Հա

Ազգային

12/06/2018 - 14:50

««Ով մեզ հետ չէ, մեր դէմ է» սկզբունքը յիշեցնում է ստալինեան ժամանակաշրջանը». Ռուստամեանը` ՀՀ կառավարութեան նիստում միջադէպի մասին

Բոլորս պէտք է յարգանքով մօտենանք միմեանց տեսակէտներին, մանաւանդ` երբ տեսակէտ է յայտնում ոչ միայն պարզապէս նախարար Արծւիկ Մինասեանը, այլ նա պաշտպանում է ՀՅԴ-ի մօտեցումը, որը վաղուց ի վեր յայտնի է եղել. խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը` անդրադառնալով երէկ՝ յունիսի 11-ին ՀՀ կառավարութեան նիստում տեղի ունեցած միջադէպին: 

«alikonline.ir» - Բոլորս պէտք է յարգանքով մօտենանք միմեանց տեսակէտներին, մանաւանդ` երբ տեսակէտ է յայտնում ոչ միայն պարզապէս նախարար Արծւիկ Մինասեանը, այլ նա պաշտպանում է ՀՅԴ-ի մօտեցումը, որը վաղուց ի վեր յայտնի է եղել. խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը` անդրադառնալով երէկ՝ յունիսի 11-ին ՀՀ կառավարութեան նիստում տեղի ունեցած միջադէպին: Գրում է «yerkir.am»-ը:

Յիշեցնենք, որ երէկ ՀՀ կառավարութիւնը ուժի մէջ թողեց կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

Ռուստամեանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընկերվարական կուսակցութիւն է եւ առնւազն երեք պատճառով մերժում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

«Մենք կողմ ենք սերունդների համերաշխութեան սզկբունքին: Բացի այդ` սեփականութեան իրաւունք գոյութիւն ունի, եւ սեփականութեան տնօրինողը սեփականատէրն է: Պարտադրանքով ստիպել, որ իր եկամուտների մի մասն այս կամ այն կողմ ուղղի, նոյնպէս հակասում է մեր սկզբունքներին: Երրորդ պատճառն այն է, որ մենք չենք տեսնում, որ ժողովրդի սոցիալական վիճակն այն աստիճան է բաւարարւած, որ կան յաւելեալ եկամուտներ, միջոցներ, որ անձը կարող է տրամադրել` թէկուզ ապագայում որոշակի ակնկալիքների համար: Մենք այսօրւայ սոցիալական նւազագոյն խնդիրները չենք լուծել: Աղքատութեան շեմն այսքան բարձր է, թէպէտ իրականում երկու անգամ աւելի շատ է, քան պաշտօնական թիւը, բայց այդ պարագայում էլ ունենք հսկայական աղքատութիւն: Չյաղթահարելով սոցիալական խնդիրները` մարդուն ասել` այսօրւայ հարցերդ թող, ապագայիդ մասին մտածի, սկզբունքորեն մեզ համար անընդունելի է: Ուստի մենք այս դիրքորոշումը պաշտպանել, պաշտպանում եւ կը պաշտպանենք, որովհետեւ սա մեր հիմնարար գաղափարն է»,- շեշտեց Ռուստամեանը:

Նրա խօսքով` ՀՀ կառավարութիւնը պէտք է քննարկումներ անի, եւ ամէն մէկն իր տեսակէտները կարող է հնչեցնել, բայց կառավարութիւնը նաեւ քաղաքական եւ կոլեգիալ մարմին է: «Կառավարութիւնը միանձնեայ որոշումներով չէ, որ անպայման պէտք է առաջ գնայ, վատ չի ձգտել համախոհութեան, բայց եթէ կան տարակարծութիւններ գլխաւոր սկզբունքային հարցերի շուրջ, ոչ ոք չի կարող որեւէ մէկին ստիպել, որ նա քւէարկի, որովհետեւ մեծամասնութիւնն այդպէս է ուզում: Այդ մեթոդները մեզ հին ու «բարի» ժամանակներն են յիշեցնում, որը մեզ համար բացարձակապէս անընդունելի են: Մենք երբեք կողմ չենք եղել պարտադրանքով համահաւասարեցմանը եւ միաձայնացմանը: Դաշնակցութիւնն, իր սկզբունքներին հաւատարիմ լինելով, այդ միաձայնութեան մէջ չկայ»,- ընդգծեց ՀՅԴ-ական պատգամաւորը:

