Հա

Ազգային

08/05/2018

Մուրադ Փափազեան. «Սփիւռքը պէտք է շարունակի նպաստել Հայաստանի հզօրացմանը»

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները թէ միջազգային մամուլում, թէ քաղաքական, փորձագիտական դաշտում ներկայացւեցին դրական լոյսի ներքոյ: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը նշեց, որ դա մեծ ազդեցութիւն կունենայ Հայաստանի վարկանիշի վրայ:

«alikonline.ir» - Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները թէ միջազգային մամուլում, թէ քաղաքական, փորձագիտական դաշտում ներկայացւեցին դրական լոյսի ներքոյ: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը նշեց, որ դա մեծ ազդեցութիւն կունենայ Հայաստանի վարկանիշի վրայ:

 

- Պարոն Փափազեան, այս օրերին Սփիւռքը եւս հետեւում էր հայաստանեան զարգացումներին: Դուք, որպէս Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ, կը խնդրեմ ներկայացնել Հայաստանի իրադարձութիւնների վերաբերեալ ձեր գնահատականը:

- Նախ պէտք է գնահատել Հայաստանի ժողովրդի յաջողութիւնը: Յեղափոխութիւնը տեղի ունեցաւ խաղաղ մթնոլորտում, եւ պէտք է գնահատել թէ ցուցարարների, թէ ոստիկանների պահւածքը: Բոլոր կողմերում ընդհանուր հասկացողութիւն կար, որ տեղի ունեցող զարգացումը խաղաղ մթնոլորտում պէտք է իրականացւի: Մենք ուշադրութեամբ հետեւում էինք զարգացումներին: Պէտք է ասեմ, որ մենք տարբեր առիթներով բազմիցս ենք ասել, որ փոփոխութիւններ են անհրաժեշտ, եւ համոզւած էինք, որ դրանք համակարգի ներսից կարող են արւել: Թերեւս դա էր պատճառը, որ Դաշնակցութիւնը կոալիցիա կազմեց: Բայց մենք այս օրերին տեսանք, որ հնարաւոր եղաւ փոփոխութիւն անել նաեւ դրսից: Այս փուլում պէտք է շարժման յաջողութիւնն արձանագրել, սակայն պէտք է հասկանալ, որ գործընթացը չի աւարտում: Շարունակութիւնը պէտք է փաստի, որ այս ժողովուրդը փոփոխութեան իրաւունք ունի: Հիմա ամենադժւար շրջանն է սկսւում:

 

- Սփիւռքը բոլոր տարիներին եղել է Հայաստանի կողքին, մշտապէս տարբեր ձեւաչափով աջակցութիւն է ցուցաբերել: Նոր քաղաքական իրողութիւնների պայմաններում, նոր իշխանութեան դէպքում Սփիւռքի աջակցութիւնն ինչպէ՞ս էք պատկերացնում, ո՞ր ուղղութիւններով պէտք է այն լինի:

- Բոլորս մի սկզբունք պէտք է ունենանք, այն է՝ Հայաստանը պետութիւն է եւ պէտք է կանգնենք պետութեան կողքին: Կարող են կառավարութիւնները փոխւել, սակայն պետութիւնը պէտք է մնայ: Եւ Սփիւռքը պէտք է պետութեան հետ ունենայ կառուցողական, գործնական յարաբերութիւններ: Հետեւաբար` նոր քաղաքական իրողութիւնների պայմաններում Սփիւռքը պէտք է շարունակի նպաստել Հայաստանի հզօրացմանը, ամրապնդի միջնորդութիւնը Հայաստանի եւ այլ երկրների հետ: Ես Ֆրանսիայի օրինակով ասեմ, տեղի հայ համայնքը լուրջ դեր խաղաց, որ Ֆրանսիան համակրանք ունենայ Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ: Հայաստանի յաջողութիւնն այն է, որ ունի կազմակերպւած եւ զօրաւոր Սփիւռք: Այն ապրում է Հայաստանով, Հայաստանի ապահովութեամբ եւ յաջողութեամբ, սա է մեր նպատակը: Սփիւռքի դերն այն է, որ դրսից զորացնի Հայաստանը: Գիտէք որ Հայաստանը դրսից բաւական վտանգներ ունի, հետեւաբար Սփիւռքն իր կապերով պէտք է ամրապնդի Հայաստանի դիրքերը: Հայաստանն էլ պէտք է հասկանայ, որ Սփիւռքն էլ զորակցութեան կարիք ունի:

 

