Հա

Ազգային

19/06/2018

«Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք

Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ ակնյայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կը հասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականութիւն դառնալու ճանապարհին բախւեց անսպասելի արձագանգի:

Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ ակնյայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կը հասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականութիւն դառնալու ճանապարհին բախւեց անսպասելի արձագանգի:

Արցախում քաղաքական պահանջների դրսեւորումները սկսեցին պարզ կենցաղային վէճի եւ ծեծկռտուքի հետեւանքով: Սակայն մեր քաղաքական համակարգը չկարողացաւ դիմակայել դրան, եւ արագ լուծումներ գտնել ժողովրդի դժգոհութիւնը պետական մակարդակով քննարկելու, լուծումներ առաջարկելու եւ գործնական արդիւնքների հասնելու ուղղութեամբ: Գործնականում ստեղծւեց մի իրավիճակ, երբ ականատես եղանք, որ պետական համապատասխան մարմինները չեն կրում պատասխանատւութեան իրենց չափաբաժինը երկրի կառավարման գործում:

Ականատեսը եղանք, թէ ինչպէս Արցախի Ազգային ժողովում պատգամաւորները խոստովանեցին, որ չեն զբաղւում իրենց առաքելութեամբ, եւ մինչեւ իսկ խոստովանեցին, որ այսքան տարիներ անգործութեան է մատնւել Ազգային ժողովը: Մի ներկայացուցչական ժողով, որը պէտք է դառնայ երկրում գոյութիւն ունեցող մտահոգութիւնների եւ խնդիրների քննարկման ու լուծումների առաջադրման հարթակ:

Իսկ այս բոլոր երեւոյթները գալիս են ապացուցելու, որ տարիներ շարունակ դաշնակցութեան կողմից հնչեցաւած պետական համակարգում տիրող մտահոգութիւնները առարկայական են: Հարցը վերաբերւում է քաղաքական պատասխանատւութեանն ու կուսակցութիւնների դերի բարձրացմանը:

Դեռեւս 2 տարի առաջ առիթ ունէինք ինչ-որ ձեւով նախադրեալներ ստեղծել Արցախում քաղաքական պատասխանատւութեան գերկենտրոնացւած համակարգի տրոհման համար: Բայց, գործնականում ընդունւեց մի Սահմանադրութիւն, որտեղ աւելի կենտրոնացաւ պատասխանատւութեան հարցը:

Կուսակցութիւնները պէտք է լինեն հասարակութեան մէջ նոյն գաղափարը կրող անհատների համախմբման միաւորումներ, որտեղ պէտք է հասարակութեան մէջ գոյութիւն ունեցող մտահոգութիւններն ու խնդիրները ձեւակերպւեն եւ դրանց ուղղութեամբ լուծումներ առաջադրւեն: Իսկ այդ լուծումների իրականացման համար պէտք է պատասխանատւութիւն կրեն հէնց կուսակցութիւնները, որոնք որպէս իշխանութիւն կամ ընդիմութիւն ներգրաւած են պետական համակարգում: Այսպիսով՝ կուսակցութիւնները դառնում են պետութիւն-հասարակութիւն կապող օղակներ:

Այս գործելաոճը խեղաթիւրւելու կամ ոչ լիարժէք կիրառւելու դէպքում՝ վաղ թէ ուշ քաղաքական համակարգը դէմ հանդիման է կանգնում անգործունակութեան:Իսկ այդ անգործութիւնը վերջին հաշւով վնասում է թէ՛ պետութեանը ու թէ՛ երկրի հեղինակութեանը: Իսկ նման դէպքերում հասարակութիւնը գտնում է ելքեր: Համակարգեր են ստեղծւում պետական համակարգից անկախ, որոնք հաւակնում են դառնալ հասարակութեան խօսնակը, խնդիրներ լուծողը եւ «փրկիչը»: Իսկ այդ ոչ պետական համակարգերից պատեհապաշտները ու այլ նպատակներ որոնող անհատները բոլոր թոյլատրելի եւ անթոյլատրելի միջոցներով փորձում են օգուտներ քաղել:

Ստեղծւած կացութիւնը պէտք է սթափեցնի բոլորին: Պետական համակարգը չի կարող այս կամ այն հոսանքի ու խմբաւորման կամայականութեամբ սասանւել: Իսկ այդ սասանումը կարելի է կասեցնել, երբ իւրաքանչիւր մարմին, իւրաքանչիւր քաղաքական միաւոր եւ, ի վերջոյ, իւրաքանչիւր անձ պետութեան հանդէպ զգայ իր պատասխանատւութիւնն ու յանձնառութիւնը:

«Ապառաժ»-ի խմբագրական,
19 յունիս, 2018 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։