Հա

Ազգային

13/06/2018 - 13:10

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:

Միեւնոյն ժամանակ նա ասաց, որ որեւէ գործընթաց, երբ հասնի իր տրամաբանական եզրահանգմանը, այսինքն՝ փոխւի «Ընտրական օրէնսգիրքը» եւ այլն, նոր կարելի է խօսել ընտրութիւնների մասին:

«Միայն այդ գործընթացի եզրափակումը ցոյց կը տայ, թէ ընտրութիւնները երբ կը լինեն, ինչ ֆորմատով կը լինեն։ Այսօր չեմ կարող օր ու ժամ ասել, եթէ կայ մի քաղաքական գործիչ, որն այս պահին կարող է ասել, թէ կոնկրետ երբ կը լինեն ընտրութիւնները, ապա կառաջարկեմ նոր Նոստրադամուսի կոչում տալ նրան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցութեան՝ խորհրդարանում փոքրամասնութիւն դառնալուն, ապա Սէյրանեան ասաց, թէ ինքը չի կարող ասել, որ որեւէ այլ քաղաքական ուժի կամ խմբակցութեան մէջ տեղի ունեցող գործընթացներն ինչ միտում ու նպատակ ունեն։

Սպարտակ Սէյրանեանի խօսքով՝ ՀՅԴ-ն հակւած է «Ընտրական օրէնսգրքի» փոփոխութիւնների ամբողջական փաստաթուղթը քննարկել եւ գալ այն կոնսենսուսին, որը ցանկացած ընտրութիւնից յետոյ քաղաքական ուժերի ու ամենակարեւորը՝ հասարակութեան մէջ կը վերացնի ընտրութիւնների նկատմամբ անվստահութիւնը:

Նա հաւաստիացրեց՝ ժամկէտները, թէ այս գործընթացը վերջանական տեսքի երբ կը գայ, իրենց համար շատ էական նշանակութիւն չունի:

Սպարտակ Սէյրանեանը յաւելեց, թէ անկախ խորհրդարանական ընտրութիւնների կայացման ժամկէտներից, ՀՅԴ-ն ընտրութիւնների գնալու է միայնակ, ինչպէս եղել նախկին բոլոր ընտրութիւններում: Նա չհերքեց, որ խորհրդարանական ընտրութիւններին միայնակ մասնակցելը ոչ բոլորի մօտ ընդունւած քաղաքական դիրքորոշում է, բայց, իր գնահատմամբ, դա քաղաքական քննութիւն է կուսակցութեան համար:

«Կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժ, գոնէ խորհրդարանական ընտրութիւններին, պէտք է գնայ միայնակ, գուցէ իմ մօտեցումն այնքան էլ ընդունւած քաղաքական մօտեցում չէ, բայց խորհրդարանական ընտրութիւնները լաւագոյն քննութիւնն են տւեալ քաղաքական ուժի համար, թէ ինքն ինչ վարկանիշ ունի քաղաքական դաշտում ու հասարակութեան մէջ: Առաջիկայ ընտրութիւնները չգիտեմ, թէ երբ կը լինեն, բայց ՀՅԴ-ն ընտրութիւնների կը գնայ միայնակ եւ կը ստանայ այնքան քւէ, որքան իր աշխատանքով ու քաղաքական գործունէութեամբ վաստակած կը լինի»,- ընդգծեց Սպարտակ Սէյրանեանը:

ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորը, պատասխանելով հարցին, թէ ՀՅԴ-ն 2017 թ. կայացած խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ հաւաքած 7% ձայներից կորուստ չի՞ ունեցել, հաշւի առնելով, որ կոալիցիայի մէջ է եղել մի կուսակցութեան հետ, որի իշխանութիւնից հեռացնելը դարձաւ համաժողովրդական շարժման հիմք, յիշեցրեց, որ Դաշնակցութիւնը խորհրդարանական ընտրութիւններին մասնակցել է 1999 թւականից եւ բոլոր ընտրութիւններից յետոյ եղել է խորհրդարանում:

«Մինչ այդ եղած խորհրդարանական ընտրութիւններին Դաշնակցութիւնը չի մասնակցել, որովհետեւ արգելւած, փակւած կուսակցութիւն էր: Այդ խորհրդարանական ընտրութիւններից մինչեւ հիմա տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրութիւններին մասնակցել է միայնակ՝ որպէս առանձին քաղաքական ուժ: Դաշնակցութիւնն այն բացառիկ քաղաքական ուժն է, որ այդ բոլոր խորհրդարաններում ունեցել է խմբակցութիւն»,- եզրափակեց Սպարտակ Սէյրանեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։