Հա

Ազգային

16/05/2018

Հայ ժողովուրդը որեւէ մեկի հանդէպ ատելութեան պատճառ չունի

«Իրատես»-ի հիւրը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր, պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան հարցերի յանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Յովհաննիսեանն է:

«Իրատես»-ի հիւրը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր, պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան հարցերի յանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Յովհաննիսեանն է:

 

- Պարոն Յովհաննիսեան, փաստօրէն, այսօր արցախցիների եւ ողջ հայութեան համար ամենացաւոտ՝ անվտանգութեան, պաշտպանութեան ոլորտի հարցերով էք զբաղւում Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովում: Մեր ժողովուրդը հոգեբանօրէն եւ գործնականում որքանո՞վ է պաշտպանւած զգում իրեն՝ ըստ Ձեզ:

- Այդ հարցի պատասխանը մենք տւել ենք թէ՛ 1991-94 թւականներին, թէ՛ 2016-ի ապրիլի 2-5-ին: Մեր երկու սերունդներն էլ ապացուցեցին, որ իրենք թէ՛ կամքով, թէ՛ հոգեկերտւածքով, թէ՛ ոգու արիութեամբ կարողացել են կերտել եւ պահպանել մեր երկու պետականութիւնները: 2016 թւականի ռազմական գործողութիւնների ժամանակ դասալքութեան որեւէ դէպք չի եղել, 18-20 տարեկան տղաները կարողացան պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Սա ինքնին պատասխան էր մեզ բոլորիս, որ մտածում էինք, թէ մեր այսօրւայ երիտասարդները չեն կարողանալու հայրենիք պահել, եթէ լինի դրա անհրաժեշտութիւնը: Բոլոր հոռետեսների կասկածները փարատւեցին, եւ փառք Աստծոյ, որ անկախութեան սերունդը շատ աւելի պատւախնդիր է, շատ աւելի պատրաստակամ է իր հայրենիքը պաշտպանելու հարցում:

 

- Ապրիլեան քառօրեայի թարմ ցաւն ու հպարտութիւնը մենք կրում ենք, բայց եւ չենք մոռանում մեր ունեցած տարածքային կորուստը: Ի՞նչ է սա նշանակում արցախցու համար:

- Իհարկէ, ցաւալի է, երբ մեր հայրենիքի մէկ սանտիմետրն ենք անգամ կորցնում, քանի որ մեր ժողովուրդը դարեր շարունակ կորուստներ է ունեցել: Ես համոզւած եմ, որ ոչ միայն մեր այն տարածքը, որ կորցրել ենք ապրիլեան քառօրեայում, այլեւ բոլոր միւսները, որ մերն են եւ գտնւում են հիմա թշնամու ձեռքում, անպայման հետ ենք բերելու: Եթէ մենք էլ դա չտեսնենք, մեր զաւակներն անպայման կը տեսնեն:

 

- Դուք տագնապո՞վ, զգուշաւորութեա՞մբ, թէ՞ հումորով էք վերաբերւում Ալիեւի այն յայտարարութիւններին, թէ ինքը պիտի գրաւի Երեւանը, Սեւանում պիտի զւարճանայ եւ այլն, եւ այլն:

- Դա հնչում է ոչ թէ սովորական բաքւեցու կամ սումգայիթցու բերանից, այլ այդ երկրի իշխանութեան առաջին դէմքի: Աւելին՝ նրա դուստրն էլ շարունակում է հոր միտքն ու յայտարարում, թէ իրենց դրօշը պէտք է անպայման ծածանեն Երեւանում: Թեթեւամտօրէն վերաբերւել այս յայտարարութիւններին չի կարելի: Ադրբեջանը ցանկանում է մեր ժողովրդի ոչնչացումը, միանշանակ: 1991 թւականից ի վեր Ադրբեջանի բոլոր ղեկավարները նոյն յայտարարութիւններն են արել. մէկը Սեւանում էր ոտքերը լւանում, միւսը Ստեփանակերտում էր թէյ խմում… Որքան էլ այս ամէնն անհեթեթ թւայ, ասելով-ասելով՝ այն դառնում է քաղաքականութիւն: Եւ մենք ամէն ինչի էլ պէտք է պատրաստ լինենք: Այո, մեր թշնամին անկանխատեսելի է, այո, Ադրբեջանում տիրում են բռնապետական կարգեր, եւ մենք պիտի մտածենք, որ այդ երկիրն ամէն րոպէ կարող է ռազմական գործողութիւններ սկսել ոչ միայն Արցախի Հանրապետութեան, այլեւ Հայաստանի Հանրապետութեան սահմանին: Մենք ամբողջ ճակատով պէտք է զգօն եւ պատրաստ լինենք մեր ոխերիմ թշնամուն հակահարւած տալու համար:

