Հա

Ազգային

16/04/2018 - 14:05

Արմէն Ռուստամեան. «Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ պայքարողներն առաջնորդւում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով»

ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը նշեց, որ հեշտութեամբ է հասել աշխատավայր, թէեւ Երեւանի փողոցներում երթեւեկութեան կաթւածահար է եղած: 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը նշեց, որ հեշտութեամբ է հասել աշխատավայր, թէեւ Երեւանի փողոցներում երթեւեկութեան կաթւածահար է եղած: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Այն, ինչ կատարւում է, ես առիթ ունեցել եմ գնահատելու: Ընդդիմութիւնը միշտ պիտի փորձի աշխատել օրէնքի շրջանակներում, եթէ օրէնքից դուրս է գալիս, իշխանութեանը թոյլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թոյլատրւում է»,- ասաց նա:

Ռուստամեանը նաեւ ընդգծեց, որ իշխանութիւնները կարձագանգեն ըստ անհրաժեշտութեան,եւ կոչ արեց ոստիկանութեանը` զուսպ լինել։

«Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, դրանք, ի վերջոյ, բացւել են: Հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողութիւններ են, որոնք յանգեցնելու են համապատասխան արձագանգի իշխանութեան կողմից»,- նշեց պատգամաւորը:

Նրա խօսքով՝ որեւէ երկրում նման գործողութիւնները օրինական չեն համարւում: «Որեւէ տեղ տեսե՞լ էք, որ կարելի է մտնել` ռադիոյի շէնք գրաւել, գլխաւոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թոյլատրւած, ոչ մի կոնւենցիայով նման բան թոյլատրւած չէ»,- ասաց Ռուստամեանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ պայքարողներն առաջնորդւում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, ինչը միշտ վատ հետեւանքների է բերում:

Նա քիչ հաւանական համարեց, որ խորհրդարանի վաղւայ նիստը, որի ընթացքում պիտի քննարկւի վարչապետի թեկնածուի հարցը, արտագնայ լինի:

«Դա պիտի Ազգային ժողովի որոշմամբ տեղի ունենայ, եւ ես այդպիսի որոշման նախագծից տեղեակ չեմ, դրա համար Ազգային ժողովը պէտք է հաւաքւի, որ որոշում կայացնի: Չեմ կարծում, որ տեղը կը փոխւի, Ազգային ժողովն իր տեղում է, ոչինչ չի կարող խոչընդոտել այդ նիստի գումարմանը»,- ասաց Ռուստամեանը:

Յիշեցնենք, որ Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ պայքարի մասնակիցները յայտարարել են, որ վաղը շրջափակելու են խորհրդարանի շէնքը եւ թոյլ չեն տալու պատգամաւորներին` գնալ քւէարկութեան:

«Գրեթէ անհնար եմ համարում, որ վաղւայ նիստը տեղի չունենայ, տեղի է ունենալու` մեր մասնակցութեամբ: Կը գայ ժամանակը, կը տեսնեք` այն քայլերը, որոնք ուղղւած են հակաօրինական բան պահանջելուն, այդ պահանջողներն են յայտնւում խոցելի վիճակում: Եթէ այդպէս էր, թող Ազգային ժողովը շրջափակէին առաջին նիստի օրը: Ազգային ժողովը եթէ լեգիտիմ է, պատգամաւորներն էլ պիտի իրենց իրաւունքը կատարեն»,- ասաց նա:

Դիտարկմանը` ժողովուրդը պահանջում է, որ մանդատները վայր դնեն, Արմէն Ռուստամեանն արձագանգեց` 3 հոգի հաւաքւում են, ասում են՝ ժողովուրդ: «Այս բառը հերիք է` շատ հեշտ ու հանգիստ օգտագործեն: Ամէն մէկն իր կամքը դնում է ժողովրդի վրայ ու պահանջում, որ իմ կամքն ընդունեն` որպէս ժողովրդի ասած: Եթէ այդպիսի մարդիկ գան իշխանութեան, աւելի վտանգաւոր կը լինի, քանի որ նրանք արդէն ուզուրպացնում են իշխանութիւնը: Այդ ո՞նց որոշեցիք, որ ժողովուրդը իշխանութիւնը տւել է ձեզ»,- ասաց պատգամաւորը:

Հարցին` եթէ, այնուամենայնիւ, շրջափակեն ԱԺ շէնքը, ի՞նչ է անելու, պատասխանեց. «Ես ամէն ինչ անելու եմ, որպէսզի խոչընդոտները յաղթահարեմ: Եթէ իմ դէմ դուրս գան անօրինական մեթոդներով, ես ունեմ իմ օրինական իրաւունքները, որոնք պիտի պաշտպանեմ: Դա պիտի անի, իհարկէ, ոստիկանութիւնը: Եթէ, օրինակ, մէկը գայ, փողոցում ձեզ ապտակի, ի՞նչ պիտի անէք: Ես ենթադրում եմ, որ առնւազն կապտակեմ, ու կը ստացւի` ե՞ս եմ ապտակել, ո՛չ, նա է ապտակել, պատասխանը ստացել է` ապտակին՝ ապտակ, բռունցքին՝ բռունցք: Բա ես պիտի սուս կանգնե՞մ, ինձ գան, քաշքշե՞ն, ասեն՝ մի՛ մտի՞: Ես կը գտնեմ իմ արձագանքը»:

Հարցին՝ անկախ նրանից, թէ ո՞վ կը լինի կանգնած իր դիմաց, նոյնիսկ` պատգամաւո՞ր, Ռուստամեանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի՝ ով է դիմացս, դա իմ իրաւունքն է, ձեր իրաւունքն էլ է: Ձեզ էլ եմ կոչ անում՝ թոյլ մի՛ տւէք, որ որեւէ մէկը ձեզ հանիրաւի վիրաւորի»:

Նա նաեւ յաւելեց, որ ԱԺ-ում ենք յատուկ նիստը գումարելու, որովհետեւ, ի վերջոյ, վարչապետը ծնւում է ԱԺ-ից, որեւէ խափանում ես չեմ տեսնում հաւանական վաղւայ հետ կապւած: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելուն, ապա պատգամաւորն ասաց, որ դա գաղտնի չի արւել, արդէն իսկ աւելի վաղ յայտարարւել էր, որ գործադիր մարմինը խորհրդին առաջադրելու էր Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։