Դիտարկմանը` ՀՀ վարչապետը հասկացրեց` եթէ մեզ հետ չէք, դէմ էք, Ռուստամեանն արձագանգեց. «Ես այդ գաղափարախօսութիւնը կտրականապէս մերժում եմ. «ով մեզ հետ չէ, մեր դէմ է» սա էլ յիշեցնում է ստալինեան ժամանակաշրջանը: Ի՞նչ է նշանակում` ով մեզ հետ չէ, մեր դէմ է: Մենք մեր սկզբունքների եւ մօտեցումների պաշտպանն ենք, եւ մենք, եթէ որեւէ դաշինքի, կոալիցիայի կամ որեւէ համագործակցութեան մէջ մտնում ենք, մեր սկզբունքներից չենք հրաժարւում»:

Ինչ վերաբերում է Մինասեանի կողմ քւէարկելուն, նա ասաց, որ ընդունում են` այն, ինչ կատարւել է քայլ առաջ է եղածի համեմատ: «Այո, քայլ առաջ է, բայց պարտադիր բաղադրիչը չի վերանում` 2.5 տոկոս կը լինի, 5, թէ 10 տոկոս: Պէտք է պարտադիր բաղադրիչը վերանայ: Եթէ մենք շեշտը դնում ենք այն բանի վրայ, որ  արդէն ունենք վստահութիւն վայելող կառավարութիւն ու իշխանութիւն, ուրեմն ընդհանրապէս պարտադրանքի խնդիր չկայ: Եթե մարդիկ վստահում են, ուրեմն կամաւոր կը գնան եւ այդ վճարները կը կատարեն ֆոնդերին»,- նշեց Ռուստամեանը:

Նա ընդգծեց, որ  ստեղծւած իրավիճակը բարեփոխելու եւ դէպի կամաւորութիւնը գնալու խնդիր կայ, եթէ նման ծրագրւած քայլ կատարւի, ապա իրենք դէմ չեն լինի միջանկեալ քայլ կատարելուն:

«Բայց չի երեւում` վերջապէս հասնելո՞ւ ենք կամաւորութեան, թէ՞ ոչ: Աւելին` եկամտահարկի հետ կապւած փոփոխութիւններ կատարելուց յետոյ, նորից վերադառնալու ենք հին վիճակին: Ըստ էութեան` հարցի լուծումը սկզբունքային առումով չի կատարւում` պարտադիրից հրաժարւո՞ւմ ենք, թէ՞ ոչ: Մենք դրա համար Սահմանադրական դատարան ենք գնացել ու մեր մօտեցումները չենք կարող ու չենք պատրաստւում փոխել կոնիւնկտուրայից կամ քաղաքական իրավիճակի փոփոխութիւնից ելնելով»,- նշեց Ռուստամեանը:

Ինչ վերաբերում է Փաշինեանի այն մեղադրանքին, որ ՀՅԴ-ն պառակտութիւն է մտցնում կառավարութեան մէջ, Ռուստամեանն ասաց, որ այդպէս հարցը սրելը ճիշտ չէ: «Այդ պարագայում պէտք է ընդհանրապէս վերացւի կառավարութիւնում քւէարկութիւնը, ինչի՞ ենք քւէարկութիւն կատարում, անիմաստ է, եթէ պէտք է բոլորս միասին լինենք, որ ցոյց տանք` պառակտում չենք մտցնում: Ուրեմն հանենք այդ քւէարկութիւնը, բայց դա իմաստ ունի, չէ՞: Սահմանադրութիւնն էլ փոխւել է` այդ տրամաբանութիւնը ֆիքսելով` կայ կառավարութիւն, եւ կառավարութեան մէջ ամէն մէկն այդ ոլորտում պատասխանատու է, իսկ վարչապետն էլ կառավարում ու համադրում է, այլ ոչ թէ փոխարինում կառավարութիւնը»,- ասաց նա:

Ռուստամեանը յաւելեց. «Սուպերվարչապետութիւնից էինք խօսում, հիմա էլ խնդիր կայ: Հարցերի հարցը պէտք է լինի այն, որ վարչապետի լիազօրութիւնները պակասեցնելու յստակ քայլեր կատարւեն, ինչի մասին մենք խօսել ենք»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։