Հա

Ազգային

09/05/2018

Պարտաւոր ենք բոլորին յիշել՝ անուն առ անուն

Մայիսի 8-ին մի խումբ դաշնակցականներ այցելեցին Եռաբլուր՝ յարգանքի տուրք մատուցելու Շուշիի ազատագրման համար իրենց կեանքով վճարած տղաների շիրիմներին:

«alikonline.ir» - Մայիսի 8-ին մի խումբ դաշնակցականներ այցելեցին Եռաբլուր՝ յարգանքի տուրք մատուցելու Շուշիի ազատագրման համար իրենց կեանքով վճարած տղաների շիրիմներին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Արցախի ազատամարտի առաջին իսկ օրերին Լիբանանից Հայաստան ժամանած ու Շուշիի ազատագրման օրն էլ զոհւած ՀՅԴ-ական Վիգէն Զաքարեանի մասին խօսելով՝ Արցախեան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ Թաթուլ Յարութիւնեանը յիշեց, թէ ինչ էր ասել Վիգէնի հայրը, երբ տղայի մահւան քառասունքի օրն այցելել էին Եռաբլուր: «Վիգէնը մինուճար տղայ էր, ու երբ քառասունքի օրն այստեղ եկանք, հայրը հետաքրքիր մի բան ասաց. «1969-ին զաւակ ունեցայ, որպէսզի տամ հայրենիքիս»: Սա շատ կարեւոր է, որպէսզի հասկանանք այն անձնազոհութիւնը, այն նւիրումը, որ ունեցել են մեր սփիւռքահայ ընկերները: Սա իսկապէս մատաղի պէս մի բան էր՝ որդի են ունեցել հայրենիքի համար: Առաջին իսկ առիթի դէպքում, իսկ այդ առիթն Արցախեան պատերազմն էր, իրենց որդուն ուղղակի նւիրաբերել են հայրենիքին»,- ասաց Յարութիւնեանը:

Նա նշեց նաեւ, որ Վիգէնը ծնողներից ու ընկերներից ծածուկ էր եկել` Արցախեան ազատամարտին մասնակցելու, եւ Երեւանում ոչ մի օր չէր մնացել: «Վիգէնն ասում էր՝ սա չտեսայ, այն չտեսայ. օդանաւակայանից յետոյ ուղղաթիռով ուղիղ Արցախ էր եկել: Ուզում եմ յիշենք նման տղաներին, ովքեր, գնդակ անգամ չարձակելով, արդէն իսկ հերոս են: Նրանք թողեցին իրենց հանգիստ կեանքը, եկան` օգնելու իրենց եղբայրներին ու քոյրերին: Իսկ այն, որ այսօր այստեղ՝ Եռաբլուրում, դուք՝ երիտասարդներդ, մեր կողքին կանգնած էք, սա նշանակում է, որ այս մարդկանց յիշատակը միշտ վառ է մնալու»,- ասաց Յարութիւնեանը:

Արցախեան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ Իգոր Սարգսեանի խօսքով՝ մայիսի 8-ն ուրախալի, բայց, միեւնոյն ժամանակ, նաեւ տխուր օր է: Ըստ նրա՝ ուրախալի է, քանի որ փորձեցինք տարիներ յետոյ ազատագրել Շուշին, իսկ տխուր է, քանի որ ընկերներ կորցրեցին: «Մենք կորցրեցինք Վիգէն Զաքարեանին՝ ընկերոջ, որն իր հանգիստ, խաղաղ կեանքը Լիբանանում թողել ու եկել էր հայրենիքի պաշտպանութեան համար պայքարելու: Արդէն 26 տարի է՝ այցելում ենք Եռաբլուր, ծաղիկներ խոնարհում, կանգնում լուռ ու մտածում կեանքի մասին, արածի ու անելիքների մասին, մտածում ենք՝ մեր պայքարն իմաստ ունէ՞ր, թէ՞ ոչ: Այստեղ հաւաքւած երիտասարդ սերունդը վկայում է, որ պայքարն ուներ իմաստ, մենք ունենք շարունակութիւն, մենք ունենք զաւակներ, որոնք մեր գործը շարունակելու են»,- ասաց Սարգսեանը:

Արցախեան ազատամարտի մասնակից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների յանձնախմբի պատասխանատու Արտաշէս Մխիթարեանը յիշեցրեց, որ մայիսի 8-ին եւ 9-ին մենք ունեցանք 47 զոհ: Նրա խօսքով՝ մենք պարտաւոր ենք բոլորին յիշել՝ անուն առ անուն: «Իհարկէ, Շուշիի գումարտակի ՀՅԴ վաշտում մէկ զոհ էր՝ Վիգէնը, բայց կային այլ դաշնակցականներ, օրինակ` Արտաշատի ջոկատից Վազգէնը եւ այլք: Պէտք է յիշենք բոլորին, փառք տանք նրանց, ինքներս մեզ պարտաւորւած զգանք` նրանց գործը շարունակելու: Ներկայիս մարտահրաւէրները մեզանից պահանջում են աւելի զգօն ու պատրաստ լինել, ինչի վառ ապացոյցն է ապրիլեան օրերին ՀՅԴ պահեստային առանձին գումարտակի ձեւաւորումը, որում մեծ թիւ են կազմում երիտասարդները: Մեր պարտքն է մեր ունեցած փորձն ու գիտելիքները փոխանցել նրանց, որովհետեւ ժամանակները փոխւում են՝ ճանապարհը երիտասարդներինն է»,- ասաց Մխիթարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։