 

- Դիրքում կանգնած զինւորը, առհասարակ զինւորական համազգեստ կրող իւրաքանչիւր ոք գիտէ, թէ ինչ պիտի անի թշնամու զինւած յարձակման դէպքում: Իսկ որքանո՞վ է ինքնապաշտպանութեան պատրաստ խաղաղ բնակչութիւնը Արցախում, այս ուղղութեամբ աշխատանքներ տարւու՞մ են:

- Իհարկէ, տարւում են աշխատանքներ: Շարունակական բնոյթ է կրում ռազմական վարժանքների անցկացումը, պահեստազօրը տիրապետում է նոր տեխնիկային: 1991-94 թթ. տեխնիկան, կապի միջոցները, զէնքի տեսակները այլ են եղել, եւ հիմա պահեստազօրին հարկաւոր է պատրաստել այդ նորութիւններին՝ վարժանքների, նոր զինատեսակներին տիրապետելու կարողութիւնները իւրացնելու իմաստով: Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը պարբերաբար կազմակերպում է այդպիսի ծրագրեր: Ռազմական գործողութիւնների դէպքում պահեստազօրը նոյնպէս պիտի պատրաստ լինի համապատասխան գործողութիւնների: Ասեմ նաեւ, որ 2016-ին մենք կատարել ենք որոշակի օրէնսդրական փոփոխութիւններ, որպէսզի այդ դաշտը կարգաւորւի նաեւ օրէնսդրօրէն: Միեւնոյն ժամանակ որոշակի աշխատանքներ են կատարւում նաեւ շինարարութեան ոլորտում. նոր կառուցւող շէնքերում ռազմապաստարաններին յատկացւող տարածքներ են առանձնացւած: Այսինքն՝ պաշտպանութիւնը բազմաճիւղ երեւոյթ է, որում ընդգրկւած են թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքաշինական, թէ՛ առողջապահական, թէ՛ արտակարգ իրավիճակների, թէ՛ այլ ոլորտներ: Այս բազմաֆունկցիոնալութիւնը մենք պէտք է կարողանանք ապահովել, եւ այս իմաստով, իրօք, շատ լուրջ քայլեր են կատարւել, կատարւում են ու ապագայում էլ կը կատարւեն:

 

- Ուզենք թէ չուզենք, մենք դատապարտւած ենք ապրելու այսպիսի հարեւանութեամբ: Դուք ապագայի որեւէ շրջափուլում պատկերացնու՞մ էք, որ մենք կը կարողանանք խաղաղ գոյակցել այս պետութեան ու նրա ժողովրդի հետ, ինչպէս որ այսօր դա կարողանում են անել եւրոպական, յատկապէս արեւելաեւրոպական շատ երկրներ, որոնք նախկինում ունեցել են բաւական լուրջ տարաձայնութիւններ ու վիճայարոյց խնդիրներ միմեանց հետ: Չէ՞ որ մենք չենք կարող անվերջ հակամարտել, սպառնալիքներ լսել ու սպառնալ՝ ի պատասխան, ոչ էլ իրատեսական է այն տարբերակը, թէ կողմերից որեւէ մէկը պիտի իսպառ բնաջնջի ու Երկիր մոլորակի վրայից վերացնի միւսի տեսակը: Ո՞րն է այս իրավիճակի հանգուցալուծումը:

- Որպէս մասնագիտութեամբ ազգագրագէտ՝ ես որեւէ ժողովրդի նկատմամբ ատելութեամբ, այլատեացութեամբ չեմ տառապում:

 

- Դա առհասարակ հայ ժողովրդին բնորոշ յատկանիշ է, ոչ միայն ազգագրագէտներին: Բարեբախտաբար, մեր ազգը չի տառապում այդ ախտով:

- Այո, բարեբախտաբար: Բայց տեսէք, թէ ինչ է կատարւում մեր հարեւան երկրում: Ադրբեջանում, սկսած մանկապարտէզից, երեխաներին ներարկւում է հայատեացութիւն:

 

- Այո, դա իրենց համար դարձել է ազգային գաղափարախօսութեան հենասիւն:

