Հա

Ազգային

27/06/2018 - 16:00

Գասպար Կարապետեան. «Եւրոպական խորհրդարանը յաջորդ ամիս կը վաւերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»

Հայաստանի նկատմամբ վստահութիւնը Եւրոպական միութեան կողմից հասել է նոր մակարդակի: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:

«alikonline.ir» - Հայաստանի նկատմամբ վստահութիւնը Եւրոպական միութեան կողմից հասել է նոր մակարդակի: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:

 

- Պարոն Կարապետեան, Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխութիւնները որքանո՞վ են ընկալելի եւրոպական եւ առհասարակ՝ միջազգային հանրութեան կողմից: Ի՞նչ տրամադրութիւններ կան քաղաքական, հասարակական հատւածում:

- Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձութիւնները, զարգացումները ժողովրդական արժէքների առաջընթաց էին։ Եւրոպան եւ առհասարակ միջազգային հանրութեան արձագանգները, անշուշտ դրական էին եւ ողջունելի։ Եւրոպան բազմիցս այս ընթացքում հանդիպումների, դռնփակ քննարկումների ընթացքում անդրադարձել է Հայաստանում զարգացող իրադարձութիւններին, տւել դրական գնահատական, փաստել, որ Հայաստանում յարգւում են ժողովրդավարական, մարդու իրաւունքների արժէքները եւ ձեւաւորւում աւելի կայացած քաղաքացիական հասարակութիւն։ Այս փաստը ողջունելի է, քանի որ ՀՀ-ԵՄ ստորագրած համապարփակ եւ ընդլայնւած համագործակցութեան համաձայնագրի գործադրման համար Հայաստանի նկատմամբ վստահութիւնը Եւրոպական միութեան կողմից հասել է նոր մակարդակի եւ համաձայնագիրն առաջիկայ մէկ ամսւայ ընթացքում պէտք է վաւերացւի Եւրոպական խորհրդարանի կողմից: Բացի այդ, Եւրոպական յանձնաժողովը վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերութեան առաջին խորհրդի առթիւ եւ աւելի վաղ Եւրոպական պառլամենտի արտաքին յարաբերութիւնների յանձնախումբը հանդէս են եկել բաւականին դրական յայտարարութեամբ Հայաստանում ձեւաւորւած նոր իրադրութեան մասին։

 

- Պարոն Կարապետեան, վերջին շրջանում Արցախի իշխանութիւնները բարձրաձայնում են, որ առաջնագծում ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժեր կան: Մտավախութիւն կայ իրավիճակի սրման տեսանկիւնից: Ըստ ձեզ` ինչո՞վ է պայմանաւորւած այս փուլում Ադրբեջանի ակտիւացումը:

- Այո, վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիւացումների վերաբերեալ յայտարարութիւնները բաւական շատ են, սակայն դա չի նշանակում, որ  զինտեխնիկայի կուտակումներ չեն եղել նախորդ ամիսների ընթացքում եւս, որը մեծ զգօնութիւն է պահանջում։ Ադրբեջանի ակտիւացումն այսօր յաճախ կապւում է Հայաստանում վերջին երկու ամիսների իրադարձութիւններով: Ադրբեջանն այդ օրերին հաւանաբար ցանկութիւն ունէր տեսնելու հայ ժողովրդի միասնականութեան կորուստ, որը հիմնականում զբաղւած լինելով ներքին խնդիրներով՝ կը մոռանար արտաքին վտանգի մասին: Հայ ժողովուրդը, սակայն, եւ մասնաւորապէս Հայոց բանակն ապացուցեցին հակառակը՝ զգալով պահի լրջութիւնը, երբեք չզիջեցին իրենց դիրքերը: Ադրբեջանը պէտք է հասկանայ, որ այդպիսի իրադրութեան պայմաններում, երբ Հայաստանը եւս մէկ քայլ արեց դէպի ժողովրդավարութիւն, հայոց բանակն աւելի պատրաստակամ է իր առաքելութեան մէջ:

 

- Արդեօ՞ք Հայ Դատի գրասենեակն Ադրբեջանի ակտիւացման վերաբերեալ հարցերը բարձրացրել է եւրոպական տարբեր շրջանակներում:

- Որպէս ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ, մենք ոչ միայն Ադրբեջանի ակտիւութեան մասին բարձրաձայնում ենք տարբեր առիթներով, այլ նաեւ բաւականին մեծ եւ կարեւոր տեղեկատւութիւն ենք փոխանցում ե՛ւ հակամարտութեան շփման գծում կատարւող խախտումների, ե՛ւ Ադրբեջանում մարդու իրաւունքների ոտնահարումների վերաբերեալ:

 

- Միջազգային հանրութիւնը, միջնորդները, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկեն իրավիճակի սրացումը կասեցնելու համար:

- Միջազգային հանրութիւնը, ինչպէս Ապրիլեան պատերազմի ժամանակ, բաւական տեղեկացւած է իրավիճակից, Ադրբեջանի մտադրութիւններից, քանի որ Ադրբեջանը հէնց ինքն է իր գործողութիւնները յայտնի դարձնում արտաքին դաշտին։ Եւրոպական շրջանակները, անշուշտ, աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներին, որոնք արտայայտւում են նաեւ ԵՄ-Հայաստան կնքւած համաձայնագրում: Միջնորդ կողմը պէտք է միջոցներ ձեռնարկի սահմանին տիրող իրավիճակը հետաքննող մեխանիզմներ կիրառելու համար։

Այսօր Հայաստանում ձեւաւորւած նոր իշխանութիւնները հանդէս են գալիս Արցախին բանակցային դաշտ բերելու յայտարարութիւններով, որը ողջունելի է ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների կողմից՝ համարւելով գլխաւոր նախապայմաններից մէկը Արցախեան հարցի խաղաղ հանգուցալուծման համար։ Այս ամէնով պայմանաւորւած՝ վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայաստանեան այցելութիւնները կարող են հիմք դնել բանակցութիւնների նոր որակի։ Բացի դա, Եւրոպական միութիւնը պէտք է պաշտօնական մակարդակով քայլեր ձեռնարկի իր ներկայացուցիչներին Արցախ գործուղելու եւ «առաջին ձեռքից» տեղեկութիւն ստանալու համար։

 

- Հայ Դատի գրասենեակն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի: Արդեօ՞ք եւրոպացի պատգամաւորների այցելութիւն Արցախ առաջիկայում սպասւում է:

- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի առաջիկայ ծրագրային առաջնահերթութիւններից է եւրոպական քաղաքական շրջանակների մօտ շարունակել Արցախեան հիմնախնդրի բարձրաձայնումը եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի սկզբունքի պաշտպանութիւնը: Գրասենեակն իր ամենօրեայ աշխատանքներով նպաստում է նաեւ Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների խորացմանը եւ զարգացմանը, ինչպէս այս օրերին Բրիւսէլում ընթացող Եւրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի (Euronest parliamentary assembly) շրջանակներում օժանդակութիւն է ցուցաբերում հայաստանեան պատւիրակութեանը:

Մենք առաջիկայ ամիսներին շարունակելու ենք կազմակերպել եւրոպական երկրների խորհրդարանների եւ Եւրոխորհրդարանի պատգամաւորների այցելութիւններ Արցախ, այդպիսով ձախողելով Ադրբեջանի՝ Արցախը մեկուսացման մէջ պահելու քաղաքականութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։