- Պարզապէս այս օրերին նշւում է, որ եթէ նոր իշխանութիւն լինի, ու նոր կառավարութեանը յաջողւի այնպէս անել, որ տնտեսական դաշտը բարելաււի, ապա Սփիւռքից ներդրումների հոսք կը լինի: Ի՞նչ կասէք այդ մասին:

- Իհարկէ, եթէ իրաւական ապահովութիւն լինի, ներդրումները քաջալերւեն, Սփիւռքի համար յստակ լինի, թէ Հայաստանն ուր է գնում, ինչ գաղափարախօսութեամբ է առաջ շարժւում, անշուշտ ներդրումներ կը լինեն: Նոր իշխանութիւնները պէտք է արագ ներկայացնեն ուղղութիւնը, թե ուր են ուզում գնալ, ում հետ, ինչ մթնոլորտում: Յոյս կայ, որ Հայաստանում լուրջ փոփոխութիւններ կարող են լինել, սակայն կայ մտահոգութիւն, չգիտենք թէ Նիկոլ Փաշինեանը որ ուղղութեամբ է ուզում գնալ, ինչ ծրագրով: Բոլորն էլ ուզում են իմանալ, թէ որն է նոր իշխանութեան ծրագիրը սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական ուղղութիւններով: Հիմա նորմալ է, որ այդ ամէնին վերաբերող հարցերի պատասխանները չկան, սակայն կարծում եմ, որ առաջիկայում կարճ ժամկէտում պէտք է ներկայացւի ծրագիրը:

Լաւ կը լինի, որ խորհրդարանական ուժերի հետ համաձայնեցւած կառավարութիւն ձեւաւորւի, բոլորով այդ կառավարութեան ծրագրի մշակման գործում ներգրաււեն: Այսինքն՝ միասնականօրէն կառավարւի երկիրը, եւ միասնականօրէն Սփիւռքը հաւաքւի Հայաստանի շուրջ:

 

- Շատ խօսւեց թէ միջազգային մամուլում, թէ փորձագիտական, քաղաքական դաշտում հայաստանեան իրադարձութիունների արձագանգի մասին: Արդեօ՞ք հետեւել էք, ինչպէ՞ս կը գնահատէք:

- Հայաստանը ներկայացւում էր շատ դրական ձեւով: Միջազգային հանրութիւնը տեսաւ, որ Հայաստանում յեղափոխութիւնը կատարւեց խաղաղ մթնոլորտում: Այն շատ տարբեր է արաբական գարուններից եւ այլ երկրների իրադարձութիւններից: Սա շատ կարեւոր է, փաստն այն է, որ տեղի ունեցաւ կրթւած յեղափոխութիւն: Կար խանդավառութիւն, խօսւում էր այն մասին, որ օրինակելի յեղափոխութիւն է: Ամէն դէպքում այն կարծիքին եմ, որ պէտք է տեղեկութիւն տալ այն մասին, թէ Հայաստանն ինչ ուղղութեամբ է առաջ գնալու: Տարբեր երկրների կառավարութիւնները սպասում են:

 

- Պարոն Փափազեան, Ֆրանսիայի հայ համայնքի օրակարգում առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

- Ինչպէս գիտէք, առաջին տարին է, որ Էմանուէլ Մակրոնը նախագահ դարձաւ, մենք ձեռնամուխ ենք եղել նոր յարաբերութիւնների մշակմանը: Այսօր կարող եմ ասել, որ հայ համայնքի եւ իշխանութիւնների միջեւ բարձր մակարդակի յարաբերութիւններ կան: Ինչպէս գիտէք, նախագահը խոստացաւ, որ Ցեղասպանութեան օրը կը ներառւի հանրապետութեան պաշտօնական օրացոյցում, դրանից բացի, Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութեան օրինագիծը նորից կը քննւի: Մենք շեշտը դրեցինք նաեւ ղարաբաղեան հարցի, Էրդողանի ռեժիմի վարած քաղաքականութեան վրայ:

Բաւական լաւատես ենք, մեր պահանջները լսելի դարձրեցինք, դրանք արագ ընդունւեցին, իշխանութիւնների կողմից կարեւորւեցին: Առաջիկայում ունենք երկու կարեւոր իրադարձութիւն՝ Առաջին Հանրապետութեան 100-ամեակը, Հայաստանում անցկացւող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որոնց շրջանակում սպասւում է Ֆրանսիայից բարձրաստիճան պաշտօնեաների այց Հայաստան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։