- Ադրբեջանում հայատեացութեան դրսեւորումները հասել են պարզապէս զաւեշտալի աստիճանի: Պետական պատւիրակութիւնների կազմում Բաքու ժամանող հայազգի անձինք, լինեն նրանք Ամերիկայի քաղաքացի, Իսպանիայի քաղաքացի, Իրանի քաղաքացի, թէ մէկ այլ երկրի քաղաքացի, արդէն իսկ արժանանում են թշնամական վերաբերմունքի: Այսպիսի հարեւանի կողքին ապրելը, անշուշտ, ստիպում է մեզ մշտապէս աչալուրջ լինել: Եւ եթէ անկեղծ ասեմ, մօտ ապագայում ես չեմ տեսնում, որ մենք կը կարողանանք այդ երկրի հետ նորմալ յարաբերութիւններ ունենալ:

 

- Դէ՜, ես նոյնպես չեմ տեսնում, եւ որեւէ մէկը չի կարող նման բան ակնկալել մօտ ապագայում: Հարցս վերաբերում էր ոչ մօտ ապագային:

- Հայ ժողովուրդը որեւէ խնդիր չունի: Հայ ժողովուրդն իր հայրենիքում է ապրում եւ որեւէ մէկի հանդէպ ատելութեան որեւէ պատճառ չունի:

 

- Հայ ժողովուրդն ունի արկածախնդրութեան զոհ դառնալու խնդիրը, համաձայն չէ՞ք:

- Հայ ժողովուրդը, ես համոզւած եմ, գիտի իր անելիքը. երբ թշնամիդ անընդհատ քեզ ոչնչացնելու քաղաքականութիւն է իրականացնում, այդ թշնամու հետ դու պիտի խօսես միայն զէնքի ուժով: Դժբախտաբար, մեր հակառակորդը, զէնքի ուժից բացի, ուրիշ լեզու չի հասկանում: Բանակցութիւնների սեղանի շուրջը նստելն այդ կողմի հետ անիմաստ է: Տեսէք, թէ քանի տարի են այդ բանակցութիւններն ընթանում: Երբ սկսւում են բանակցութիւնները, անպայման սահմանին լարւածութիւն է լինում: Այսպիսի անկանխատեսելի հակառակորդ ունենալը լաւ հեռանկարի մասին խօսելու հնարաւորութիւն չի տալիս: Դուք օրինակ բերեցիք Արեւելեան Եւրոպայի երկրները, բայց այնտեղ բոլորովին ուրիշ վիճակ է: Մեր հարեւանը ո՛չ Լեհաստանն է, ո՛չ Չեխիան է, ո՛չ Բուլղարիան է, ո՛չ Սլովակիան է, նոյնիսկ Սերբիայի ու Խորւաթիայի դէպքը չէ մերը: Եթէ նախկինում Բալկաններում խոր ատելութեամբ էին լցւած միմեանց հանդէպ, այսօր այդ կողմերի միջեւ կան որոշակի յարաբերութուններ, մարդիկ ունեն ազատ տեղաշարժւելու հնարաւորութիւն, ֆուտբոլային թիմերն են իրար հետ խաղեր անցկացնում: Նոյն Ֆրանսիան եւ Գերմանիան են ունեցել իրար հետ խնդիրներ, եւ այսօր նորմալ յարաբերութիւնների մէջ են: Այնպէս որ, Եւրոպայի օրինակները մեզ համար չեն, դրանք մեզ անհարիր են: Մենք ունենք լրիւ ուրիշ հակառակորդ, այլ մշակութային եւ քաղաքակրթական չափանիշներ կրող հակառակորդ, որը դեռեւս հայի նկատմամբ միջնադարեան մտածելակերպի ճիրաններում է, եւ Ադրբեջանի իշխանութիւնը նպաստում է, որ իր երկրի քաղաքացիներն այդպիսի ճիրաններում յայտնւեն: Այդ մոլեռանդ ատելութիւնը, որ կայ հարեւան երկրում մեր նկատմամբ, մեզ ստիպում է այդ երկրի հետ խօսել միայն ու միայն ուժի դիրքերից, միայն ու միայն զէնքի ուժով: Համենայն դէպս, մօտ ապագայում մեր հակառակորդի հետ խօսելու որեւէ ուրիշ լեզու ես չեմ տեսնում:

Զրոյցը վարեց
Կարինէ Ռաֆայէլեանը
«irates.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։