչ է արել միանալ իրենց արշաւին եւ յորդորել նախագահ Դոնալդ Թրամփին՝ անտեսելու Թուրքիայի ճնշումներն ու ապրիլի 24-ին ազնւօրէն եւ յաւուր պատշաճի յիշատակելու Հայոց Ցեղասպանութիւնը: 

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով աջակցութեան խումբը Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին կոչ է արել միանալ իրենց արշաւին եւ յորդորել նախագահ Դոնալդ Թրամփին՝ անտեսելու Թուրքիայի ճնշումներն ու ապրիլի 24-ին ազնւօրէն եւ յաւուր պատշաճի յիշատակելու Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը:

«Էրդողանը վնասում է ԱՄՆ շահերին՝ վիրաւորելով ԱՄՆ դաշնակիցներին եւ սպառնալով ամերիկեան ուժերին, եւ չնայած այդ ամէնին՝ նրան իրաւունք է տրւում վետօ սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ Հայոց Ցեղասպանութեան շուրջ քաղաքականութեան հարցում»,- ասել է Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

Կոնգրեսի հայկական հարցերով աջակցութեան խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնէն, Ջեքի Սփիըրը, Դէյւիդ Թրոթը եւ Դէյւիդ Վալադոն, ինչպէս նաեւ փոխնախագահներ Գաս Բիլիրակիսը եւ Ադամ Շիֆը կոնգրեսականներին ուղղւած նամակում ընդգծել են.

«Հայոց Ցեղասպանութիւնը շարունակում է կարեւոր յիշեցում լինել առ այն, որ մարդկութեան դէմ յանցագործութիւնները չպէտք է առանց ճանաչման եւ անպատիժ մնան»:

Դոնալդ Թրամփին ուղղւած նամակում նրանք կոչ են արել «յաւուր պատշաճի ապրիլի 24-ը նշել որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր»:

«Հայաստանը շարունակում է հաւատարիմ մնալ բարեկամական կապերի ընդլայնմանը, որոնք երկար ժամանակ միաւորել են ամերիկացի եւ հայ ժողովուրդներին: Մեր համատեղ պատմութեան ամենահպարտ էջերից է Ամերիկայի նշանակալից դիմագրաւումը Ցեղասպանութեանը եւ յանցագործութիւնից փրկւածների մասին հոգ տանելը: 1915-ին Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն օգնել է վաւերագրել հայ ժողովրդի դաժան կոտորածը, որն իրագործւել է զանգւածային սպանութիւնների եւ բռնի տեղահանման միջոցով:

Ոգեկոչելով Ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ կրկնապատկելով մեր ջանքերը ցեղասպանութիւնները կանխելու գործում՝ կոչ ենք անում ապրիլի 24-ը նշել որպէս Հայոց Ցեղասպանութեան ամերիկեան յիշատակի օր»,- ասւում է Թրամփին ուղղւած նամակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։