Հա

Ազգային

12/05/2018

Փորձութիւն իշխանութեամբ

ՀՀ խորհրդարանի կողմից Նիկոլ Փաշինեանին երկրի վարչապետ ընտրելու գործողութեամբ փակւեց Հայաստանում խաղաղ-յեղափոխական իշխանափոխութեան համաժողովրդական-հրապարակային պայքարի էջը եւ սկսւեց յաջորդ՝ պալատական իշխանափոխութեան գործընթացը: Որքան էլ որ երկրորդը պայմանաւորւած է առաջինով ակնյայտ է, որ այս երկուսը միանգամայն տարբեր երեւոյթներ են՝ ենթակայ իրենց իւրայատուկ ազդակների:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

ՀՀ խորհրդարանի կողմից Նիկոլ Փաշինեանին երկրի վարչապետ ընտրելու գործողութեամբ փակւեց Հայաստանում խաղաղ-յեղափոխական իշխանափոխութեան համաժողովրդական-հրապարակային պայքարի էջը եւ սկսւեց յաջորդ՝ պալատական իշխանափոխութեան գործընթացը: Որքան էլ որ երկրորդը պայմանաւորւած է առաջինով ակնյայտ է, որ այս երկուսը միանգամայն տարբեր երեւոյթներ են՝ ենթակայ իրենց իւրայատուկ ազդակների:

Արժանին մատուցելով շարժումը սկզբնաւորող եւ յաղթական աւարտին հասցնող առաջնորդի գործունէութեանը ակնյայտ է, որ ներկայումս նա կանգնած է ոչ պակաս, եթէ չասենք շատ աւելի բարդ լուծելի խնդիրների առաջ:

Չենք ցանկանում կասկածել, որ Ն. Փաշինեանը անկեղծ է երկիրը համընդհանուր եւ համակարգային բարեփոխման ենթարկելու երէկւայ կոչերի՝ այսօրւայ խոստումների հարցում: Հարցն այն է, թէ նա կը կարողանա՞յ արդեօք իրականացնել այն ամէնը ինչի ակնկալիքով էլ, ըստ էութեան, տեղի ունեցաւ համաժողովրդական պոռթկումը:

Գաղտնիք չէ, որ պետական-իշխանական մեքենան միշտ էլ աւելի հզօր է, քան անհատներն ու խմբերը եւ եթէ վերջիններս այդ համակարգը չփոխեն համակարգը կը փոխի իրենց: Ասւածը մարդկութեան հազարամեակների պատմութեամբ փաստւած իրողութիւն է, որի ականատեսը եղել ենք նաեւ մենք, եւ ոչ միայն հայեացք հառելով նախկին կոմունիստական, կամ արաբական, կամ աֆրիկեան ու այլ երկրների օրինակին, այլ ինքներս զգացել ենք մեր մաշկի վրայ:

Որպէսզի երէկւայ բարքերը չշարունակւեն այսօրւայ նորացող Հայաստանում անհրաժեշտ է ոչ միայն համակարգային փոփոխութիւն, այլեւ նախադրեալների ստեղծում հասարակական բարոյահոգեբանական մթնոլորտի վերափոխութեան համար: Այո, նախարարներին կարելի է փոխել, բայց ինչպէս անել, որ վաղը նորից այս կամ այն կուսակցութիւնը չթակի մարդկանց դուռն ու ընտրակաշառք չառաջարկի եւ ինչ անել, որ քաղաքացին մերժի ձեռնտու, սակայն արատաւոր գործարքը: Ինչպէ՞ս անել, որ ոստիկանը, դատաւորն ու դասախօսը մերժեն կաշառքը, իսկ քաղաքացին հասնի այն գիտակցութեանը, որ մտքով անգամ չանցնի ծուռ ճանապարհներ փնտրել իր խնդիրների լուծման համար:

Կրկնւելով հաստատենք, որ անհրաժեշտ է այսօրւանից սկսել իրաւական, արժէքային ու բարոյահոգեբանական համակարգերի փոփոխութեան գործընթացը:

Եւ դարձեալ կրկնւենք ասելով, որ երէկւայ յեղափոխութեան եւ այսօրւայ պետական իշխանութեան առաջնորդի առջեւ ծառացած է առարկայական ու ենթակայական բարդութիւնների ծանր բեռ, որ կարելի է նաեւ բնորոշել որպէս՝ փոձութիւն իշխանութեամբ: 

Այդ փորձութիւնը սկսւելու է գործադիր իշխանութեան ձեւաւորման քայլից, որն իրականացնելիս երկրի նոր ղեկավարը չի կարողանալու հաշւի չառնել գործօնը թիմի եւ շարժման ընկերների, ունեցած քաղաքական կենսագրութեան ընկերների, դեռ գործող իշխանութեան մէջ եղած փորձառութիւն ունեցող կադրերի, այսօրւայ ու վաղւայ գործակիցների եւ այլն:

Ամենաժողովրդավար կամ ոչ ժողովրդավար երկրներում էլ բարդ խնդիր է ղեկավարելը ու առաւել եւս արմատական բարեփոխումների ծրագրեր առաջադրելը, երբ խորհրդարանի եւ տեղական իշխանութեան մեծամասնութիւնը կազմում է իշխանութիւնից ընդդիմութեան դաշտն անցած ուժը: Այս պայմաններում լուրջ հարց է դառնում անգամ նոր եւ առաւել լեգիտիմ վիճակ ստեղծելու նպատակով արտահերթ ընտրութիւնների համար ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնը:

Մասնակցելով հզօր շարժմանը կարելի է ասել, որ Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի ունեցել է իր պատկերացումը վաղւայ փոփոխութիւնների վերաբերեալ եւ անհամբերութեամբ սպասելու է դրանց կենսագործմանը: Զգացմունքային գրգիռները, որոնք ալեկոծում են յեղափոխականացւած զանգւածներին, նրանց քաղաքական առաջնահերթ պահանջն են դարձնում անօրինութիւնների ու թալանի հեղինակների պատիժը: Ի՞նչ է արւելու պահանջի հարցում, որն այսօր գրեթէ բոլորի շուրթերին է:

Իւրաքանչիւր բարի նախաձեռնութեան դիմաց ծառանալու է մարդկային, նիւթական եւ այլ հնարաւորութիւնների խնդիրը: Գտնւելու եւ մատնանշւելո՞ւ է այն ներուժը, որի միջոցով հնարաւոր է դառնալու այս կամ այն փոփոխութեան, նախաձեռնւող գործի իրականացումը:

Ներկայումս, երբ դեռ տաք է յեղափոխական տրամադրութիւնը եւ ընտրւած վարչապետը նոր-նոր պէտք է վարժւի իր գործառոյթներին գուցէ թւայ թէ վաղ է այս բաների մասին խօսելը: Իրականում շատ խնդիրներ արդէն իսկ ներկայանալու են առանց դուռը թակելու եւ պահանջելու են անհետաձգելի լուծումներ: Նոր էջը բացւած է եւ խանդավառութեանը փոխարինելու պէտք է գայ գործնական մտահոգութիւնը, օրակարգում երկրի ապագայի հարցն է:

«Դրօշակ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։